Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկված հավերի տխուր վախճանը (պատմվածք)

Մայիս 29,2022 17:26

Նրանք աշխատում էին մի համերաշխ կոլեկտիվում, որտեղ ավանդույթ էր դարձել այն իրողությունը, որ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի ընտանիքում տեղի ունեցած կարևոր իրադարձության ժամանակ հավաքվում էին այդ տանը և հետաքրքիր կերպով նշում տվյալ իրադարձությունը:

Այս անգամ հերթը Վարդանին էր հասել, ով իրենց սեփական տանը, որը գտնվում էր մայրաքաղաքի ծայրամասերից մեկում, իր կոլեկտիվին տուն էր հրավիրել նշելու իր տղայի՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհելու առիթով, որին գործուն աջակցություն էր ցուցաբերել նրա աշխատանքային ղեկավար Փայլակ Փայասլյանը:

Ինչպես այդպիսի դեպքերում է լինում, հյուրասեղանին արդեն դրված էին խոզի խորովածը, բուսական յուղի մեջ տապակած աննկարագրելի համեղ կարտոֆիլը, տարբեր ուտեստներ, մրգեր, բանջարեղեն և, իհարկե, խմիչքների առատ տեսականին:

Հյուրերը՝ քսանից ավելի, հիմնականում երիտասարդ սերնդի տղամարդիկ ու կանայք էին, որոնց մեջ կային ինչպես երիտասարդ ամուսիններ, այնպես էլ չամուսնացած աղջիկներ ու տղաներ։

Սեղանի շուրջ հավաքված խնջույքի մասնակիցները աղմուկով կենացներ էին փոխանակում, առույգ երգեր երգում, նույնիսկ հյուրասրահում ռիթմիկ պարեր կազմակերպում:

Իհարկե, ներկաները աշխատանքի վայրից էին անմիջապես ներկայացել, բավականին քաղցած էին և ախորժակները տեղն էր ու ուտելիքն ու խմիչքը ավելի հաճելի ու համով էր թվում:

Մոտ երկու ժամ հետո կոլեկտիվը գրեթե ավարտելով սեղանին հայտնված ուտեստների հիմնական մասը,  մի քանի խմբերի բաժանվեց: Ոմանք նարդի կամ շախմատ սկսեցին խաղալ, մյուսներն էլ զրույցի բռնվեցին, կային նաև տաք-տաք բանավիճողներ նաև:

Ինչպես հաճախ է լինում, թունդ խմիչքն էլ իր հերթին որոշակի չար  գործն էր կատարել ոմանց մոտ և գինովցած երգեր էին երգում:

Բայց այդ դասական  իրարանցումի մեջ տան տերը՝ հարգարժան Վարդանը, ոչ մի խմբում չէր երևում: Ոմանք կարծեցին, թե նա գինովցած էր և գուցե գնացել, քնել է, իսկ ոմանք էլ, թե միգուցե իրենց  այգում թարմ օդի է դուրս եկել:

Խնջույքը ավարտին էր մոտենում և հենց այդ պահին, երբ հյուրերը կամաց-կամաց պատրաստվում էին հրաժեշտ տալ տանտիրոջը և տուն մեկնել, հյուրասենյակում հայտնվեց կոլեկտիվի անդամներից մեկը, որը մոտեցավ Փայլակին, որը լարված շախմատ էր խաղում իր աշխատակիցներից մեկի հետ և կամացուկ շշնջաց նրա ականջին:

-Պարոն Փայասլյան, խնդրում եմ, դուք եկեք և երևի դուք կարողանաք համոզել Վարդանին:

-Իսկ ի՞նչ է պատահել,-անհանգստացավ Փայլակը:

-Վարդանը դուռ բացել, մտել է իրենց հավանոցը, որ հավ բռնի, մորթի, հավերը սարսափահար այս կես գիշերին դուրս են փախել ու տարածվել այգում:

-Բայց ես ի՞նչ կարող եմ անել,- զարմացած պատասխանեց Փայլակը:

-Բանը նրանում է, որ հավանոցի դուռը փակվել է և երեք հավ մնացել են ներսում, իսկ հիմա Վարդանը ուզում է դրանց բռնի, որ մորթի, մեզ հյուրասիրի, մեր խնդրանքին, որ հրաժարվի այս կեսգիշերին հավ մորթելու մտքից, արդյունք չի տալիս, միայն դուք կարող եք նրան համոզել հրաժարվելու այդ մտքից, նա ձեզ կլսի, մենք չկարողացանք նրան համոզել, մի քիչ էլ գինովցած է, չի լսում մեզ:

-Գնանք, տեսնենք ինչ կարող ենք անել,- ասաց Փայլակը և հետևեց լուր բերողին:

Երբ նրանք մտան հավանոց, տեսան, թե ինչպես է Վարդանը փորձում բռնել ահաբեկված հավերին, որոնք սարսափահար այս ու այն կողմ էին վազվզում, թռչկոտում ու սարսափահար կչկչում:

Ինչպես ասացի, Վարդանը մի քիչ գինովցած էր, և նրա շարժումները աննպատակ թևածում էին օդում ու հավ բռնելու տարբերակից շատ հեռու էին:

-Վարդա՛ն,- հրամայական տոնով ասաց Փայլակը,-այս ի՞նչ ես անում:

Լսելով շեֆի ձայնը՝ Վարդանը հանկարծակիի եկավ և շփոթված կմկմաց.

-Պարոն Փայասլյան,  ուզում եմ բռնել հավերին, որ մորթեմ ու ձեզ հյուրասիրեմ:

-Վարդան ջան, բայց այս կես գիշերին մինչև հավերին բռնես, մորթես, փետրահան անես, եփես, լույսը կբացվի, իսկ մենք արդեն պատրաստվում ենք շնորհակալություն հայտնել լավ հյուրասիրության համար ու հրաժեշտ տալ ձեր ընտանիքին:

-Ախր, շատ էի ուզում, որ հավի մսով էլ հյուրասիրեմ, գիտեք ինչ համեղ միս ունեն, ինքս եմ խնամում,-հպարտացավ Վարդանը՝ կանգնած տեղում ճոճվելով:

-Ճիշտ ես ասում, բայց մնացած հավերը փախել են, իսկ երեք հավը այսքան մարդու համար շատ քիչ կլինի, արի այսպես պայմանավորվենք, հիմա այս հավերին հանգիստ ես թողնում, դուրս փախածներին էլ եթե կարողանաս ներս ես բերում, մի ուրիշ օր, մենք չորսով, ես, դու և երկու փոխտնօրենները կգանք ու այդ հավերին կմորթենք, կուտենք ու մի բան կհասկանանք, թե չէ այս երեք հավը քսան հոգու համար շատ քիչ կլինի:

-Բայց ազնիվ խոսք, խոստանում ե՞ք, պարոն Փայասլյան՝ տեղում ճոճվելով աչքերը հառեց Վարդանը Փայլակի վրա:

-Իհարկե, բա հո կատակ չեմ անում:

-Դե, լավ, որ ասում ես…,- ծոր տվեց Վարդանը:

-Ես իմ տված խոսքի տերն եմ,- հաստատեց Փայլակը և նրանք դուրս եկան հավանոցից:

Շատ չանցած, աշխատանքային կոլեկտիվի անձնակազմը շնորհակալություն հայտնեց Վարդանին ու նրա տնեցիներին ճոխ հյուրասիրության համար և դուրս գալով մոտակա փողոցի կանգառը, ամեն մեկը բռնեց իր տուն դարձի հնարավոր ճանապարհը՝ հասարակական տրանսպորտով կամ տաքսիներով:

Անցել էր գրեթե մեկ ամիս: Աշխատանքային օրվա վերջում Վարդանը կամացուկ ծեծեց Փայասլյանի աշխատասենյակի դուռը և թույլտվություն ստանալով, ներս մտավ:

-Հը, ի՞նչ կա Վարդան,-սիրալիր հարցրեց Փայլակը:

-Պարոն Փայասլյան, հիշո՞ւմ եք, որ մեկ ամիս առաջ ինչ խոստացաք:

-Ի՞նչ եմ խոստացել Վարդան ջան, չեմ հիշում, գուցե հիշեցնեք:

-Առավոտյան այն թռվռան երեք հավերին մորթել եմ և տվել կնոջս ու պատվիրել դրանցից մի համեղ կերակուր պատրաստի ու Ձեզ այսօր մեր տուն եմ հրավիրում:

-Ա՛յ, Վարդան ջան, ես կատակ եմ արել այդ օրը, որ այդ խեղճ հավերին քո ձեռքից ազատեմ, դու էլ լուրջ  ե՞ս ընդունել:

-Որ մերժեք կնեղանամ, պարոն Փայասլյան,-խեղճացած արձագանքեց Վարդանը:

-Դե՛ լավ, որ հավերին արդեն մորթել ես, առաջարկդ չեմ մերժի,-ժպտաց Փայլակը:

Աշխատանքային օրվա վերջին նրանք չորսով մեկնեցին Փայլակենց տուն:

Երբ հյուրերը ներս մտան ճաշասենյակ, սեղանին տեսան գեղեցիկ զարդարված և տարբեր ամաններում տեղադրված տապակած հավերի ախորժելի մարմինները, որոնք շրջապատված էին տարբեր տեսակի ըմպելիքներով:

Ինչ խոսք, հաճելի ընթրիք էր, բայց այն տոնական մթնոլորտը արդեն չէր թևածում Վարդանենց տանը, ինչպես մեկ ամիս առաջ:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031