Լրահոս
Օրվա լրահոսը

Մշտարթուն ու բա՜ց աչքեր․․․ Արտաշէս Քալանթարեան

Մայիս 28,2022 21:00

… Երեք տասնամեակ է, որ գրեթէ չի յիշւում անուանի տաղանդաւոր գրող, թատե­րագիր, համարձակ լրագրող Արտաշէս Քալանթարեանի անունը: Ժամանակին գրողի պիեսների հեռուստատեսային բեմադրութիւնները եւ դրանց եերկայացում­ն­ե­րը Երե­­­ւանի Երաժշտական Կոմեդիայի թատրոնում, քաղաքի ժողովրդային  լայն խաւե­րի ամէ­նօրեայ  հաղորդակցութեան նիւթի էր վերածուել:

Ժամանակին Արտաշէս Քալանթարեանի թատրերգութիւնները մեծ ժողովրդայա­կանութիւն էին վայելում Հայաստանում: Ինչո՞ւ չէ` նաեւ Սփիւռքում, տեղ հասած տե­սա­ձայնագրութիւնների միջոցով:

Պիտի խոստովանել, որ Անկախ Հայաստանի օրոք ըստ արժանւոյն չի արժեւորուել Քալան­թարեանի գրական վաստակը: Միայն վերջերս պարզուեց, որ դեռեւս 2005 թու­ա­կանին է որոշուել Երեւանի փողոցներից մէկը, կամ որոշ յատուածը կոչել Արտաշէս Քալանթարեանի անունով: Որքան էլ տարօրինակ, միայն 17 տարի անց, այս տարուայ Մայիսի 24-ին է Երեւանի Աւագանին որոշեց իրականացնել վաղեմութեան վճիռը:

Էստեղ են ասել` ե՜ւ ուշ, ե՜ւ ուշացած:

Ամէն պարագայի սա մի առիթ եղաւ, որպէսզի ես կրկին անդրադառնամ մեծ ժողո­վրդականութիւն վայելած գրողին:

Նախ` ինչո՞վ է գրաւիչ Քալանթարեանի գրականութիւնը: Առաջին հերթին` իւրա­քանչիւր ընթերցողի համար պարզ, հասկանալի լեզուով արտայայտուելու բացա­ռիկ ունակութեամբ: Եւ յետոյ` հայ մարդուն, երեւանցուն յուզող թեմաներին առաջ­նու­թիւն տալը, ի վերջոյ` Հայրենիքի ճակատագրի համար մշտատեւ պայքարը կան­գում պա­հե­լու մարտա­հրա­ւէրների բազմազանութեան հրամայական որդեգրումը::

Այդ ամէնի հետ մէկտեղ գրողը կը խնդրի, կը յորդորի, որ մարդիկ բանան իրենց աչքերը եւ տեսնեն, թէ ինչո՞ւ, ի՞նչ  պայմանների բերումով է, որ շատեր լքում են Հայրե­նիքը:

– Հենրի՜կ, ախր յիշիր է՜,- ժամանակին ասում էր Արտաշէսը Լոս Անջելէսի մեր տանը,- ես «Բացէք ձեր աչքերը» պիեսում ասում եմ, որ մարդն ազատ է, ուր ուզի` կարող է ապրել, ու շեշտել եմ նաեւ, թէ ինչպէս հերոսը իր վերադասի երեսին է շպրտում` «Հայրենիքից չեմ փախչում է՜, տօ՜,  լսի՜ր… ես քեզնից ու քո նմաններից եմ փախչում…»:

– Այո՜, Հայրենիքից ոչ ոք չի փախչում Արտաշէս,- ասում եմ ես,- փախչում են պայ­ման­ներից, դրուածքից, անշուշտ` մարդկանցից նաեւ, եւ հենց քո խօսքերով` « Մարդ  մի տնային կառավարչի պատճառով էլ կարող է լքել Հայրենիքը»:

Դա` 70-80 թուականներին էր, երբ մի քանի անգամ հայկական հեռուստատեսու­թեամբ ներկայացուեց Քալանթարեանի «Բացէք ձեր աչքերը» պիեսը:

Գլորուող  ձնագնդի տեսք ստացող  արտագաղթը մտահոգիչ  չափերի էր հասել, եւ, անշուշտ, Արտաշէսի  նման գրողն ու դրամատուրգը  չէր կարող  անտարբեր հայեաց­քով նայել, թէ ինչպէս են  մարդիկ թողնում իրենց  տներն ու ապահով  աշխատանքը եւ մեկնում անյայտութիւն: Եւ Արտաշէս Քալանթարեանը մարդու, ՀԱՅ մարդու, Հայ  գրողի ու հրապարակագրի իրաւունքով հարցնում է`

– ԻՍԿ ԴՈ՛Ւ Ո՞ՐՏԵՂ ԷԻՐ…

Սա գրողի վէպի անուանումն է, վէպ, որի հերոսները իրար մեղադրելով, մէկը միւ­սին հարցնում են` «Ո՞տեղ էիր, երբ տրորում էին քո մասունքները», «Իսկ դո՞ւ որտեղ էիր, երբ անմեղ ընկերոջդ դատում էին հայրենասիրութեան համար», «Իսկ դու` անկիւնում նստած թշուառական, ո՞րտեղ էիր, երբ բռնաբարում էին մեր իրաւունք­ները, պղծում էին մեր կրօնն ու սրբութիւնները…»:

– Իսկ ո՞ւր էր Արտաշէս Քալանթարեանը,- իրաւարարի իրաւունքով կարող է հարցնել ընթերցողը:

… Սեփական անդրավարտիքը հազիւ կոճկելու ընդունակ Արտաշէսը զգում էր, հասկանում, որ քաղաքամայր Երեւանում պակասում, անհետանում են մարդիկ, կար­ծես չէին էլ եղել, մեծերի բերնից հազիւ կարողանում էր որսալ անուններ` Չարենց, Մահարի, Ալազան:

Միանգամից մեծացաւ Արտաշէսը,- պատերազմ, սով, անյայտութիւն: Լաւ է, որ փո­ղո­ցի իր հասակակից տղաները երկար չէին պահում խաղերի մէջ` «Չլիկ դաստա», «Բանկա-փլաւ», «Էշ միլիցա», «Լախտի», ու ստիպում էին իրեն տուն գնայ ու կարդալ: «Կարդացող» էին դրել անունը, եւ, զարմանալիօրէ~ն, յարգում էին այդ վտիտ մարմ­նով, կարճլիկ պատանուն:

Հազիւ 4-րդ դասարան հասած, փոշոտ փողոցում քրջերից «պատրաստուած» ֆուտ­բոլի գնդակի ետեւից վազելը թողնելով, գնում էր Կոնդի բարձունքից իջնող զինուո­րական հագուստներ հագած շարասեան ետեւից:

Եվ` Արտաշէսը կարդաց ու սովորեց եւ կեանք մտաւ որպէս փայլուն. անահ լրա­գրող: Այդ յետոյ էր, որ իր մասնագիտութեանն աւելացան միւսները` հրապարա­կագիրն ու գրողը, դրամատուրգն ու երգիծաբանը:

Սակայն, իմ տպաւորութեան եւ երեւակայութեան մէջ, Արտաշէսը եղել եւ մնում է  այն լրագրող-ժուռնալիստը, որն իմ պատանեկութեան եւ երիտասարդ տարիներին համարձակօրէն, իր` մէկը միւսից աւելի կծու, խայթող, սուր ու դիտողական գրչով խարազանում էր Երեւան քաղաքի բոլո՜ր արատաւոր երեւոյթները: Ո՜վ եւ ինչ պաշտօնի տէր էլ լիներ, միեւնոյնն է` խաբեութեան եւ կամ  հասարակութեան հանդէպ ունեցած  անազնիւ կեցուածքի համար պիտի «պատժուէր» Քալանթարեանի սպանիչ գրչով:

Ժամանակին կարդալով Քալանթարեանի ֆելիետոնները, մենք գիտէինք թէ  քանի՜, քանի՜ պաշտօնեաներ, զեղծարարներ ու խաբեբաներ պիտի զրկուէին իրենց շուայտ ու ցոփ կեանքից: Յիշողութեանս մէջ թարմ է 50-60 տարի առաջ Քալան­թարեանի գրած ֆելիետոններից մէկի  վերնագիրը` «Նամանաւանդ ձիս կապեմ ու գամ», որի մէջ ինչպէս կռահում էք, պախարակուում էր գրուածքի ենթական` հայերէն չիմա­նալու եւ անգրագէտ գրուածքների եւ` նո՜յնքան անգրագէտ մտածումների համար:

Այնուհետեւ գալիս էր «Վերին դատաստանը», վերին մարմիններում քննում էին Արտա­շէսի  յօդուածը,  ու մի նոր  նկատողութիւն  էր  աւելանում իր  անձնական գործին, նկատողութիւն`խորհրդային կարգերում բոյն դրած արատաւոր երեւոյթները բացե­իբաց  քննադատելու եւ խարազանելու համար:

Անշուշտ, Քալանթարեանի նման լրագրողի, ես կ՚ ասէի մարտիկ գրողի համար բնաւ էլ կարեւոր չէին ո՜չ այդ նկատողութիւնները, եւ ոչ էլ` այս կամ այն աշխատանքից զրկուելը:

Նրա համար կարեւորը գրելն էր, գրելու ցանկութեանը յագուրդ տալը հաճոյքն ու  բաւա­կանութիւնը, հաճո~յք, որ քո գրութեան շնորհիւ դատարանի առջեւ ելան մի քանի խաբեբաներ ու աւազակներ:

Նման թեմաներով առաջին գիրքը լոյս տեսաւ  «Առաջինը» անուան տակ:  Յետոյ, Ար­տա­շէսի հեքիաթային գունաւոր երազները ձեւի մէջ մտան «Գունաւոր երազներ» հատորում: Երազներ, որ առանց երեխաների պատկերացնել հնարաւոր չէ, ուրեմն` նրանց համար էլ` «Ալիկ բալիկը»:

Գունաւոր երազներն ու մեր բալիկները` այո՜ , կարեւոր են, բայց նրանց  ազնուա­ցած եւ իրականացած տեսնելու համար, Քալանթարեանը պէ՜տք է, որ խարազաներ նրանց  երկունքը խանգարողներին, ուրեմն`իրեն պէռք էր  «Խղճի գիշերային այցը», որ յետոյ էլ, որպէս այդ այցի արդիւնք, մէջտեղ գար «Բացէք ձեր աչքերը» պիեսը:

Ինչպէս տեսնում է ուշադիր ընթերցողը «Իսկ դու ո՞րտեղ էիր» հարցման պատաս­խանը հստակ է Արտաշէս Քալանթարեանի մօտ: Վերոյիշեալ գործերին եթէ աւե­լացնելու լինենք «Մարաթոն» վէպը,  «Հանրապետութեան օրինակելի քաղաքացին», «Մովսէս Ապերը» եւ «Սիրիր մերձաւորիդ» վիպակները, ապա այս գործերի անուա­նումների թուարկումովն իսկ, հնարաւոր է պատկերացնել թէ ուր էր Արտաշէս Քալան­թարեանը, այնտեղ` ուր Հայաստանի առօրեայ կեանքն է, կեանքը` իր մարդ­կանցով, իր` երբեմնի հանդարտ, խաղաղ կեանքով, որն այսօր  խաթարուել է բազ­մաթիւ չլուծ­ւած խնդիրների պատճառով:

Ժամանակին Արտաշէս Քալանթարեանը ամենուր էր, նրա զննող աչքից ոչինչ չէր վրիպում: Նոյնիսկ այն դժնդակ տարիներին անգամ (Բաքու, Սումգայիթ) նա համար­ձա­կօրէն դատափետում էր Խորհրդային վարչակարգում 70 տարի շարունակ քա­րոզուող «Ժողովուրդների բարեկամութիւն» գաղափարի դատարկ ու փուչ լինելը:

Երկար չապրեց Արտաշէս Քալանթարեանը, ընդամենը 59 տարի` ծերութեան նա­խա­­շեմ: Սակայն նա ապրեց իմաստալից կեանքով, իր ժողովրդին թողնելով գրական ժանրի բազմատեսակ գլուխ-գործոցներ:

Վէպէր, պատմուածքներ, դրամաներ, կատակերգութիւններ, ֆելիետոններ, հրապա­րա­կա­խօ­սական յօդուածներ, ռադիո-հեռուստատեսային բազմաթիւ հաղորդումներ եւ բեմադրութիւններ,- այսպիսին է Արտաշէս Քալանթարեանի դիտողական, նուրբ, երբեմն խայթող, երբեմն էլ` խորհրդատու ու քաջալերող գրչի արգասիքը:

«Աշխարհի ճանապարհներին» իմաստուն դառած, պայծառ մտքով ու երեւակայու­թեամբ հարստացած Քալանթարեանն այնուհետեւ իր «Մի բուռ ծիծաղ»- ով, ժողովրդի հետ «Իրիկնային հեքիաթ»-ի նստած, յորդորեց մարդկանց «Մարաթոն»- եան  վազքով չխանգարել մէկը-միւսի առաջընթացին եւ, ազնուօրէն պարտադրելով սեփական ԵՍ-ը,  բարձրաձայն աղաղակեց`  «Քանի դեռ կամ», կ՚ անեմ ամէն ինչ, որպէսզի ամէն հայլ ինի իր`«Հանրապետութեան օրինակելի քաղաքացին»:

Արտաշէս Քալանթարեանը չհանդուրժելով որեւէ տեսակ անարդարութիւն, ազնու­օրէն հաւատալով «Մեր տունը ձեր տունն է» գաղափարին, բարձրաձայնեց հայ կեանքում տեղի ունեցող անարդարութիւնների մասին:

Յանցա­գոր­ծին` դատա­փետող, մեղաւորին` խարազանող, անարդար, շուայտ ու լպիրշ կեանք վարող աթո­ռա­մոլ պաշտօնեային ի լուր աշխարհի` նուաստացնող, խեղ­ճին, տկարին ու ազնիւ հոգուն մի՜շտ հասնող ու նրա ազնուութիւնը գնահատող լուրջ գրողն ու մտաւորա­կան Արտաշէս Քալանթարեանը:

Անկրկնելի հմայքով, սրամիտ պատմութիւններով հարստացած, գորովագութ, երգելու սքանչելի կարողութեամբ օժտուած, կենսախինդ, կեանքին սիրահարուած, մարդկանց մէջ միայն բարին փնտռող սիրելի Արտաշէսը բարի անունով մտաւ Հայ Աշխարհ եւ, աւելի քան բարի, որպէս հրեշտակ մեկնեց այս աշխարհից:

Հենրիկ ԱՆԱՍԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031