Լրահոս
Օրվա լրահոսը

Արչի Գալենցի 30-ամյա ստեղծագործական ուղին՝ ամփոփված մեկ գրքում

Մայիս 30,2022 08:56

«Ամեն բան սկսվեց գեղանկարչությամբ, և այն մշտապես եղել և մնում է ամենակարևորն ինձ համար»,– կարդում ենք գեղանկարիչ Արչի Գալենցի ՝ «Դիրքորոշումներ դեպի ամեն անհնարինը» խորագրի ներքո նոր լույս ընծայված գրքում։

Հինգ հարյուր օրինակով հրատարակված գրքի կազմին ճապոնական գրաֆիկա է՝ հեղինակի աշխատանքներից՝ «Ֆոտոխցիկը, 2001 թ․, կտավ, յուղաներկ, 45-35 սմ»։ Արվեստագետի ստեղծագործական գործունեությամբ պայմանավորված՝ գիրքը բաղկացած է տասներկու գլուխներից («Սկզբնական նկարչությունը», «Քարտեզագրություն», «Առաջին օգնության արկղ», «Արիերգարդի զինվորը», «Այս օրը՝ տասնվեց տարի անց», «Ինտերիոր դա զայն՝ InteriorDAsein», «Չկատարված նկարներ», «Պոկված պատեր», «Գեղանկարչությունն իբրև կյանքի գիր», «Ոչ կարմիր դրոշները», «Առարկաների հետքերը», «Ֆիգուրատիվ հորինվածքներ»), որոնցում զետեղված է նրա վերջին երեսուն տարիների գործունեությունն ամփոփող պատկերաշար՝ 360 բազմաժանր գործերով։

«Կես տարի շատ ինտենսիվ աշխատանք կատարեցինք գրքի տպագրության համար, ոչ միայն ես, այլ նաև հրատարակիչները, տեքստերի հեղինակները։ Սիրով աշխատել ենք, կազմել, գրել, գործերն ընտրել, հետո զտել ենք մի քանի փուլով և ստացվեց այն, ինչ ունենք այսօր։ Այստեղ, կարելի է ասել, իմ երեսուն տարվա աշխատանքն է՝ սկսած 90-ականներից․ իմ վերաբերմունքը արցախյան առաջին պատերազմին, տարաբնույթ իրողություններին, հայաստանյան գեղանկարները, պլակատները, «Չկատարված պատկերներ» գլխում, «Երիտասարդության մեղքերը» խորագրով բաժինը ներկայացնում է իմ լուսանկարչական աշխատանքները։ Այն է՝ լուսանկարչությունն իբրև գաղթակղության միջոց, որն ինձ համար նկարչության մի տեսակ է, որտեղ դու նաև պրոցեսի հետ ես աշխատում։ Ինձ օրինակ՝ հետաքրքիր էր անել այնպիսի նատյուրմորտներ, որոնք գեղանկարչության միջոցով հնարավոր չէ անել»,– մեզ հետ զրույցում պատմեց գեղանկարիչ Արչի Գալենցը։

Գրքի գլուխներից մեկը նվիրված է արվեստագետի կերպարին, որտեղ վիդեոաշխատանքի դրվագներ են ներկայացված, օրինակներ կան այն շորերից, հագուստներից, որոնք հայ դերձակների հետ է նա կարել․ «Ինձ հետաքրքրում էր համագործակցելու միտքը, և ես նաև հավաքում էի իմ կոլեգաների աշխատանքները, ինտենսիվ աշխատում էի արհեստավորների հետ։ Այդ գործերով ցուցադրվել եմ նաև արտերկրում՝ հանդես բերելով նոր կերպար՝ արվեստագետն իբրև կոստյումը կրող, որոշումներ ընդունող մի էակ, որը նաև պատասխանատվություն է կրում»,– պարզաբանեց հեղինակը։

Արվեստագետն իր գրքի յուրաքանչյուր գլխի վերաբերյալ հանդես է եկել խոսքով, որը յուրօրինակ կերպով բացահայտում է նրա անցած ուղին, ստեղծագործական զարգացման ճանապարհը, իրար հաջորդող և իրար լրացնող հետաքրքրությունները և դրանց խնդրո առարկան, որոնք բազմազան են։

Գեղանկարիչ Արչի Գալենցի արվեստին անդրադարձել են մի շարք արվեստաբաններ և արվեստագետներ։ Նրանք մասնավորապես հիացած են նկարչի նորագույնը փնտրելու և գտնելու կարողությամբ՝ նա անդադար գրավիչ արվեստ է մեզ մատուցում․ «Արչին բազմազբաղ մարդ է։ Նա իր արվեստում նույնպես տարբեր բաներ է անում՝ նա նկարում է, գծագրում, լուսանկարում, տեղադրում, համադրում, վարում է ցուցասրահ և պատկերասրահ, հավաքում է ստեղծագործություններ, գրում է, տպագրություն է անում։ Նա նաև մշտապես հետաքրքրված է, որ իր ռեպերտուարը և իր արվեստի արտահայտչամիջոցներն առավել մեծացնի։ Նա իրեն հետ է պահում անընդհատ կրկնվող և հետ վերադարձող աշխատաոճից», – գրել են գրքի խմբագիր, դր․ տիկին Աննա Վիլկենսն ու գրքի դիզայներ և հրատարակիչ Անդրեաս Վոլֆը միասին։

Իրենց մեկնաբանություններով գրքում հանդես են եկել նաև ֆին փիլիսոփա Միկա Հանուլան, գեղանկարիչ պրոֆ․ Քլաուս Ֆուսմաննը, ճարտարապետ Լև Եվսովիչը, արվեստի քննադատ Վլադիմիր Սալնիկովը, արվեստագետ, համադրող Վազգեն Փահլավունի Թադևոսյանը և արվեստաբան դր․ Պետեր Միշելը։ Վերջիններս Գալենցին և նրա արվեստին քաջածանոթ են։ Ինչպես օրինակ՝ փիլիսոփա Միկա Հանուլան՝ սկսած 1992 թվականից և այսպես շարունակ։

Գրքում զետեղված գործերից որոշները ծանոթ են արվեստասերներին ցուցահանդեսներից կամ մամուլի հրապարակումներից, բայց գերակշիռ մասը առաջին անգամ է ընթերցողի սեղանին դրվում։

«Վերջին օրերին ես անդադար մտածում էի, թե ինչպես կարող եմ կարճ և իմաստալից Արչի Գալենցի ստեղծագործության մասին խոսել։ Մի արվեստագետի, ով անհավատալի ջանասեր է, ում մոտ յուրաքանչյուր նախաձեռնություն և գործ հրաշալի է ստացվում։ Նա սահուն տիրապետում է չորս լեզուների․․․ Եվ ահա այս միտքն եկավ՝ Արչին ֆենոմեն է։ Գիրքը, որն իմ կարծիքով հրաշալի է ստացվել, ցույց է տալիս, թե ինչքան ֆենոմենալ է Արչին»,– գրքի շնորհանդեսին նշեց տիկին դր․ Աննա Վիլկենսը։

Ինչպես հեղինակը մեզ հավաստիացրեց, գիրքն անշուշտ կհասնի հայաստանյան արվեստասերներին, նաև հույս հայտնեց, որ հավանաբար հնարավոր կլինի գիրքը հայերեն թարգմանել կամ գոնե հատվածներ․ «Այնուամենայնիվ, այն լավ առիթ էր խոսելու որոշ գործերի ու երևույթների մասին, որ անհայտ են դեռևս, չեն ճանաչվում։ Սա ինձ համար կարևոր էր։ Ուրախ եմ, որ արդեն ընթերցողի սեղանին է»,– նշեց զրուցակիցս։

 

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031