Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ազգային փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք: Արցախը խաղաքարտ չէ, որի վրա կարող են խաղադրույքներ անել»

Մայիս 30,2022 15:20

Մայիսի 28-ին Արցախի Մարտունի քաղաքում կազմակերպվել էր «հանուն ԱՐՑԱԽԻ ԶԱՐԹՆԻ՛Ր, ԼԱՈ» խորագրով խոշոր երթ, որին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ։ Երթը, որը մեկնարկել էր Ս․ Ներսես եկեղեցու մոտակայքից, անցել է քաղաքի կենտրոնական փողոցներով, Գարեգին Նժդեհի արձանի կողքով և շարժվել դեպի Ազատության հրապարակ։

Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել հանրահավաք, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը։

«Այսօր հայկական տոների օրացույցում ամենակարևոր տոնն է՝ հայոց պետականության վերականգնման օրը։ Այս կարճ տևած պետականության շնորհիվ 1980-ական թվականների վերջերին մենք նորից կերտեցինք պետականություն։ Եվ այսօր ի՜նչ մեծ արժեք ունի հայ իրականության մեջ Արցախը։

Գրկիս այս մանչը դրա վառ օրինակն է։ Արցախը սփյուռքին կապող այն օղակն է, որը հային հայ է պահում։ Այս մանչը, ով հիմա զարթուն է, կարող էր լինել սփյուռքի ամենալավ օջախներում, բայց պատերազմից հետո եկել է հաստատվել Արցախում և պայքարում ու իր ներկայությամբ ապացուցում է Մարտունու լինելիությունը, Արցախի լինելիությունը, Հայաստանի լինելիությունը։

Արցախը խաղաքարտ չէ, որի վրա կարող են խաղադրույքներ անել։ Արցախը Հայաստան է, Արցախը հայկական է, Արցախը լինելու է, և կեցցե՛ Անկախ ու միացյալ Հայաստանը, կեցցե՛ Մայիս 28-ը։Լաոն արթո՛ւն է»։

ՀՀ իշխանությունները խոսում են թշնամու հետ կեղծ ու անարժանապատիվ խաղաղության մասին. Գեղամ Ստեփանյան

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը․ «Զարմանալի կլիներ, եթե մեր երկրի համար այս ծանր փուլում չնկատվեր ու չզգացվեր մարտունեցիների ըմբոստությունը, որը պատմական բոլոր ժամանակաշրջաններում միշտ էլ արտահայտվել է՝ սկսած 1988թ․ շարժումից մինչև բոլոր պատերազմներում մարտունեցիների անձնուրաց մասնակցություն։
ՀՀ իշխանությունները, որոնք պարտավոր են Արցախի ճակատագիր որոշելու հարցում առաջնորդվել միայն ու միայն մեր ժողովրդի կամքով ու մեր ինքնորոշման իրավունքի հրամայականով, այսօր շեղվել են այդ ուղուց։

Մեր անունից բանակցողը ներգրավված է քննարկումների մեջ, որտեղ օգտագործվում է Ղարաբաղի էթնիկ բնակչություն արտահայտությունը։ Այդ բանակցողին, մեր թշնամուն և միջազգային հանրությանը պարզ ու հաստատակամորեն հայտարարում ենք․ «Մենք ազգային փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք, մնացածն ուղղակի բարբաջանք է»։

Մեր միասնականությունը վտանգված է, որովհետև ազգին համախմբելու փոխարեն ՀՀ գործող իշխանությունները ազգային շահը վեր դասելու փոխարեն խոսում են թշնամու հետ կեղծ ու անարժանապատիվ խաղաղության մասին։ Կեղծ խաղաղության անվան տակ իրավունքների և անվտանգության լղոզված թեզերով որևէ մեկին թույլ չենք տալու մեր հազարավոր զոհերի արյան գնով պահած հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին։

Այսօր, մեր արժանապատիվ քաղաքացիները քաղաքամայր Երևանում փողոց են դուրս եկել մերժելու մեր միասնականությունը վտանգող իշխանություններին, մերժելու «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտությունից խուսափող իշխանություններին, մերժելու Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող իշխանություններին։

Մենք չենք կարող անտարբեր մնալ մեր ճակատագրի համար պայքարի ելած հայրենակիցների գործողությունների նկատմամբ։

Եվ այսօր, այստեղից, մեր հերոսական Մարտունուց մեր բռունցքն ենք պարզում, մեր աջակցությունը հայտնում մեր հայրենակիցներին, ովքեր քաղաքամայր Երևանի Ֆրանսիայի հրապարակում պայքարում են հանուն գաղափարի։

Եվ ուրեմն՝ կոչ ենք անում ամբողջ հայությանը․ «Արցախին մենակ չթողնե՛լ, չհրաժարվե՛լ դարավոր մեր պայքարից»։

Եվ ուրեմն՝ միությո՛ւն, պայքա՛ր, հաղթանակ»։

Երբեք մի՛ վախեցեք, պայքարեցե՛ք, որովհետև ուրիշ տարբերակ չկա Շանթ Չարշաֆճյան

Հայրենադարձ դաշնակցական Շանթ Չարշաֆճյանը նույնպես է եկել ելույթով. «Շատ հպարտ եմ, որ այսօր ձեզ հետ եմ, որովհետև դուք ինձ համար անկոտրում հայի, պայքարող տեսակի, հայրենասերի իդեալն եք։

Թող ոչ մեկը երբեք ձեզ չվախեցնի։ Այսօր երթի ժամանակ մի խումբ երեխաների կողքով անցանք, ովքեր ծնողների հետ էին, և նրանց ասվեց, որ միանան, սակայն ծնողն ասաց, որ երեխա կա իր հետ, վախենում է։

Ժողովո՛ւրդ, հիմա վախենալու ժամանակը չէ, դուք մարտունեցի եք, ինչի՞ց եք վախենում։ Հիմա՞ պիտի վախենանք, հիմա վախենանք մեկ ուրիշ հայի՞ց, դավաճան պետությունի՞ց։

Եթե այսօր չխոսենք, հետո վստահ պիտի վախենանք, վիճակը յոթնապատիկ ավելի վատ կլինի, եթե մտնենք Ադրբեջանի կազմ։ Հիմա է ժամանակը խոսելու, հիմա է ժամանակը միանալու, հիմա է ժամանակը ոտքի ելնելու։

Քիչ առաջ անցանք Նժդեհի արձանի կողքով, հիմա կանգնած ենք Մոնթե Մելքոնյանի արձանի կողքին, այսօր մայիսի 28-ն է։ Այդ մայիս 28-ի բուն պատերազմը, երբ որ եղավ, քանի՞ արցախցի գեներալներ կային․ Բեկ-Փիրումյան եղբայրները Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից, Արամ Մանուկյանը նույնպես Արցախից է։ Այն ժամանակ ոչ ոք չասաց՝ դու արցախցի ես, գնա Արցախ, հայաստանցի ես, գնա Հայաստան։ Մենք բոլորս մի երկիր ենք, մի մարմնի անբաժանելի մասերն ենք՝ Սյունիքը, Լոռին, Տավուշը։ Թող ոչ ոք մեզ չբաժանի սևերի ու սպիտակների։

Երբեք մի՛ վախեցեք, պայքարեցե՛ք, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Պետք է պայքարենք և ապագա հաղթանակներին հասնենք։ Այսօր ժամն է ոտքի ելնելու, իջե՛ք փողոց։

Կեցցե՛ Արցախը»։

Որպեսզի կարողանանք այս փորձություններից պատվով դուրս գալ, մեզ պետք է միասնությունԿարեն Հովհաննիսյան

Հանրահավաքին իր ելույթում ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը նշել է. Ներկա բարդագույն ժամանակաշրջանում իրապես Արցախը վտանգված է, արցախահայության գոյապահպանման հարցն է դրված, և որպեսզի կարողանանք այս փորձություններից պատվով դուրս գալ, մեզ պետք է միասնություն։


Ես շիրակցի եմ, գտնվում եմ Մարտունիում, Մոնթեն եկել էր Ամերիկայից, և այս միասնությունն է, որը թույլ է տալիս մեզ դիմակայել այն սպառնալիքներին, այն դավաճանություններին, որոնք վտանգելու են մեր ազգի գոյությունը։

Իմ կոչն է համայն հայությանը․ «Եղբայրնե՛ր, քույրե՛ր, Արցախը վտանգված է, Արցախի պետականությունը վտանգված է, արցախահայության գոյությունը վտանգված է։ Որեմն միասնաբար, մեկ ազգի, մեկ բռունցքի շնորհիվ վստահաբար հաղթելու ենք թշնամուն, հաղթելու ենք բոլոր թշնամիներին։

Միանսությո՛ւն»»։

Ապառաժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031