Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ուղեւորահոսքի մոդելավորման ծրագրի շրջանակներում Գարեգին Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում, Մանթաշյան, Մայիսի 9-ի եւ Սեւանի փողոցներում երթեւեկության փոփոխություն է կատարվել:
Հայկ Սարգսյանը նշեց, որ փոփոխությունները կատարված են, 2 օր կդիտարկեն տեղում, եթե տեսնեն՝ նորմալ է, կշարունակեն այդպես աշխատել:
Ճանապարհային նշանների, կանգնակների ներկման աշխատանքների ձեռքբերման մրցույթի վերաբերյալ էլ Հայկ Սարգսյանն ասաց. «Սրա մրցույթը եւս չկայացավ, ներկի օրինակը հենց հիմա մոտս է: Պարոն քաղաքապետ, ձեզ հետ համաձայնեցնելուց հետո այդ ներկով արդեն, գինը բարձրացնելով կգնենք»:
Քաղաքապետն արձագանքեց. «Ներկը հիմա ձեզ մո՞տ է, ցույց կտա՞ք»: Հայկ Սարգսյանը ցուցադրեց թղթի վրա արված ներկի նմուշը:
Կարդացեք նաև
«Մենք այս հարցի շուրջ խոսել ենք եւ կարծում եմ՝ համաձայնության ենք եկել աշխատելաոճի հետ կապված: Եթե գնումների հետ կապված խնդիր ունեք, կարծում եմ՝ տիկին Օսիպյանը չի զլանա, ունենք նաեւ նոր տեղակալ, որոնք բանիմաց են, կարող եք ժամանակ հատկացնել, նստել մի երկու ժամ այդ պրոցեսը հասկանաք: Խնդիրը ձեր վարչությունում է, ոչ թե գնումների»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ