«Ռեալ աշխարհում այսօր մահացել է հայ զինվորը, որը վիրավորում էր ստացել օրեր առաջ։ Դավիթ Վարդանյանը մասնակցել էր 44-օրյա պատերազմին»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կողմից անցկացվող 28-րդ քննարկման ժամանակ խոսելով իրականության և ֆեյքերի մասին՝ փաստեց տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը։
Նա, անդրադառնալով Ադրբեջանի քայլերին ու ՀՀ իշխանությունների վարքագծին, ասաց․ «Ամեն անգամ, երբ Ադրբեջանը նման բան է անում՝ տարածք գրավում, կրակում մեր մարդկանց ուղղությամբ՝ կլինեն ռազմական դիրքեր, թե քաղաքացիական անձինք, պատշաճ կերպով ՀՀ իշխանությունը չի անդրադառնում այդ հարցերին։ Ի վերջո, տեսել ենք, որ երբ ռազմատենչ հայտարարություն էր լինում Ադրբեջանի կողմից կամ հակահայկական բաներ Թուրքիայի կողմից, այսօրվա ՀՀ գործող վերնախավն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում, որը ծիծաղելի կլիներ, եթե չավարտվեր մեր տղաների զոհվելով»։
Նրա համոզմամբ՝ աշխարհում բոլոր երկրներն էլ ունեն ռեալ շահեր՝ Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Վրաստանը։ Ու այս մասին նկատեց․ «Սա այն է, ինչ կատարվում է ռեալ աշխարհում, ոչ թե այն սիրուն, ֆեյք աշխարհում, որտեղ Բայդենը լողանում է Սև լճում»։
Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն էլ փաստեց՝ ամբողջ տարածաշրջանում ռազմականացում ու զինում է տեղի ունենում ու ուշադրություն հրավիրեց հետևյալ փաստին․ «Թուրքիան սկսում է ռազմական զորավարժություններ Էգեյան ծովում՝ հայկական սահմանից 1500 կմ հեռավորության վրա։ Սա ավելի մոտ է, քան Մոսկվան։ Սա ինչ է մեզ ասում։ Հունաստանը իր զորքերը մարտական պատրաստվածության է բերել։ Նրանք հասկանում են, որ առաջինն իրենց անվտանգությունը կապում է իր զինված ուժերի հետ, հետո իր գործընկերոջ։ Ուստի որևէ երաշխիք չկա, որ եթե վաղն այստեղ խաղաղության պայմանագիր ստորագրվի, չեն լինի ռազմական գործողություններ, հուսալ, որ կլինի որևէ կարգավիճակ՝ փաստաթղթով կամ ինստիտուցիոնալիզացված, դա երաշխիք կլինի, դա այդպես չէ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ