Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես փախչեմ քննությունից, կստացվի, որ փախչում եմ ինքս ինձնից». Ավետիք Չալաբյան

Մայիս 30,2022 21:41

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր հասարակական, քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը:

Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից: Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով:

Ավետիք Չալաբյանի կալանավորման դատական ակտը, ըստ պաշտպանների, ոչ իրավաչափ է, քանի որ փաստական տվյալներ չեն ներկայացվել Ավետիք Չալաբյանի կալանավորումը հիմնավորելու համար: Նախաքննական մարմնի ներկայացրած հիմքերից մեկն էլ այն է, որ նա Հայաստանից կփախչի եւ կխոչընդոտի քննությանը, նոր արարք կկատարի: «Դրանք եղել են քննիչի ենթադրությունները, մտավախությունները, այդ նույնը տեղ է գտել դատարանի որոշման մեջ, այդ նույն թեզը դատախազությունը փորձում է առաջ տանել՝ մեր բողոքի շրջանակներում»,- այսօր, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արթուր Հարությունյանը:

Այսօրվա նիստի ժամանակ, կողմերը ներկայացրել են դիրքորոշումները, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, նիստը հետաձգվել է, կշարունակվի վաղը՝ 13:30-ին:

Նիստի ժամանակ Ավետիք Չալաբյանն էլ բավական ծավալուն ելույթ է ունեցել, որի հիմնական թեզն, ըստ պաշտպանի, այն է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, ու եթե փախչի քննությունից, կստացվի, որ փախչում է ինքն իրենից:

«Որեւէ հիմնավորում կամ փաստական տվյալ, որը կհակադրվեր մեր հիմնավորումներին՝ կալանքի կասկածի եւ դրա հիմքերի մասով, չներկայացվեց: Այնպիսի տպավորություն էր, որ դատախազական կողմը ներկայացնում էր մի հանգամանք, որը չի արծարծվել առաջին ատյանի նիստի ժամանակ: Ընդ որում, դատախազությունն այդ առիթով վերաքննիչ բողոք չի ներկայացրել, դատական նիստի ժամանակ բարձրաձայնել է հանգամանքներ, որոնք չեն մտել որոշման մեջ: Խոսքն այն մասին է, որ նախորդ նիստի ժամանակ վարույթ իրականացնող մարմինը ցանկանում էր գործին կցել նյութեր, որոնք ժամկետային առումով ավելի ուշ են կատարվել, քան ներկայացվել էր բողոքը: Դրանք վերաբերվում են հիմնավոր կասկածին»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք չեն կարող դրվել բողոքի հիմքում եւ դատարանի որոշման մեջ:

Ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանը չի զլացել եւ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման հիմքում թվարկել է ՀՀ ՔՕ-ի 135 հոդվածի առաջին մասով նախատեսված 5 հիմքերից երեքը. երկուսը չի արձանագրել, քանի որ դրանք նախաքննության փուլին չեն վերաբերվում, այլ դատաքննության:

Արմեն Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ Ավետիք Չալաբյանը լրացուցիչ հարցաքննվել է՝ իր նախաձեռնությամբ, նրա մասնակցությամբ եւս մեկ գործողության է կատարվել, սակայն դա նախաքննական գաղտնիքի շրջանակներում է, չեն կարող բարձրաձայնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031