Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ Փաշինյանին ՔԿՀ-ում ծեծել էին, նրան տուժող ճանաչեցին․ հիմա 4000 զոհ կա, ու քրեական գործ չի հարուցվում»

Մայիս 30,2022 16:59

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու դեմ վերաքննիչ բողոքի քննության հերթական նիստը։

Հիշեցնենք, որ այս գործով տուժողներ են ճանաչվել 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների մի մասը միայն․ ծնողները պահանջում են բոլոր ցանկացողներին տուժող ճանաչել։ Նրանք Փաշինյանի՝ ապրիլի 13–ին ԱԺ–ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել։

Նախորդ անգամ ծնողները պահանջում էին վերանայել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի որոշումը, որով, միջադեպից հետո, ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին։ Հայցվոր կողմը, հաշվի առնելով գործի հնչեղությունը, հանրային իրազեկվածության անհրաժեշտությունն ու զոհվածների ծնողների շահը, միջնորդել էր դատարանին վերանայել իր որոշումը։ Ակնկալվում էր, որ այսօր միջնորդությունը կքննվեր, սակայն դատավոր Կարեն Բիշարյանը, պարզվում է, նիստի անցկացման համար ի սկզբանե կես ժամ է նախատեսած եղել։

Արծվիկ Մինասյան

«Առանց որեւէ բան ասելու՝ դատավորը նայեց ժամին ու ասեց, որ հետաձգվում է նիստը եւ նշանակվում հունիսի մեկին՝ 12:30-ին։ Ակնհայտ է, որ դատախազները, դատավորը դեռեւս տրամադրված չեն, որ նիստը հրապարակային անցկացվի։ Դատախազների խոսում անթույլատրելի հայտարարություններ հնչեցին, թե ականջահաճո հայտարարություններ են լինում, մինչդեռ արդարադատության շահը պահանջում է, որ հարցերին տրվեն հրապարակային պատասխաններ»,-լրագրողներին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա պատասխանատուներին կոչ արեց ապահովել նիստի բնականոն ընթացքը, եւ եթե դատավորին խանգարում է դահլիճում ներկա գտնվել ցանկացող քաղաքացիների թիվը, ապա այս գործի համար համապատասխան դահլիճ է պետք ընտրել։

Կարին Տոնոյան

«Հույս ունենք, ակնկալում ենք, որ դատավորը կփոխի որոշումը, եւ ծնողները կկարողանան մասնակցել նիստին։ Այլ կերպ չի էլ կարող լինել, ողջամիտ վերաբերմունքի դեպքում հնարավոր չէ ծնողներին արգելել։ Ծնողներով խոսել ենք, արձանագրել, որ փորձելու ենք մեր զգացմունքային դաշտն ավելի լավ կառավարել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 5165 շարժման համահիմնադիր, 2020թ․ պատերազմում որդուն կորցրած Կարին Տոնոյանը։

Նա հարցադրում արեց․ «Ո՞վ է երաշխավորելու, որ հաջորդ անգամ այսպես չի լինի։ Մենք գնալու ենք ԲԴԽ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ եթե ձեր պահանջը չկատարվի, նորից եկեք խոսելու։ Մեր բողոքը նաեւ այն է, որ դատերը չպետք է այսքան կարճ տեւեն։ Մեզ չի հետաքրքրում, որ դատավորների թիվը քիչ է, սա հերթական դատ չի, որ նիկոլիզմի պես վարվեն։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Զինվորի  հարազատի գործով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի հետ գործ ունենք, իսկ նա՞ քանի սպայի եւ զինվորի վրա է ձեռք բարձրացրել, պատկերացնո՞ւմ եք քանի զինվոր է զոհվել։ 2010թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանին կալանավայրում ծեծել էին, ինքը տուժող ճանաչվեց։ Հիմա 4000 զոհի դեպքում քրեական գործ չի հարուցվում, որքանո՞վ է տրամաբանական»։

Դատական նիստի եկած տիկնանցից Մարիամ Վարդանյանն էլ հուզված, դողացող ձայնով լրագրողներին ասաց, որ մի որդուն՝ Արմանին, սպանեցին Ջրականում, երկու ամիս դին էին փնտրում, թոռան մասին էլ մինչեւ օրս տեղեկություն չունեն․ «Հիմա էլ մյուս տղայիս՝ Արսենին են կանչում հարցաքննության։ Նիկոլ, Աստված քեզ այն ցավին տա, որ մահ խնդրես՝ չստանաս։ Ինչքան գնացել եմ մոտը, ինձ վախեցրել է, իր անուղեղ պաշտպաններն էլ գրում են, զրպարտում են ինձ։ Ես կաշառվող չեմ, թող իրենց ավելի շատ կաշառք տան, որ լռեն, թող իմ նման ցավ քաշեն, ես չեմ լռելու։ Արսենիս զրպարտում են, հարբեցող անվանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031