Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ուզածը հենց այն է, որ իրենց ուզածը չկատարվի… Մի բան պետք է անենք, որ Աստծո բարեհաճությունը ստանանք ու կարողանանք սրանց քշել». Արմեն Ռուստամյան

Մայիս 28,2022 20:04

«Արցախյան ազատամարտով մենք կարողացանք ունենալ 42 հազար քկմ հայկական տարածքներ, սա պարծանք էր, մեծ հաջողություն էր մեր սերնդի համար: Եկավ այս իշխանությունը` 42 հազարից թողել է մոտ 32 հազարը: Ու դրանից հետո հարցնում են՝ ի՞նչ ենք արել մենք այս ազգին վատ, որ ուզում եք հեռանանք: Էլ ի՞նչ պիտի անեիք, որ հեռանայիք։ Ձեզ փոխանցվել էր մեր վերահսկողության տակ գտնվող 42 քառակուսի կմ հայկական տարածք, դեռ հարց է՝ 32 հազար կմնա՞, թե՞ չէ: Եթե իրենք մնան, չի մնալու, ժողովուրդ: Սա է իրական մարտահրավերը, որ մեզ բոլորիս հավաքել է հրապարակում»,-Դիմադրության շարժման հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ ազգադավ լուրեր են, թե իրենք աթոռակռիվ են անում, հրապարակում հավաքվել են ու չգիտեն ինչ են անում. «Էդ իրենք չգիտեն ինչ են ուզում: Կամ արդեն գիտեն ինչ են ուզում, բայց մեզնից թաքուն ու գաղտի են պահում: Մեր ուզածը հենց այն է, որ իրենց ուզածը չկատարվի, նախեւառաջ դա ենք ուզում»:

Խոսելով իշխանությունների խոստացած ապագայից՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ո՞ւմն է պետք է այդ զիջումներով ապագան, երբ որ մենք մեր տեսակը չենք ունենալու, չարքաշ կյանքով թրքահպատակ ապագան ո՞ւմ է պետք: Մենք ստրուկ ազգ երբեք չենք եղել: Այո, պատահել է, որ մենք ընկել ենք, բայց երբեք չենք ծնկել: Իսկ ով որ ծնկել է, պետք է հեռանա, իրավունք չունի կանգուն ազգի ղեկավարել»: Ռուստամյանն ասաց, որ ժամկետներ չի կարող ասել, որովհետեւ ժամկետները Աստծո ձեռքում են. «Աստված է որոշում: Մի բան պետք է անենք, որ Աստծո բարեհաճությունը ստանանք ու կարողանանք սրանց քշել այնպես, որ բացվի նոր արշալույս»:

Ռուստամյանը հորդորեց չվհատվել՝ ասելով, որ ամեն օր բյուրեղանում են, ավելի լավն են դառնում ու ավելի հայ են դառնում. «Մենք եթե կարողանանք հասնենք այնպիսի անհնազանդության, որ սրանք հնազանդվող մնան միայն նեղ ՔՊ-ական շրջանակն ու մի քանի բերետավորներ, հաստատ հարցը լուծված է: Այդ անհնազանդության մակարդակին մենք պետք է հասնենք, դա պետք է լինի թե՛ որակով, թե՛ քանակով: Հավատքն է ասում՝ ով որ մեր դեմ չի, մեր հետ է: Ով մեր նպատակներին դեմ չի, նրանք բոլորը մեզ հետ են՝ լինեն հրապարակում, թե հեռվից մեզ նայեն»:  Ռուստամյանն ասաց, որ պետք է կազմակերպված լինեն. «Այսօր իրենք ունեն կազմակերպված մի քանի հազար բերետավորներ, եթե մենք ավելի կազմակերպված թիմ ունենանք, իրենք մի օր չեն մնա: Իրենք պետք է մի օր զարթնեն ու հասկանան, որ ունեն պաշտոն, բայց չունեն իշխանություն: Իշխանություն ունի ժողովուրդը»:

Ըստ Ռուստամյանի, այսօր ոչ թե ժողովուրդն է իշխանության, այլ՝ ՔՊ-ի խմբակը՝ «ապազգային, եսիմ որտեղերը կրթություն ստացած», որոնք եկել ու ուզում են մեր ազգին ղեկավարեն ու պարտադրեն իրենց կամքը. «Որպեսզի մենք ազգովի իսկապես գանք իշխանության, պետք է լինի ազգային հավաքականի նման: Պետք է 10 մլն-ի մեջ գտնենք լավագույն նախարարի, որ լավ ղեկավարի: Կադրերն են ամեն ինչ որոշում, ժողովուրդ »:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031