Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» գործողությունների են անցնում. Ժիրայր Սեֆիլյան

Մայիս 28,2022 15:28

«Այսօր կանգնած ենք կարեւորագույն խնդրի առաջ՝ ժամանակավոր կառավարության ձեւավորման եւ ինքնապաշտպանության: Բոլորս էլ հասկանում ենք՝ քանի այս պատուհասը շարունակում է «կառավարել» մեր երկիրը, առաջիկայում նոր պատերազմն անխուսափելի է»,-այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 104-ամյակի առիթով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրավունք չունենք ժամանակ կորցնելու եւ պարտավոր ենք ինքնապաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

«Մենք նախաձեռնում ենք մի համախումբ. իմ խոսքը, կոչը ուղղելու եմ մեր ժողովրդի այն շերտի ներկայացուցիչներին, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց երկրին տեր կանգնելու համար, որոնք պատրաստ են մեծ զոհողությունների, պատրաստ են անձնազոհության՝ հանուն հայրենիքի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ այս որակի մարդկանց համախմբելով փորձելու են լուծել վերեւում նշված խնդիրները՝ տարբեր ձեւաչափերում քննարկելով եւ ինքնակազմակերպվելով, միաժամանակ հասկանալով, որ թե ժամանակավոր կառավարության ձեւավորումը, թե ինքնապաշտպանության կազմակերպումը հնարավոր չէ առանց այսօրվա «ապիկարի հեռացման»:

Ուստի ինքնակազմակերպական այդ ձեւաչափը միտված է փոփոխությունը հնարավորինս անցնցում իրականացնելուն: Իր գնահատմամբ, այժմ Հայաստանն ավելի բարդ վիճակում է գտնվում, քան 100 տարի առաջ էր, քանի որ այն ժամանակ՝ Սարդարապատի մարտերի շեմին, ձեւավորվել էր քաղաքական ազգային գլուխը, նաեւ այն պատճառով, որ կայսրության ներկայությունը տարածաշրջանում արդեն չկար եւ ավելի հեշտ էր գործողություններ նախաձեռնել՝ ի տարբերություն այսօրվա:

Այսօր առավոտյան իրենց անդամների ձերբակալությունները, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, վկայությունն են այն բանի, որ կայսրությունը տակավին այստեղ է ու մեր վիճակը բարդ է լինելու, նաեւ այն պատճառով, որ ներազգային անհամաձայնությունները ավելի խորն են: Միեւնույն է, իրենք վստահ են, որ հաջողելու են եւ «Սասնա ծռերին» ձերբակալելով՝ իրենց ընթացքը կանխել չեն կարողանալու: Իրենց հաջողության բանալին էլ ապագաղութացումն է:

«Մինչեւ այն ժամանակ, երբ մենք՝ հայերս, շարունակենք պատերազմից վախենալ, նոր պատերազմ ենք ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ 2018-ի ընտրություններով «Սասնա ծռերին» պիտակավորեցին պատերազմ բերող ուժ, իրենք մուտք չգործեցին խորհրդարան, բայց մենք ունեցանք պատերազմ: Ժիրայր Սեֆիլյանը հուսով է, այս անգամ ժողովուրդը կլսի իրենց, ոտքի կկանգնի եւ միասնաբար պատերազմի պատրաստվելով՝ կկանխեն ապագաղութացումն ու առաջիկա պատերազմը:

Այսօրվանից կուսակցության գրասենյակում մեկնարկում է ցուցակագրումը:

ԱԺԲ համակիր Արուս Հարությունյանը երիտասարդության անունից հնչեցրած իր ելույթում՝ ասաց պարտավոր ենք վերջնականապես դուրս գալ Հյուսիսից պարտադրվող քաղաքականությունից, աշխարհին նայենք Եռաբլուրի բարձունքից, ոչ թե Կրեմլի պրիզմայից, կերտենք ինքնիշխան Հայաստան, քանի որ գաղութների հետ չեն բանակցում, գաղութների հետ հաշվի չեն նստում: Երիտասարդները համաժողովի հյուրին՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչին նվեր հանձնեցին՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի դրոշները՝ մեկ պատվանդանի վրա: Հյուրին ողջունեցին՝ «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» բացականչությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031