ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի թիվ 135 դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված դպրոցի շրջանավարտներին նվիրված հուշաքարի բացման արարողությունը։
Արարողությանը ներկա էին զոհված տղաների հարազատները, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի և Արցախի ոստիկանապետերը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, ՊՆ և ԳՇ պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները։
Կարդացեք նաև
Պատիվ ունեցա Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի հետ բացել հուշաքարը, որն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում՝ հիշեցնելու դպրոցի բոլոր այցելուներին զոհված տղաների հերոսությունները, վառ պահելու նրանց հիշատակը։
Խորհրդանշական է նաև, որ դպրոցն ինքնին կրում է Արցախյան առաջին պատերազմի հերոս Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) անունը։
Միջոցառման ընթացքում նաև դպրոցի հրաձգարանը անվանակոչվեց 44-օրյա պատերազմի զոհերի անունով, ինչպես նաև դասարաններից մեկը՝ հայրենիքի համար կյանքը չխնայած դպրոցի աշակերտ՝ Վլադիմիր Իսախանյանի (Վլադի) անունով։
Փառք մեր բոլոր հերոսներին։ Վառ պահենք նրանց հիշատակը։