ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն էր զետեղել ֆեյսբուքի իր էջում, ըստ որի՝ հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության: Այս հայտարարությունն առաջացրել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը, որոնք նախապես փաթեթներ էին կազմել եւ ամենեւին չէին նախատեսել նման անակնկալ:
Հավելենք, որ տարածքի միայն փոքր հատվածն է ցանկապատված, ինչը խիստ վտանգավոր է այցելուների համար, մայրուղուց դեպի արգելոց տանող ճանապարհն էլ բարվոք չէ։ Արգելոցի տարածքում չկա ջուր, սանհանգույց, հոսանք, չկան նստարաններ:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանից: Նա հեռախոսով փոխանցեց, որ տարածքում իսկապես չկա լույս, ջուր, սանհանգույց, սակայն արդեն շինարարական աշխատանքներ են սկսվել, տեղադրվում են սանհանգույցներ, ՊՈԱԿ-ը իր ուժերով սկսել է հոսանքի ու ցանկապատման աշխատանքները նույնպես: «Իսկ մնացած ենթակառուցվածքների համար պետք է գումար լինի, որպեսզի աշխատանքներ իրականացնենք»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Քանի որ ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ նշված էր, որ էքսկուրսիաները անցկացվելու են ռուսերեն ու անգլերեն, հետաքրքրվեցինք` կա՞ն համապատասխան մասնագետներ: «Իհարկե, արդեն իսկ ունենք էքսկուրսավար»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հարցրինք, թե քանի արգելոց է տոմսային տնտեսությամբ աշխատում եւ ո՞ւր են գնում եկամուտները, արդյոք մյուս արգելոցների վրա են ծախսվում։ «Տոմսային տնտեսություն ունենք «Գառնի», «Զվարթնոց», Լոռի բերդ», «Մեծամոր», «Ամբերդ», «Բջնի» եւ «Զորաց քարեր» արգելոցներում: Ամբողջ գումարն ուղղվում է հուշարձանների պահպանությանն ու ենթակառուցվածքների զարգացմանը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է զբոսաշրջային գործակալությունների դժգոհություններին` «Զորաց քարեր» մուտքը վճարովի դառնալու առիթով, այս մասին էլ ասաց. «Տուրիստականների դժգոհությունները լրիվ անտեղի եմ համարում, որովհետեւ երկար տարիներ մեր արգելոցները անվճար են եղել, եւ տուրիստականներն օգտվել են, գումար են աշխատել: Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ որեւէ տուրիստական ինչ-որ մի ձեւով օգտակար եղած լինի հուշարձանապահպանությանը կամ ինչ-որ արգելոցի համար ինչ-որ բան արած լինի, ու հիմա անտեղի են դժգոհում: Նույն տուրիստականների հետ մենք համագործակցում ենք, եւ որոնք դիմել են, օգտվում են զեղչային համակարգից այլ արգելոցների համար»:
Հիշեցնենք, որ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի որոշմամբ՝ «Զորաց քարեր» հուշարձանախմբին տվել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար, այն փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Թեմայի վերաբերյալ այլ տեսակետներ` հաջորդիվ:
Լուսանկարը` hushardzan.am-ից: