Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան շատ են ասում՝ մենք իշխանության չենք ձգտում, այդքան ակնհայտ է, որ ձգտում են իշխանության»․ Պարույր Հայրիկյան

Մայիս 28,2022 13:25

«Ինձ ուրախացնում է, որ մարդիկ իրենց իրավունքների համար, դժգոհությունն ասելու համար փողոց են դուրս գալիս, բայց ցանկացած կիսատպռատություն կարող է բերել կիսատ-պռատ արդյունքների միայն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Նման մոտեցումներով, այսինքն՝ ռազմավարական մոտեցումների բացակայությամբ, անգամ հաջողությունը հնչում է հետեւյալ կերպ՝ Նիկոլ գնա, քո փոխարեն մենք գանք․․․ Որքան շատ են ասում՝ մենք իշխանության չենք ձգտում, այդքան ակնհայտ է, որ ձգտում են իշխանության։ Դա ամոթալի չէ։ Քաղաքական ուժը նրա համար է, որ գա իշխանության եւ իր ծրագրերն իրականացնի, բայց ամոթալի է, որ խոսում են իշխանության բացասական երեւույթները ասպարեզ իջեցնող եւ պահպանող սահմանադրությունը չփոխելու մասին։ Ամոթալի է, որ շարունակում են դաշնակից համարել մի պետության, որը դաշնակից է պարտվելու համար»,-շեշտեց Պարույր Հայրիկյանը։

Նրա բնորոշմամբ՝ թշնամու հետ դաշնակցային պայմանագիր ունեցող Ռուսաստանը չի կարող բարեկամ լինել մեզ․ «1921թ․-ի ռուս-թուրքական  պայմանագրով ՌԴ-ն պարտավորված է լինել Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան չի թաքցնում իր համակրանքն Ադրբեջանի հանդեպ եւ վերջինիս մեջտեղ է գցել՝ հայ-թուրական հարաբերությունների մակարդակն իջեցնելու նպատակով»։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն անառարկելի է այն պահից, երբ հասկացանք, որ նա ոչ միայն ուզում է փոփոխություններ, այլ ուզում է գալ իշխանության այն արատավորով, որի դեմ պայքարել էր․ «Դրա հիմքում սահմանադրությունն է։ Այսօր, երբ խոսում ենք խնդիրների մասին, առաջինը պետք է անդրադառնանք կյանքը կարգավորող սահմանադրությանը։ Նիկոլը շատ թերություններ ունի, բայց մեկ բան անառարկելի է։ Նա 2020թ․ փետրվարին կառավարության որոշում է ընդունել սահմանադրական բարեփոխումների մասին եւ ժամկետ է նշել, որում գործողություններ չեն արվել։ Ժամկետը երկարաձգվել է, եւ նորից գործողություններ չեն արվել։ Միայն դա բավական է ասելու, որ մենք պահանջում ենք իր հրաժարականը, որովհետեւ մայր օրենքի հարցում հրապարակավ ստել է, ապացուցել, որ անկարող է»։

Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ դիմադրության շարժման ղեկավարների հետ խոսել է այս խնդրի մասին, պայմանավորվել են, որ հարցը կբարձրաձայնեն․ «Իրենք չարեցին դա, Նիկոլն էլ կռահեց, որ սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողով պետք է ստեղծել»։

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ դիմադրության շարժումը չի կարողանում համոզել, որ գործող իշխանության հեռացման պարագայում իշխանության է գալու ժողովուրդը․ «Մարդկանց հիշողության մեջ նախկին իշխանության սխալներն ակնհայտ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Պարույր Հայրիկյան, ընդունելով Ձեր կարծիքը, որ իշխանափոխությունից հետո անպայման անհրաժեշտ է երկրի սահմանադրությունը փոխել, շատ եմ ափսոսում, որ դիմադրության շարժման ղեկավարները Ձեր առաջարկությունը չեն ընդունել: Միանգամայն հասկանալի է, որ այս սահմանադրության պայմաններում ինչքան էլ լավ ղեկավար ընտրվի, միևնույնն է՝ այս արատավոր համակարգը նրան կփոխի և կդարձնի բռնապետ, ուստի մենք շարունակաբար կմնանք այս խոր փոսում:

    Արժանվույնս գնահատելով Ձեր քաղաքական կենսափորձը, այնուհանդերձ ուզում եմ հետևյալ խորհուրդը տալ: Իսկ ինչու՞ չփորձեք դիմադրության շարժմանը զուգահեռ ծավալել նոր շարժում, որտեղ լինեն Ձեր առաջարկության կողմնակիցները: Կարծում եմ՝ Հայաստանում կգտնվեն կուսակցություններ, որոնք կկարևորեն իշխանանափոխությունից հետո սահմանադրությունը փոխելը: Գտնում եմ նաև, որ Ձեր նախաձեռնելիք շարժումն այս փուլում չպետք է հակադրվի ներկայիս դիմադրության շարժմանը (ընդդիմադիր տարբեր շարժումների միջև միմյանց նկատմամբ ցուցաբերվող անհանդուրժողականությունն ամենամեծ նվերն է գործող իշխանությանը և թշնամուն): Գլխավորն այն է , որ մի քանի իրար չխանգարող զուգահեռ շարժումների արդյունքում հաջողվի արագ իրականացնել իշխանափոխություն, ստեղծելով ժամանակավոր կառավարություն, որից հետո բավարար ժամանակ կլինի ավելի շատ մարդկանց բացատրել Ձեր տեսակետների կարևորությունը: Կարծում եմ, որ մեր պետականությանը սպառնացող ներկայիս լուրջ վտանգների պայմաններում՝ հանրահավաքներին Ձեր մասնակցությունը մեծ արդյունք կտա:

    Ակամայից հիշեցի Ձեր երգի կրկներգը.
    – Դե եկեք եղբայրներ մենք միանանք,
    Միասնութեամբ ենք անպարտ մենք,
    Հայրենեաց սուրբ սիրով մենք վեհանանք,
    Հայաստանն ազատենք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031