Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգնած ենք երկու կենսական խնդիր լուծելու հրամայականի առաջ` ազգային կառավարության ձևավորում և ինքնապաշտպանության կազմակերպում․ ԱԺԲ

Մայիս 28,2022 14:43

ԱԺԲ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ

Աշխարհը հղի է դարակազմիկ փոփոխություններով, որոնք սկիզբ են առնում ավելի քան հարյուր տարի առաջ մեկնարկած համաշխարհային գործընթացներից և ներկայումս արդեն հասնում են իրենց տրամաբանական ավարտին։

Դրանց ավարտական փուլը մեր տարածաշրջանում մեկնարկեց 2020 թ. 44-օրյա պատերազմով, իսկ հիմա շարունակվում է Ուկրաինայում։
Աշխարհի քարտեզի վրա մնացած վերջին մեծ տարածքային կայսրություն Ռուսաստանը և նրա հակակշռման գործառույթը կատարող Օսմանյան կայսրության մնացորդ Թուրքիան իրար հետևից դառնալու են անկայուն, էապես սրվելու են նրանց ներքին պրոբլեմներն ու հակասությունները։

Զուգահեռաբար, ձևավորվում է մեր տարածքով Եվրոպայից մինչեւ Հնդկաստան ձգվող Հյուսիս-Հարավ միջանցքը։ Եվ այս ընթացքը ներքաշելու է նաև մեր հարևան Իրանին ու տարածաշրջանային մյուս տերություններին։

Այս երկու գործընթացները մեր տարածաշրջանում գրեթե անխուսափելի են դարձնում մեծ բախումները։
Հայաստանի խամաճիկային վարչակազմը մեզ կապած է պահում դեպի անդունդը գնացող Ռուսաստանի սայլին, ժողովրդին մոլորեցնում է կեղծ խաղաղության կարգախոսով ու կործանարար չեզոքություն է խաղում։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի վերահսկողությամբ շարունակում է քանդել ու քայքայել մեր պաշտպանության մնացորդները։ Իր հերթին կեղծ ընդդիմությունը նույն Մոսկվայի հանձնարարությամբ հայելային տարբերակով է սպասարկում այս պետականակործան օրակարգը։

Առաջիկա պատերազմը, որը, ցավոք, մեծ հավանականությամբ լինելու է, գործող խամաճիկային վարչակազմի մնալու պարագայում դիմավորելու ենք շատ ավելի թույլ և անպատրաստ վիճակում։

Ստեղծված իրավիճակում, ինչպես 1917-18 թթ. նախասարդարապատյան շրջանում, կանգնած ենք երկու կենսական խնդիր լուծելու հրամայականի առաջ` ազգային կառավարության ձևավորում և ինքնապաշտպանության կազմակերպում։

Ներկայումս ամբողջացող դարակազմիկ փոփոխությունների մեկնարկային փուլում ծնված Հայաստանի Հանրապետությունը ռուս-թուրքական բռնազավթման յոթ և կիսագաղութային կախյալության երեք տասնամյակների փոթորկալի ու կորստաբեր ժամանակաշրջանից դեպի կենսունակ ու արժանապատիվ ապագա հնարավոր է հասցնել բացառապես թռիչքի միջոցով։

Այդ հրամայականը պահանջում է դասեր քաղել անցյալից, մշտապես լինել մտքի ու կամքի խիզախության բարձունքում և ներդաշնակել երազանքն ու իրատեսականությունը, արտաքինն ու ներքինը, ուժն ու դիվանագիտությունը, ռիսկն ու շրջահայացությունը։
Նման թռիչքի մեկնարկը հնարավոր կդառնա միայն արդյունավետ արտակարգ կառավարմամբ։ 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության անկումը, արտաքին անբարենպաստ իրավիճակից ոչ պակաս չափով, պայմանավորված էր անցումային տրամաբանությամբ լիարժեք արտակարգ կառավարման չդիմելու հանգամանքով։

Ազգային-ժողովրդավարական բևեռը՝ որպես Հայաստանի Հանրապետության վերակերտման ազգային-ազատագրական պայքարն առաջնորդող ուժ, վերը նշված նպատակների ու տրամաբանության համատեքստում ազգային կառավարություն ստեղծելուն զուգահեռաբար ստանձնում է նաև ժողովրդական ինքնապաշտպանության նախապատրաստումը համադրելու պատասխանատվությունը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031