«Մերան» 9-10․ դասարանը՝ անմահ հերոսների անունով
Քաջերի հարությունն է մահը․ Գարեգին Նժդեհ
Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում է գործում Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցը, որտեղ սովորել են Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի անմահ հերոսներ Կարեն Ղազարի Կարապետյանը և Վարդան Դավիթի Ամալյանը։ Մայիսի 28-ին՝ Հայոց Առաջին Հանրապետության հռչակման օրը, այս կրթօջախում կայացավ դասարանի անվանակոչության արարողություն։
Անմահ հերոսներ Կարենի և Վարդանի մայրերը բացեցին իրենց զավակների անվան դասարանի ցուցանակը։ Արցախում ծառայող հոգևորականը Տերունական աղոթքով սկսեց արարողությունը։ Ներկա էին Անմահ հերոսների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերներ, համադասարանցիներ, հյուրեր, կրթօջախի ուսուցչական անձնակազմը, միջին դասարանների աշակերտներ, լրագրողներ։
Իրենց ավագ ընկերների և ոգեշնչողների մասին արտահայտվեցին դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, որոնք շուտով հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախին։ Անմահ հերոսների մասին խոսեցին նաև նրանց դասվարները, դասղեկները, համադասարանցիները։
Վիոլետա Բեջանյանը, որն ընդամենը կես տարի է, ինչ ղեկավարում է այս դպրոցը, ասաց՝ ինքը չի ճանաչել հերոսներին, սակայն պարտավորություն էր՝ նրանց անվան դասարան անվանակոչելը։
Կարդացեք նաև
Վարդան Ամալյանի հայրը՝ ճանաչված երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, հայտնելով գոհունակություն դպրոցի անձնակազմից, առաջարկեց ծափողջյուններով եզրափակել արարողությունը։ Լինելով ազատամարտիկ ու Հայաստանի հերոս Դուշման Վարդանի զինվորն ու զինակիցը, Դավիթն իր առաջնեկին Վարդան կոչեց՝ ի հիշատակ 1992թ․ հուլիսի 3-ին Արցախի Միրուշեն գյուղում նահատակված հրամանատար-զինակցի։
Արարողությանը ներկա էր նաև Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, ում համար կրտսեր Վարդանը նույնպես եղբայր էր։
Մամուլի հաղորդագրություն