«Այս ընթացքում սադրանքներ եղել են միայն իշխանությունից։ Մայիսի մեկին ընդառաջ իրավապահները հայտարարում էին հնարավոր զինված բախումների եւ սադրանքների մասին, բայց ժամանակը ցույց տվեց, որ դրանք հրահրում են իշխանություններն ու նրանց դեմքերը, իրավապահները»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման երթի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նկատառմանը, որ իշխանական խմբակցությունն ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին չի մասնակցի եւ ընդդիմության սադրանքներին չի տրվի։
Մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ պատգամավորը շեշտեց, որ մինչեւ այս պահը հայտնի չէ՝ ի՞նչ հիմքերով է աշխատում այդ հանձնաժողովը, ի՞նչ փաստաթղթերով եւ քարտեզներով են առաջնորդվելու բանակցողները․ «Այս իշխանությունը չորս տարում տապալել է հնարավոր բոլոր բանակցությունները, բերել տարածքային, մարդկային կորուստներ, ուստի նրանց բանակցածին վստահելը տրամաբանական չէ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ