Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի՛ պահպանենք երիտասարդությունը, այսինքն՝ այս երկրի ապագան․ «Ազգ»

Մայիս 28,2022 09:30

Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ մասնակցել են ընդդիմության բողոքի երթերին, կարող են վկայել, որ քայլողները` ծերունիներ, միջին տարիքի մարդիկ ու մանավանդ երիտասարդներ՝ տղա թե աղջիկ, սովորական, միջին դասակարգի, բարեկիրթ ու բարետես քաղաքացիներ են, որոնք գրեթե ամեն օր, նույնիսկ տեղատարափ անձրեւի տակ, իրենց բողոքն ու ընդդիմությունն են հայտնում գործող իշխանությանը՝ Արցախն իր բախտին լքելու, պետության գերիշխան իրավունքները սակարկության դնելու, երկիրը թուրք-ադրբեջանական ողորմածությանը հանձնելու, սեփական իշխանության երկարաձգման համար հայրենիքը արտաքին ուժերի տնօրինման ենթարկեցնելու եւ, վերջապես, Հայաստանը ոստիկանապետության վերածելու դեմ։

Հանրահավաքներին ու երթերին դուք չեք տեսնի որեւէ մեկին, որն ընդունակ է ջարդել-այրել-կողոպտելու։ Այս մարդիկ ընդունակ չեն վայրագության։ Ոչ թե ստվարաթիվ բերետավորների վախից, այլ՝ ներքին էությամբ, հոգեկերտվածքով։ Եվ իզուր են Նիկոլն ու նրա սպասարկուները փորձում ներքին անվտանգության տարատեսակ ուժերին հակադրել քաղաքացիներին, ժողովրդին։ Իզուր են փորձում ոստիկանին վերածել նախկին տխրահռչակ «միլիցայի»։ Իզուր են վարչապետի մունետիկները, այսպես կոչված՝ լրատվամիջոցները, փորձում Երեւանից հեռու գտնվող շրջաններում եւ Սփյուռքի հեռաստաններում մեր ժողովրդին համոզել, որ բողոքի ցույցերին մասնակցողները փոքրամասնություն են, որ հունիսյան մեղսակցային ընտրություններում Նիկոլի կորզած մանդատը դեռեւս իր ձեռքում է։

Ո՛չ, քիչ չեն նրանք, բողոքի ելած այդ քաղաքացիները։ Ամեն օր 25-ից 50 հազար մարդ է դուրս գալիս փողոց, ու դեռ այդ թվի եռակին, քառակին եւ ավելին տներում են։ Համացանցային տիրապետման ներկա օրերում, ի տարբերություն 1988-ական եւ նույնիսկ 2018-ական ժամանակների, մարդկային կուտակումները հաշվելու մեխանիզմն է փոխվել։

Բայց թվային տեսություններից ու քանակականից անդին կարեւորը որակական խտությունն է, որի չափման բանաձեւը անհարիր է նիկոլիզմի կեղծ, ամբոխավարական տեսություններին։ Եվ էլ ավելի կարեւորը՝ հանրահավաքների ու երթերի մասնակիցների մեծամասնության տարիքն է, մեծահասակների կողքին՝ կայացած միջին տարիքավորներ ու բոլորովին երիտասարդներ, հատկապես ուսանողներ։ Այսինքն՝ ներկա իշխանությունից ամենաշատը տուժածների բազմությունը, նոր սերունդը, որը ամենածանր գինը վճարեց՝ նույն իշխանության սխալների պատճառով։ Ահա այդ սերունդն է, որ կանգնած է ամենադժվար եւ իրեն պարտադրված ծանր ընտրության դիմաց. գնալ եւ ա՞յլ երկրներում փորձել կառուցել կամ վերակառուցել իր ապագան։ Ընդդիմության հրապարակային ցույցերում նրանց ստվարաթիվ ներկայությունից տպավորված՝ կարելի է հուսալ, որ նրանք, այդ սերունդները, ցանկանում են մնալ ու պայքարել ա՛յս երկրում ապրելու եւ կայանալու համար, առայժմ։

Բոլոր պարագաներում ամենակարեւորը մեր երիտասարդությունն է։ Պիտի՛ պահպանենք նրան, այսինքն՝ այս երկրի ապագան։

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031