Լրահոս
Օրվա լրահոսը

58%-ը դեմ է, որ պարտադիր բժշկական ապահովագրության համար ավելի շատ հարկ վճարեն. հարցում

Մայիս 28,2022 13:00

Մեր երկրում առողջապահական ապահովագրություն ներդնելու ցանկություն ուներ դեռ նախկին իշխանությունը։ Այն իրականություն չդարձավ, մնաց ցանկություն։ Այս իշխանությունն էլ 2019 թվականից շրջանառության մեջ դրեց ծրագիրը, սակայն կրկին չներդրվեց, քանի որ շատ խնդրահարույց դրույթներ կային։

Այս տարի հունվարին նորից ազդարարվեց բժշկական պարտադիր ապահովագրություն ներդնելու մասին։ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այդ ժամանակ հայտարարեց, որ նախագիծն արդեն մշակվել է, սպասում են կառավարության գնահատականին։ Նախագծի այս տարբերակով էլ նախատեսվում է, որ լինելու է բժշկական պարտադիր ապահովագրություն, աշխատավարձի 6% -ն է պահվելու` 3%-ը գործատուն կվճարի, 3% -ը՝ աշխատողը։ Կառավարությունը մտադրված է արդեն 2023-ին Հայաստանում ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիներն, այսպես ասած՝ առողջապահության համապարփակ ապահովագրություն ներդնելու մասին։ Այս պատասխանը ստանալու համար հետազոտություն է անցկացվել։ Միջազգային Հանրապետական ինստիտուտը՝ IRI-ին մայիսի 18-ին հրապարակել է հետազոտության արդյունքները։ Այս հետազոտությունը ՄՀԻ-ի նախաձեռնությունն է, որն իրականացրել է «Center for Insights in Survey Research»-ն եւ « ԲՐԵՎԻՍ» ընկերությունը։ Այն անցկացվել է այս տարվա փետրվարին, հեռախոսային հարցման մեթոդով, հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով, ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,524 քաղաքացիներից։

Ըստ ՄՀԻ-ի, հարցման ընթացքում հարցվողները տեղեկացվել են, որ բժշկական այս ապահովագրության համակարգը ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովում է ամբողջական առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն` ապահովագրելով ֆինանսական դժվարություններից:

Կարո՞ղ եք նշել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ամենակարեւոր առավելությունը։ Այս հարցին քաղաքացիները պատասխանել են՝

Ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են ստանալ բժշկական օգնություն՝ 25%։
Բոլոր քաղաքացիները կունենան բուժման հավասար հնարավորություն՝ 10%։

Անվճար բժշկական օգնություն ստանալը՝ 8%։

Կարող ես ցանկացած պահի օգտվել առողջության ապահովագրությունից՝ 5%։

Բժշկական ծառայությունների որակը կլավանա՝ 2%։

Չունի առավելություն՝ 6%։

Դժվարանում/հրաժարվում եմ պատասխանել՝ 43%։

Հարցին՝ ըստ Ձեզ՝ պե՞տք է ներդրվի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը, 42%-ը պատասխանել է՝ այո, հնարավորինս շուտ, 33%-ը՝ այո, փուլային, 15%-ը՝ ոչ, 10%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել։

Ընդ որում, հարցմանը մասնակցած Երեւանի բնակիչների 37%-ն ասել է՝ այո, հարավորինս շուտ, 39%-ը՝ այո, փուլային, 16%-ը՝ ոչ, 8%-ը՝ դժվարանում/հրաժարվում եմ պատասխանել։ Հարցման մասնակցած քաղաքային բնակավայրերի բնակիչների 37%-ը պատասխանել է՝ այո, հնարավորինս շուտ, 30%-ը՝ այո, փուլային, 15%-ը՝ ոչ, 10%-ը դժվարացել է պատասխանել։

Գյուղական բնակավայրերի հարցված բնակիչների 45%-ը պատասխանել է՝ այո, հնարավորինս շուտ, 30%-ը՝ այո, փուլային, 14%-ը՝ ոչ, 11%-ը՝ դժվարանում եմ պատասխանել։

Կհամաձայնե՞ք, որ քաղաքացիները պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից օգտվելու համար ավելի շատ հարկ վճարեն։ Մինչ այս հարցը հնչեցնելը, ըստ ՄՀԻ-ի, հարցվողները տեղեկացվել են, որ որպես կանոն, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը ֆինանսավորվում է քաղաքացիների կողմից վճարվող հատուկ հարկով։

Եւ նշված հարցին ի պատասխան հարցվածների 34%-ը դրական պատասխան է տվել, դեմ է եղել 58%-ը, դժվարացել է պատասխանել 9%-ը։

Ի՞նչու չեք համաձայնի, որ քաղաքացիները պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից օգտվելու համար ավելի շատ հարկ վճարեն։

Այս հարցին ի պատասխան հարցվածների 52%-ը նշել է Ֆինանսական խնդիրները, 13%-ը նշել է բարձր հարկերը, 5%-ը՝ աշխատատեղերի բացակայություն եւ գործազրկություն, 4%-ը նշել է՝ պետությունը պետք է ֆինանսավորի, իսկ 4%-ի կարծիքով՝ վճարված գումարն իր նպատակին չի ծառայի, 3%-ն էլ գերադասում է հարկերը վճարելու փոխարեն հիվանդանոցներում բուժօգնության համար վճարել։ 3%-ն էլ պատասխանել է, որ հնարավոր է չօգտվի կատարած վճարումներից, 1%-ն էլ համակարգի ներդրմանը չի համաձայնվել, քանի որ գտնում է, որ առողջապահական համակարգը լավ վիճակում չէ։

Ինչո՞ւ կհամաձայնեք, որ քաղաքացիները պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից օգտվելու համար ավելի շատ հարկ վճարեն։

Այս հարցին ի պատասխան, հարցվածների 35%-ն ասել է՝ կարելի է ցանկացած պահի օգտվել առողջության ապահովագրությունից, 18%-ը՝ ամեն փոքր ներդրում օգնում է բոլորին ստանալ բժշկական օգնություն, 12%-ը՝ ամեն փոքր ներդրում օգնում է խուսափել հետագա մեծ ծախսերից, 10%-ը՝ պետությանը աջակցելու համար, 2%-ը՝ անվճար բժշկական օգնություն ստանալու համար։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031