«Սփյուռք, Ռուսաստան, համայն հայությանը շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ՝ ի հեճուկս մեր թշնամիների, որ մեր ներսում են»,- այսօր Դիմադրության շարժման հանրահավաքին ասաց Արցախի ազգային հերոս, 44-օրյա պատերազմում զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդիա Առուշանյանը:
Նա ասաց, որ եկել է արթնացնելու ժողովրդին, հո ինքն էլ սպիտակ մազերով ու այդ տարիքում պաշտոնի համար չի՞ պայքարում. «Եկե՛ք, ինչ եք ուղտի ականջում քնել: Մայրաբար եմ խնդրում ձեզ, տատիկաբար եմ խնդրում, որպես զինվորականի մայր եմ խնդրում: Եկեք բոլորդ Սփյուռքից, քնած Ռուսաստան: Այնտեղի հայերը բոլորը անտարբեր են դարձել, այս ….-ի պատճառով բոլոր հարեւաններից էլ ենք զրկվել, բարեկամներից էլ ենք զրկվել: Նիկո՛լ, երկնային պատիժ քեզ»:
Ելույթ ունեցավ նաեւ էներգետիկայի նախկին նախարար Մերուժան Միքայելյանը: Նա Դիմադրության շարժումը անվանեց ազգային-ազատագրական շարժում. «Տարածված են մի քանի կեղծ վայրահաչություններ, որոնք մոլորության մեջ են գցում մարդկանց: Այդ տիպի վայրահաչություններին փորձենք պատասխան տալ, որոնք մեր հայրենակիցներին հասկանալի կդարձնեն պայքարի նպատակները: Կեղծարարություններից է հետեւյալը՝ շարժումը ներկայացնում են որպես աթոռի կռիվ, ներկայացնում են որպես նախկին-ներկա զզվելի ու հնարովի թեզի իրականացում, նախկինների իշխանության վերադառնալու հարց: Շարժումը իբր թե չունի գաղափարներ, հետագա անելիքների ծրագիր չունի: Ուզում եմ բոլոր այդ կեղծ թեզերը հերքել: Նաեւ մյուս կեղծարարությունը, որին փորձում են դիմել՝ ներկայացնում են, թե շարժման համակարգողները, առաջնորդները վերադառնալու են իշխանության ու կրկնվելու են նախկին արատավոր բարքերը, արատավոր երեւույթները ու շարժումը խաբելու է ժողովրդին: Նախ, ուզում եմ հայտարարել, որ շարժումը մեկ կամ երկու կուսակցության, նախկինում իշխանություն ունեցած մի քանի անհատների շարժում չի: Մեր ազգային գվարդիայի ներկայությունն այս շարժման մեջ վկայություն է, որ այստեղ խնդիրը իշխանություն գրավելուն չի վերաբերում, նախկինների վերադարձին չի վերաբերում: Օրինակ, ազգային գվարդիան ունի իր տեսակետները, իր ծրագիրը, իր գաղափարները, որոնք շատ բաներով տարանջատվում են շարժումը առաջնորդող ուրիշ ուժերի գաղափարներից: Բայց այս պահին դա չի մեր երկրի գլխավոր խնդիրը, օրհասական է մեր երկրի պահպանության, գոյապահպանության խնդիրը: Հաջորդ փուլում բոլոր անհաշտությունները, անհամաձայնությունները, որոնք ունենք, կներկայացնենք»:
Կարդացեք նաև
Հանրահավաքի ժամանակ հայտարարեցին, որ երկու օր առաջ մի քաղաքացի՝ Զոյա Սանոսյանը, որի պապը ՀՅԴ-ական լինելու համար իր կյանքն անցկացրել է բանտերում, մի նամակ է փոխանցել ու մի քանի մետաղական ոսկեդրամ: Նամակը ցուցադրեցին, որտեղ մասնավորապես գրված էր. «Հարգարժան Իշխան Սաղաթելյան եւ Գեղամ Մանուկյան, մեր հայրենիքի համար վճռորոշ այս օրերին ես իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս եւ ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործերին: Իմ համոզմամբ, այս գործի արժանի շարունակողներն այսօր դուք եք»:
Ոսկեդրամները Գեղամ Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը որոշել են հանձնել ՀՅԴ բյուրոյի թանգարանին: Վստահեցրին, որ որպես մասունք կպահվեն ու ճիշտ նպատակին կծառայեն, սերունդներին կփոխանցվեն՝ որպես հիշողություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ