Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատում, սահմանագծում անվան տակ տեղի է ունենում ուղղակի մեր տարածքների օտարում»․ «Առերեսում»

Մայիս 28,2022 22:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա օգոստոսի 3-ին՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին, ասել էր․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։

Մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահի Շառլ Միշելը մայիսի 23–ին հայտարարեց, որ «Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանն ու նրան, թե ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»։ Եվ Երևանն ու Բաքուն նույն օրը եւեթ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը ու դրան անմիջապես հաջորդեց փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

Սա նշանակո՞ւմ է, թե Հայաստանը հրաժարվեց իր նախկին դիրքորոշումից, որ սահմանազատման հարցը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերումից հետո: Այս հարցին ի պատասխան «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որ 2017 թվականից ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահն էր եւ այդ հանձնաժողովը ղեկավարել է նաեւ 2014-ին՝ ասաց․ «Նախ՝ ակնհայտ է, որ եթե գործընթաց ես սկսում՝ պետք է քո տարածքից դուրս գան։ Երկրորդը՝ տեսեք, Շառլ Միշելը ժամկետ է ասում։ Ես ուղղակի մի օրինակ բերեմ՝ մենք բարեկամական հարաբերություններ ունենք Վրաստանի հետ։ Բայց բանակցությունները գործընթացը սկսելու վերաբերյալ 1992 թվականից են։ Ե՞րբ ձեւավորվեց հանձնաժողովը․4 տարի անց՝ 1996 թվականին»։

Հանգամանալից հիմնավորումներ ներկայացնելով՝ պնդեց, որ այս դեպքում տրամաբանությունը եւ սահմանազատման միջազգային սկզբունքները լիովին խախտված են․ «Սահմանազատում, սահմանագծում անվան տակ տեղի է ունենում ուղղակի մեր տարածքների օտարում»։

Որպես օրինակ վկայակոչեց Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը․ «21 կմ հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Ինչի՞ հիման վրա։ Դեռ չէր էլ սկսվել սահմանազատումն ու սահմանագծումը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ դա իրենցն է, սահմանն այն կողմն է։ Ախ, դու նախօրո՞ք գիտես սահմանը։ Ուրեմն, ինքը նախօրոք գիտի սահմանը ու ձեւացնում է, թե տարվում է սահմանագծման, սահմանազատման աշխատանք։ Դրա ապացույցն է նաեւ այն, որ ադրբեջանական անվանումներ է տալիս բնակավայրերին»։

Հարցադրմանը, թե Ադրբեջանը 28 տարի պարտված էր, բայց որևէ փաստաթուղթ չստորագրեց, իսկ պարտությունից կարճ ժամանակ անց Հայաստանի ղեկավարն արդեն սկսեց խոսել խաղաղության համաձայնագրի մասին, ինչո՞ւ են այսպես շտապում իրավական առումով ամրագրել պարտության արդյունքները՝ ԱԳ նախկին փոխնախարարը մասնավորապես այսպես արձագանքեց․ «Եթե դիտարկես Ադրբեջանի շահերից՝ այդ տեսակետից ամեն ինչ նորմալ է»։

Շառլ Միշելը նշել է, որ «երկու երկրների ղեկավարներին կոչ եմ արել դիտարկել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը»։ 1994 թվականից սկսած արցախյան կարգավորմանը վերաբերող բոլոր կարևոր միջազգային փաստաթղթերում օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բնորոշումը։ Փաստորեն փորձ է արվում հրաժարվե՞լ «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական հասկացությունից: Շավարշ Քոչարյանն ի պատասխան վկայակոչեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը»։ «Այսինքն՝ դա եղել է ԵՄ դիրքորոշումը։ Հիմա այսօր, երբ որ Շառլ Միշելն այդպիսի բան է հայտարարում, որը նաեւ հակասում է իրենց կողմից ստորագրված փաստաթղթին՝ հարց է առաջանում, թե ոնց կարող էր դա լինել։ Միայն մի դեպքում, եթե հայկական կողմն ինքն է իջեցրել այդ նշաձողը,– ասաց պրն Քոչարյանը։

Ու հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ թե «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»՝ ասաց․ «Լավ էլի, դա դո՛ւ ես անում։ Եթե դու դա չանես՝ ոչ ոք նման բան չի ասի․․․ Եկել է այս մարդկանց խումբը հենց այդ ծրագրով՝ Ադրբեջանի կազմ փոխանցել Ղարաբաղը ու ձերբազատվել այդ խնդրից»։

Հիշեցրինք ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ, ասում էր, թե ինքը չի կարող բանակցել նրանց փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված իշխանություն, նաեւ պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Իսկ այժմ Արցախի ԱԺ–ն հստակ բացասական դիրքորոշում է հայտնում ընթացող գործընթացի մասին, սակայն սա արգելակ չի դառնում՝ շարունակելու բանակցությունները։ Շավարշ Քոչարյանի բացատրությունն էր․ «Տարբեր բառեր են օգտագործվում, տարբեր վեկտորներ են, բայց ելնենք նրանից, որ ի սկզբանե կա հետեւողական կուրս, որն ուղղված է Արցախն Ադրբեջանի կազմ տանելուն։ Ու ինչ կա՝ դրան է ծառայել»։

Ի դեպ, հիշատակեց նոյեմբերի 9-ի հայտարարության հետեւյալ դրույթը «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը»։  Ըստ ԱԳ նախկին փոխնախարարի՝ «Բա, անընդհատ դա էր վեճն․ Ադրբեջանն ասում էր՝ ագրեսոր ես, մենք ասում էինք՝ ոչ, դա ինքնորոշում է։ Ինքը ստորագրել է, որ մենք ագրեսոր ենք։ Ադրբեջանն արդեն պատրաստ է եւ վաղուց կուտակած ունի տնտեսական, քաղաքական վնասների, միջազգային դատարան «ռազմական հանցագործների» տանելու ծրագրեր։ Ինքն ամեն ինչ արել է դրա համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031