«ՍԴ-ի դատավորների աշխատավարձը բարձրացվում է լոյալության համար։ Սա կարող ենք եզրակացնել, քանի որ բազում նախադեպեր ունենք»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կողմից անցկացվող 28-րդ քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Նա այս առիթով հիշեցրեց․ «Ըստ մեր ներպետական իրավունքի՝ ՀՀ ստորագրած միջազգային համաձայնագրերը վավերացնելուց առաջ կարող են կարիք ունենալ ՍԴ եզրակացության։ Այստեղ երկու խութ կա թաքնված։ Գոյություն ունի 1992-ի հուլիսի 8-ի ՀՀ ԳԽ-ի որոշումը, որով ՀՀ-ն պարտավոր է սատար կանգնել ԼՂ ժողովրդի պայքարին և չստորագրել որևէ միջազգային պայմանագիր, որտեղ Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Կարող է ստեղծվել ներպետական սահմանադրական ճգնաժամ այն պարագայում, երբ գործող թուրքամետ վարչակարգը գնա նման բանի ստորագրման։ Կան իշխող կուսակցությունում մարդիկ, որոնք ասում են՝ Արցախն Ադրբեջանի մաս է։ Դինամիկան կարող է տանել նրան, որ փաստաթուղթ ստորագրվի, որտեղ նման բան է գրված։ Այդ ժամանակ ՍԴ-ն է վավերացնելու այդ փաստաթուղթը։ Իսկ այս իշխանությունը հայտնի է նրանով, որ ինքն իր սեփական իշխանության վերարտադրման համար է նման քայլերի գնում, այդ թվում կոչումների շնորհումը, աշխատավարձերի բարձրացումը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ