Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը։
Հերթական պարգեւը գեներալ-մայորի համար, իհարկե, պարտավորեցնող է, բայց երբեք ոչինչ չի արել փառքի համար։ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Միասնական լինենք ու ամեն ինչ ստացվելու է»,-ասում է Արտակ Բուդաղյանը։
Կարդացեք նաև
Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ այցելեց Սյունիքում տեղակայված մարտական դիրքեր։ Նրանք ծանոթացան դիրքերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ 44-օրյա պատերազմից հետո կահավորվել են խրամատները, նոր ժամանակակից տնակ-վրաններ են տեղադրվել։ Գեներալ-մայոր Բուդաղյանը ներկայացնում է՝ ձեռք են բերել այնպիսի զենքեր ու սարքավորումներ, որոնք այս պահին հակառակորդը չունի։ Շատ մանրամասներ են ներկայացվում, որոնք, սակայն, բարձրաձայնել պետք չէ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մինչեւ մարզպետ նշանակվելը, որպես վարչապետի խորհրդական ու Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար պարբերաբար այցելել է առաջնագիծ։ «Երկար ժամանակ չէի եղել այս հատվածում։ Բավականին փոփոխություններ կար, բավականին բարելավված է վիճակը։ Առաջնագծում կանգնած զինվորը պիտի ամուր լինի»,-ասում է Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետն ու Արտակ Բուդաղյանը զինծառայողների հետ զրույցում կարեւորեցին նաեւ միասնականության գաղափարը։ «Երբ միասին ենք եղել՝ հաղթել ենք։ Տղերք, սա է մեզ պետք այսօր։ Հաղթանակները գնահատել, նրա հերոսներին հիշել ու օրինակներով ոգեշնչվել միշտ է պետք»,- նրանց հորդորն է առաջնագծում կանգնած զինվորներին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ