Դիմադրության շարժման անդամներն այսօր շրջելու են պետական հաստատություններով եւ դիրքորոշում ակնկալելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման գաղափարների վերաբերյալ։ «Պետական հիմնարկներն ու հաստատությունները պարտավոր են այդ փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Սա հստակ հնարավորություն է, որ բոլորը դիրքորոշում հայտնեն այդ հայանպաստ փաստաթղթի մասին։ Սա շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների համար նաեւ հնարավորություն է տարանջատվել Նիկոլից եւ չկրել երկրի կործանման պատասխանատվությունը»,-շարժման երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Առաջիկա օրերին ժողովուրդը պետք է հստակ իմանա, թե ով ինչ դիրքորոշում ունի»,-հավելեց նա։
Իշխան Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում․
-Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Կարդացեք նաև
-Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
-Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
-Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
-Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ