Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստերջացված շներին տանում, սատկացնում են, խիղճը փորերի մեջ մեռել է»․ բողոք Գյումրիից

Մայիս 30,2022 18:09

Գյումրիի Անի թաղամասի Պարույր Սևակ 16 շենքի բնակիչները Aravot.am-ին բողոք են ներկայացրել՝ պատմելով, որ 4 օր առաջ սպիտակ ավտոմեքենայով շրջել են թաղամասում, հավաքել թառափող շներին, որոնք, սակայն ստերջացված են։

«Տեսնեիք՝ ինչ մի դաժան տեսարան էր, սպիտակ ավտոմեքենայից դուրս եկան, քաշելով, տանջելով մեր թաղի շներից մեկին՝ խցկեցին ներս։ Ես մոտեցա մեքենային ու տեսա՝ էս շոգին, կրակին սաղին իրար վրա էին լցրել, էնքան մեղք էին։ Երբ հարցրեցի՝ ո՞ւր եք տանում մեր թաղի շանը, չպատասխանեցին, միայն ասին՝ այդպես է կարգադրված։ Վստահ եմ, տանում են սատկացնեն, վաղուց են մեր թաղի շներին ստերջացրել։ Խղճերը լրիվ կորել է փորերի մեջ։

Մեր հարևանուհին լացելով հասավ մինչև քաղաքապետարան՝ բողոք գրեց, երեխան ծանր սթրես ապրեց շան պատճառով, լաց էր լինում, էդ մեկին բերեցին հետ, մյուսներին՝ ոչ։

Ստերջացված շանը եթե բռնում, տանում են, հասկանալի է, որ ներքին հրաման կա սատկացնելու, այլապես ինչո՞ւ են տանում։

5 շուն կա մեր շենքի դիմաց, ոչ մեկին չեն վնասում, մարդկանց երբեք չեն վնասել, չեն հարձակվել նրանց վրա, մենք էլ կերակրում ենք։ Շներն էլ Աստծո ստեղծածն են, մեղք չե՞ն, մարդիկ ֆաշիստ, դահիճ են դարձել, իրենց դարդերը թողած՝ ընկել են շների հետևից։ Մարդու սիրտ է մղկտում, մի թիքա հաց տաս, շնորհակալ կլինեն հայվանները»,-ասաց շենքի բնակչուհի Ռուզաննա Գևորգյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց շենքի դիմացի 5 շներից կարողացել են բռնել միայն մեկին՝ երկաթյա պարանով, քարշ տալով, և եթե հարևանուհին բողոք չգնար քաղաքապետարան, շանն արդեն սատկացրած կլինեին։

Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստացանք նաև Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ստերջացված շներին բացառապես հավաքում են ահազանգերի հիման վրա։ Շատ հաճախ իրեն ահազանգում են հենց դպրոցի տնօրենները՝ տեղեկացնելով, որ շունը երեխաներին կծել է, կատաղած է։

Ըստ Դավիթ Առուշանյանի, քանի որ նոր ծրագրով և՛ շների ստերջացում են իրականացնում, և՛ կատաղության դեմ պատվաստումներ, և՛ քնեցում, ահազանգի հիման վրա տանում, զննում են․ եթե շունը ագրեսիվ չէ, հիվանդություն չունի, այսինքն` քնեցման ենթակա չէ, բաց են թողնում։ Սակայն, ըստ Դավիթ Առուշանյանի, այս դեպքում ստիպված են բաց թողնել այլ տարածքում, որպեսզի բողոքավորը նորից չբողոքի, թե իր պահանջը չի բավարարվել, շունը շարունակում է հարձակվել։

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է ստերջացման ծրագրի տակ գումար յուրացնեն, փոխքաղաքապետը նշում է, որ ամեն մի ստերջացված շանը լուսանկարում, ցույց են տալիս՝ որպես հաշվետվություն, ներկայացնում են նաև անկետաները, տարբերանշանների համարները։

Դավիթ Առուշանյանի պարզաբանմամբ, եթե շանը պատվաստում են կատաղության դեմ, կենդանին քնեցման ենթակա չէ, այդ դեպքում փոխում են ականջին փակցված տարբերանշանի գույնը․ նախկին կանաչ ու դեղինի փոխարեն՝ կարմիր են փակցնում, որը նշան է այն բանի, որ ստերջացված շունը նաև կատաղության դեմ պատվաստված է։ Սա համայնքի վրա գումար չեն հաշվում։

Դավիթ Առուշանյանի տեղեկացմամբ, ամեն մի շանը ստերջացնելը 27 հազար 800 դրամ է, առաջին փուլով 500 շան են ստերջացրել։ Երկրորդ փուլի մրցույթը ևս կայացել է, նորից շահել է «Գյումրու թափառող շների կենտրոն»-ը, որի գլխավոր անասնաբույժը Արսեն Սումբուլյանն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031