Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր մեկնաբանությունը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ իրեն հրավիրելու մասին։
«Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով․
1․ Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։
2․ Անկախ հանձնաժողովի անդամների կողմից ինձ տրվելիք հարցերից՝ իմ բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։
Կարդացեք նաև
Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։