Այսօր Գյումրու ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներն ավտոերթ անցկացրեցին քաղաքի գրեթե բոլոր փողոցներում՝ ազդանշանների ու բարձր հնչող հայրենասիրական երգերի ներքո։
«Ես համաձայն չեմ» շարժման առաջնորդ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր այսօրվա երթով ոչ միայն պահանջեցինք թուրքահպատակ իշխանությունների հրաժարականը, այլ նշեցինք Առաջին Հանրապետության տոնը։ Հենց դրանով էր այսօրվա ավտոերթը տարբերվում էր մեր սովորական, ավանդական ավտոերթերից։
Քաղաքացիներին բացի իրազեկելուց, որ օր առաջ պիտի ազատվել այս իշխանություններից, որպեսզի չկորցնենք պետականությունը, միևնույն ժամանակ նաև հիշեցրեցինք, թե ինչքան կարևոր է հանրապետություն ունենալը ու հանրապետության տոն նշելը»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ տեղի ոստիկանությունը երթի ամբողջ ընթացքում ուղեկցել է իրենց, պատշաճ կատարել իր պարտականությունը՝ առանց սադրանքներ հրահրելու։
Կարապետ Պողոսյանը նաև ասաց, որ այսօր մեծ էր քաղաքացիների կողմից արձագանքը՝ շատերն էին պատուհաններից ողջունում, բացականչում, երբեմն դուրս գալիս տներից։ Իհարկե, ըստ նրա, եղել են 2-3 քաղաքացիներ, որոնք, ըստ մեր զրուցակցի, փորձել են ավելորդություններ թույլ տալ, սակայն միջադեպեր տեղի չեն ունեցել։
«Պայքա՛ր, պայքա՛ր», -երբեմն հնչում էին ավտոմեքենաների միջից։
Ավտոերթն ավարտվեց Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը հարգանքի տուրք մատուցեցին այնտեղ տեղադրված պետական գործիչների կիսանդրիների առջև։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ