Դեռեւս 2018թ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ լավ կլինի արվեստի գլուխգործոցները թանգարաններից մարզեր տանել ցուցադրության, այդ գաղափարի մասին 2018թ. բարձրաձայնել էր նաեւ ՀՀ մշակույթի վերջին նախարար Լիլիթ Մակունցը կառավարության նիստի ժամանակ: Փաշինյանն ասել էր, որ «Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման», եւ որ «կերպարվեստի գլուխգործոցները չպետք է պահվեն թանգարանների «պադվալներում»` ռոկոկո բաժակների նման»:
Արվեստի գլուխգործոցները թանգարաններից հեռավոր մարզեր տեղափոխելու գաղափարը դեռ այն ժամանակ բուռն քննադատության էր արժանացել, արվեստագետները եւ ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ նշել էին, որ դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, պետք է հաշվի առնել մասնագետների կարծիքը:
Բացի դրանից՝ ընդգծվել էր, որ, օրինակ, Հայաստանի ազգային պատկերասրահը ՀՀ տարբեր մարզերում ունի մասնաճյուղեր, եւ կարելի է ոչ թե կտավները Երեւանից մարզեր հասցնել, այլ երեխաներին բերել թանգարաններ, գոնե դրանց մասնաճյուղերը: Հնչել էին նաեւ կարծիքներ, որ այլ երկրներում շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպելու պարագայում արվեստի գործերը մեծ ապահովագրություն են ունենում, տեղափոխվում հատուկ պայմաններում, որովհետեւ կարող են վնասվել, անհետանալ, զանազան խնդիրների բախվել:
Չնայած մասնագետների բացասական կարծիքներին, ԿԳՄՍ նախարարությունը որոշեց վարչապետի ցանկությունն իրականություն դարձնել, չնայած նրան, որ վարչապետը նկարիչ չէ, արվեստաբան չէ, ոլորտի հետ կապ չունի:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մի հեռուստահարցազրույցում հաստատել է, որ դա վարչապետի հեղինակային ծրագրերից է ,որի դեմ մասնագիտական ոլորտում եղել են ընդվզումներ, բայց իրենք իրականացնում են այն, քանի որ ամուր հիմնավորումներ ունեն: Արա Խզմալյանը նաեւ ասել է, որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, եւ որ Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները Երեւանից համայնքային դպրոցներ են տարվում ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ: Նրա խոսքով, այս ծրագրի նպատակը արժեքի գիտակցման ձևավորումն է:
Փոխնախարարը գրառում է կատարել իր էջում․ «Հայաստանի ազգային պատկերասրահի գանձարանից դեպի Վանաձոր ուղևորվեցին Մինասն ու Բաշինջաղյանը: Հովհ. Թումանյանի անվ. թիվ 3 դպրոցում մեկնարկում է «Դասարվեստ» կրթական-մշակութային նախագիծը: Հաջորդիվ՝ Ստեփանավան, Դիլիջան, Չինարի», նաեւ լուսանկարներ հրապարակել:
Լուսանկարում` մի մեծ խումբ է, այդքան մարդ է տեղափոխվում մարզ, այդքան ծախս, ոստիկանական մեքենաներ, հավանաբար գործուղման գումարներ, իսկ ճիշտ չէ՞ր լինի, որ դրա փոխարեն տրանսպորտի հարց լուծվեր, եւ մարզերի երեխաները գային քաղաք, եւ թանգարան գնային, եւ կտրվեին իրենց միապաղաղ առօրյայից:
Երեխան պետք է սովորի այցելել թանգարան, համերգասրահ, կինոդահլիճ, թատրոն, ի՞նչ է փոխելու նրա կյանքում մի դասասենյակում կամ ֆիզկուլտուրայի դահլիճում կախված նկարը, որի մոտ լուսանկարվում են մի քանի արվեստաբան ու պաշտոնյա, եւ դրանք հրապարակում սոցցանցերում: Ի վերջո, թանգարանները նաեւ կրթական ծրագրեր ունեն, մանկավարժների եւ թանգարանների օգնությամբ երեխաները կարող են իրենց բջջայիններով ու պլանշետներով որեւէ կտավի մասին տրված առաջադրանք կատարել` եւ զարգանալ, եւ լինել թանգարանի միջավայրում, «շնչել» այդ օդը:
Իսկ, այսպես կոչված «Նոր Հայաստանում» կարեւորը գաղափարը չէ, այլ կուսակցական «շեֆերի» ու երկրի ղեկավարների ցանկությունների կատարումը, երբ որեւէ պաշտոնյա չի հանդգնում հակառակվել, որովհետեւ պաշտոնը քաղցր բան է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հա հա հա, դրրամատիրասէր պոլշեւիքներ