Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 41.7 %-ը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կարիք տեսնում է, 38.7 %-ը՝ ոչ, 20 %-ը չի կողմնորոշվել. հետազոտություն

Մայիս 30,2022 13:53

«Հետազոտությունն անվանել եմ «Դիվանագիտություն 3.0», քանի որ իմ կարծիքով՝ մենք գտնվում ենք մեր դիվանագիտական ոլորտի երրորդ շրջափուլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նա ասաց, որ օգտագործելու է իր կողմից ոչ սիրելի նախկիններ բառն ու շարունակեց. «Առաջին շրջափուլը նախկինների դիվանագիտությունն էր, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած մոտեցումն էր, որ սկսում է զրոյական կետից և ինչ ուզում, այն էլ բանակցում է: Երրորդ շրջափուլում՝ այսօր՝ հետպատերազմական շրջանում է. տեսնում ենք մի այլ մոտեցում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից կիրառվող»:

Արամ Նավասարդյանը տեղեկացրեց՝ 2022 թվականի մայիսի 22-28-ն իրականացրել են հեռախոսային հարցում 1003 հոգու շրջանում:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներկա քաղաքական իրավիճակը, «լիովին դրական» պատասխանել է 7.3%-ը, «ավելի շուտ դրական»՝ 15%-ը, , «ավելի շուտ բացասական»՝ 16.6 %-ը և «ընդհանրապես բացասական»՝ 49.9 %-ը: 11 %-ը դժվարացել է գնահատական տալ: Արամ Նավասարդյանը նկատեց. «Հարցվածների ավելի քան 66 տոկոսը նշում է, որ երկրի քաղաքական վիճակը բացասական է գնահատում»:

Մայիսի 22-ին Բրյուսելում Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունների մասին տեղյակ չէ հարցվածների 45.7%-ը, 54.3 %-ը տեղյակ է: Տեղյակ անձանցից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս են գնահատում բանակցությունների արդյունքները, հարցվածների 11.2 %-ը լիովին դրական է համարել, 23.5 %-ն ավելի շուտ դրական, 15.4 %-ն ավելի շուտ բացասական և 35.6 %-ն ընդհանրապես բացասական: Դժվարացել է հարցին պատասխանել 14.3 %-ը: Փաստորեն՝ Արամ Նավասարդյանի փաստմամբ՝ հարցվածների գրեթե 51 %-ը բացասական է գնահատում այդ բանակցությունների արդյունքները:

Հարցին՝ արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում, «միանշանակ ընդունելի» է պատասխանել 1.5 %-ը, «ավելի շուտ ընդունելի» 2.9 %-ը, «ավելի շուտ ընդունելի չէ» 6 %-ը, «միանշանակ ընդունելի չէ» 83.3 %-ը, 6.4 %-ը դժվարացել է պատասխանել: Արամ Նավասարդյանն ասաց. «Ուշադրություն դարձրեք, որ ավելի քան 90 տոկոսը նշել է, որ այս մոտեցումն իր համար ընդունելի չէ»:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա ՀՀ վարչապետի պաշտոնից, միանշանակ այո պատասխանել է 27.8 %-ը, ավելի շուտ այո՝ 13.9 %-ը, ավելի շուտ՝ ոչ 12.9 %-ը, միանշանակ՝ ոչ 25.8 %-ը, գրեթե 20 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, կամ հրաժարվել է պատասխանել:

Ընդդիմադիր ուժերի պայքարին լիովին դրական վերաբերվում է հարցվածների 15.9 %-ը, ավելի շուտ դրական է վերաբերվում 16.6 %-ը, ավելի շուտ բացասական է վերաբերվում 12.3 %-ը, ընդհանրապես բացասական՝ 33.3 %-ը: Շուրջ 20 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ չի ցանկացել պատասխանել:

Իսկ թե հարցվածների քանի՞ տոկոսն է մասնակցում ընդդիմության փողոցային պայքարին, ամբողջ ՀՀ տարածքով 8.2 տոկոսը նշել է, որ մասնակցում է, մարզերում 4.1 %-ն է նշել, որ մասնակցում է, Երևանում՝ 15.5 %-ը:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության և այլ ուժային կառույցների աշխատանքն անհնազանդության գործողությունների ընթացքում, որքան էլ Արամ Նավասարդյանի համար զարմանալի ցուցանիշ է, բայց լիովին դրական համարել է 26.3 %-ը, ավելի շուտ՝ դրական՝ 19.8 %-ը, ավելի շուտ բացասական՝ 20.3 %-ը, ընդհանրապես բացասական՝ 16.9 %-ը: Հարցին չի ցանկացել պատասխանել 16.6 %-ը:

Իսկ թե քաղաքական ներկայիս իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է իր համար ընդունելի, հարցվածերի 27.6 %-ի համար փոփոխություն պետք չէ, նոր խորհրդարանական ընտրությունների կարիք է տեսնում 26.6 %-ը, անցումային կառավարության ձևավորման անհրաժեշտություն՝ 21 %-ը և ընդդիմության գործողություների ճնշման անհրաժեշտություն է տեսնում 11.4 %-ը, դժվարացել է այս հարցին պատասխանել 12.6 %-ը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031