Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման 104-ամյակի օրը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի, մարզպետարանի աշխատակազմի, ուժային ու իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել նախ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն, ապա Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Նժդեհի շիրիմին։
Պաշտոնյաներն ու կապանցիները այցելել են նաեւ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր ու ծաղկադրումով հարգել հանուն Հայաստանի Հանրապետության ու պետականության պահպանման զոհված հայորդիների հիշատակը։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետի խոսքով՝ պարտավոր ենք այնպես ապրել, որպեսզի իրավունք ունենանք կոչվելու Մայիսի 28-ը մեզ պարգեւած հերոսների ժառանգը, որոնց շարքերում հավերժ մեծարանքի արժանի ու անօրինակ սխրանքներ գործած սյունեցիներ կան։
«Հիշելով, թե պատմական ինչ իրավիճակում է կերտվել Մայիսի 28-ը, պետք է ընդունենք, որ այս տոնը մեր ուժերի հանդեպ ինքնավստահության, ազգային համախմբման դեպքում ուժի ու անպարտելիության ապացույցն է, որից դասեր ունենք քաղելու։ Բոլորիս միասնություն, խաղաղություն, բարություն եմ մաղթում, նաեւ սեր՝ միմյանց ու Հայրենիքի հանդեպ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, հիշեցնելով օրվա խորհուրդը, վստահ է, որ այսօր էլ մեր միասնության, վճռականության եւ համախմբվածության շնորհիվ կկարողանանք ոտքի կանգնել, գրանցել նոր հաղթանակներ։ «Այսօր պարտքն է հիշել ու փառաբանել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներին՝ նրանց շարքերում հպարտորեն նշելով կապանցի Արամ Մանուկյանին եւ մեր մյուս համերկրացիներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում»,-ասում է Գեւորգ Փարսյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ