Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» դատավճիռը մտել է ուժի մեջ․ խմբի հայտնի անդամները ձերբակալված են

Մայիս 28,2022 11:15

«Ազգային-ժողովրդավարական բեւեռն» այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել այն մասին, որ ձերբակալվել են բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն ու այլ համակիրներ։

«Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և առևանգելով նրան՝ տարել են անհայտ ուղղությամբ: Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման: Հարգելի պարոններ`Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան։ Պահանջում եմ`

1.Հրապարակել որոշումը, եթե, իհարկե, գոյություն ունի, համաձայն որի՝ իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից,

2.Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ,

3.Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք ինչ միջոցներ են ձեռնարկվում՝ բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»,-«ֆեյսբուքյան» էջում գրել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Սասնա ծռերի գործով մեկ այլ պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ գրել է․ «Տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել: Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան: Իսկ սա նշանակում է, որ ՍԾ-երի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»։

Aravot.am-ի հետ զրույցում Սասնա ծռերի գործով պաշտպաններից Արայիկ Պապիկյանը հայտնեց․ «Իմ տեղեկություններով՝ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել։ Հավանաբար՝ այն ուղարկել են ոստիկանությանը՝ կատարման։ Համենայն դեպս, ոչ փաստաբաններիցս որեւէ մեկը, ոչ էլ խմբի անդամները չեն ստացել վճռաբեկ դատարանի որոշումը։ Առաջին ատյանը խմբի անդամներին դատապարտել էր ազատազրկման, մենք բողոքարկել էինք վերաքննիչում, հետո վճռաբեկում։ Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացներ՝ բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին։ Այս պահին տեղեկություն չունենք ընդունել-չընդունելու մասին, որովհետեւ չենք ստացել որոշումը, բայց, ենթադրում ենք, որ վարույթ չեն ընդունել, եւ առաջին ատյանի դատարանի որոշումը մտել է ուժի մեջ, եւ խմբի անդամները պետք է պատիժը կրեն ազատազրկման ձեւով»։

Հավելենք, որ դատավճռի՝ ուժի մեջ մտնելը վերաբերում է «Սասնա ծռեր» խմբավորման հետեւյալ անդամներին՝ Պավլիկ Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Վարուժան Ավետիսյան, Մխիթար Ավետիսյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Էդուարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան։ Պավլիկ Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվել էին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը՝ 9  տարի 6 ամսվա ազատազրկման, իսկ Էդուարդ Գրիգորյանը՝ 8  տարի 6 ամսվա ազատազրկման։

2021թ․ վերաքննիչ դատարանը Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին դատապարտել էր 25 տարվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանը մահացել էր․ նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031