Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքին դիմեցին միջազգային հանրությանը. «Մի՛ եկեք Հայաստան այս ընթացքում, եկել եք մի ժամանակ, երբ այդ դավաճանը մեզ վաճառում է ու ձեր այցերը կարող են օգտագործվել»

Մայիս 28,2022 20:43

«Մեր շարժման մասին վերջերս տարբեր բաներ եմ լսում, մեզ, մեր ակցիաները, մեր գործողություններն անվանում են է՛լ պրոռուսական, է՛լ պրոեվրոպական, է՛պրոամերիկյան, է՛լ տարբեր պրո-ներ: Ես հասկանում եմ, որ աշխարհի տարբեր կենտրոններ Հայաստանում տարբեր բաներ են ուզում տեսնեն, օրինակ, Բելառուսի նախագահը մեր շարժումը մեղադրում է արեւմտամետ լինելու մեջ: Արեւմուտքի որոշ շրջանակներ կարծում են, որ մեր շարժումը պրոռուսական է: Այսօր այս հարթակից եւս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ միակ պրո-ն, որ կարող ենք լինել՝  պրոհայկականն է, հայամետն է, արցախամետն է»,- Դիմադրության շարժման հանրահավաքին ասաց միջազգայնագետ Լիլիթ Բեգլարյանը:

Նա նշեց,որ իրենք Հայաստանը կրկին գործոն դարձնողն են ու իրենց շարժումը չունի աշխարհաքաղաքական հովանավորներ. «Մենք մեր երկիրը առուծախի չենք ենթարկում, գեոպոլիտիկ խաղեր չենք տալիս: Մեր շարժումը չունի աշխարհաքաղաքական տերերի կարիք, բայց այո, ունի միջազգային գործընկերության կարիք»: Բեգլարյանը հորդորեց չշփոթել միջազգային համագործակցությունը ծառայություն մատուցելու հետ, մինչդեռ գործող իշխանությունները, ըստ նրա, ծառայություն են մատուցում ու դա անում են՝ մեր երկրի հաշվին:

Ըստ միջազգայնագետի, մեզ օգտագործում են ըստ քաղաքական նպատակահարմարության ու բրյուսելյան հանդիպումը դրա ամենավառ ապացույցն է, ցավոք, ոչ միակը. «Այդ հանդիպման ընթացքում գրեթե բաց տեքստով հաստատեցին ու ազդարարեցին Արցախի հանձնումը եւ Հայաստանի մասնատումը՝ ճանապարհային հանգույցներ տրամադրելով Ադրբեջանին: Այսօր էլ շարունակում են միակողմանի զիջումները ու խաղաղության անվան տակ մեր երկիրը քանդելու քաղաքականությունը: Սակայն միջազգային հանրությունը պիտի հասկանա, որ այս մարդիկ չեն ներկայացնում մեզ, չեն ներկայացնում մեր ժողովրդին»:

Լիլիթ Բեգլարյանը նշեց, որ երբ միջազգային հանրության ներկայացուցիչներին հանդիպումներից հետ են գցում, պաշտոնական ծրագրերն ու օրակարգերը խաթարում են, ճանապարհ են փակում, դրանով մի բան են հուշում՝ պատեհ պահի չեն եկել, եկել են մի ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարում է դավաճան. «Եկել եք Հայաստան մի ժամանակ, երբ այդ դավաճանը մեզ վաճառում է ու ձեր այցերը կարող են օգտագործվել՝ որպես միջազգային սատարման հիմնավորում: Հետեւաբար մի՛ եկեք Հայաստան այս ընթացքում: Սպասեք մի քիչ, հայ ժողովուրդը նորից կլինի Հայաստանի տերը, այդ ժամանակ կտեսնեք հայկական հյուրընկալությունը, որովհետեւ դուք կլինեք հայ ժողովրդի հյուրը, ոչ թե Նիկոլի անձնական հյուրը»:

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական խաղերի համար մարդու իրավունքների ոտնահարումն անտեսելն, այս տարածաշրջանում երկակի ստանդարտներով առաջնորդվելն անընդունելի է, ինչպես որ անընդունելի է Նիկոլ Փաշինյանին սատարելը՝ իրենց շահերի համար ու ի վնաս հայ ժողովրդի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031