«Չեմ ընդունում այդ մոտեցումն ու քննադատությունը։ Եթե այն ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, դա ինձ իրավունք չի տալիս պայքարե՞լ թրքացման դեմ։ Ես պայքարում եմ նրա համար, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Ձեր ասածը մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի Լեւոն Քոչարյանը՝ արձագանքելով նկատառմանը, որ իր մասնակցությունը ցույցերին քննարկվում է այն համատեքստում, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ոստիկանների գործողությունները խաղաղ ցուցարարների հանդեպ ավելի բիրտ են եղել։
«Եկեք չորս տարի հետ գնանք ու հիշենք, թե այս իշխանությունն ինչ կարգախոսներով եկավ՝ նախկինում եղածը չի լինելու։ Խաբեցին։ Գլխավոր օրակարգից շեղող պնդումներ են անում այդպիսիք»,-հավելեց Լեւոն Քոչարյանը։
Հարցին՝ քաղաքական հաշվարկներ ունե՞ք, Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Որեւէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե շարժումը հաջողի, չեմ ուզում եւ պլանավորում որեւէ պաշտոնի անցնել։ Իսկ քաղաքապետի ընտրությունները մյուս տարի են, եւ ես դրա շուրջ քննարկումներ չեմ ունեցել ոչ խմբակցությունում, ոչ էլ ընտանիքում»։
Ինչ վերաբերում է որակումներին, թե Ռոբերտ Քոչարյանը դիմադրության շարժման միջոցով ուզում է որդու կարիերայի հարցը լուծել, Լեւոն Քոչարյանն ասաց․ «Դատարկ խոսակցություններ են։ Ոչ ես, ոչ հայրս, որեւէ անձնական հարց չունենք։ Եթե ունենայինք, չէինք վերադառնա, մեր գլուխներն էլ հանգիստ կլիներ, սրանց գլուխն էլ, ուստի նման հավակնություններ չկան»։
Կարդացեք նաև
Լեւոն Քոչարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ոստիկանների այսօրվա գործողությունները հրահանգված են իշխանությունից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ