Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆասթ Կրեդիտ» մասնաճյուղի դեմ ավազակային հարձակման գործը վերաքննիչ դատարանում է

Մայիս 28,2022 12:30

Տասը հատորանոց գործով մեղադրողը միջնորդել է նոր «համաչափ» պատիժ

2018թ.-ին դիմակավորված երիտասարդը մտել էր «Ֆասթ Կրեդիտ» ընկերության մասնաճյուղ, զենքի սպառնալիքով հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար: Հետագայում՝ նախաքննության ավարտից հետո պարզվեց, որ 29-ամյա Հայկ Ալթունյանը հայտնել է, որ այդ քայլին գնացել է անձնական պարտքերը մարելու նպատակով: Նախաքննությունն իրականացրել էր ՔԿ Ավան եւ Նորք վարչական շրջանների քննչական բաժինը, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (դատավոր՝ Դավիթ Բալայան) իրականացավ դատաքննությունը, որը լուսաբանում էր «Առավոտը» («Ֆասթ Կրեդիտ Կապիտալի» վրա հարձակված առաքիչը դատարանում անհանգիստ էր», 2019թ. հունիսի 10, «Սուրճի սարքավորումների սպասարկողն իրեն քրեական գործով պատանդ է համարում», 2020, օգոստոսի 11):

Ամբաստանյալ Հայկ Ալթունյանն աշխատել է «Այ Վենդինգ» ՍՊԸ-ում, որպես սուրճի սարքավորումների սպասարկող, նրա պաշտպանությունն իրականացնում է Սիրանույշ Հարությունյանը` ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը:
Դատարանը վճռել էր Հայկ Ալթունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հայկին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ եւ արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով, նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում եւ պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով:

Այս գործով տուժող ճանաչված «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» գրավատան ներկայացուցիչ Մհեր Հայրապետյանի հայցադիմումը դատարանը բավարարել էր. վճռվել էր ամբաստանյալից հօգուտ ընկերության բռնագանձել 6.341.000 ՀՀ դրամ գումար, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:

Այս գործով այլ տուժողներ էլ կային: Ըստ դատավճռի, տուժողներ Հայկ Ղազոյանի, Արամ Ղազարյանի, Գոռ Ավագյանի եւ Վահագն Դավթյանի կողմից ներկայացված համապատասխանաբար 1.200.000, 3.671.170, 2.750.000, եւ 1.350.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայցերը թողնվել էր առանց քննության: Առանց քննության էր թողնվել նաեւ տուժող «Այ Վենդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Ջաղինյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ 1.110.468 ՀՀ դրամի չափով: Հիշեցնեմ, որ դատարանը Հայկ Ալթունյանի շարժական, անշարժ գույքի եւ ակտիվների վրա դրված արգելանքները պահպանել է՝ մինչեւ սույն դատական ակտով բավարարված քաղաքացիական հայցի կատարումը:

Ըստ դատական գործի նյութերի, «Հայկ Ալթունյանը 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված, ձեռնոցներով, 2016 թվականի գործարանային արտադրության «MAKAROV» տեսակի օդաճնշիչ ատրճանակն աջ ձեռքին, իսկ նռնակի նմանվող կրակայրիչը ձախ ձեռքին, ավազակային հարձակում է գործել Երեւանի Մարշալ Խուդյակով փողոցի 69/1 հասցեում գործող «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Ավանի մասնաճյուղ եւ ատրճանակն ուղղելով հաճախորդների սպասարկման սրահում կանգնած հաճախորդի վրա՝ պահանջել է վերջինիս պառկել գետնին, այնուհետեւ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի աշխատակիցներ՝ գանձապահներ Ա. Շ.-ից, Լ.Թ.-ից եւ ոսկերիչ-գնահատող Հ.Դ.-ից՝ նռնակը պայթեցնելու եւ ատրճանակով կրակոցներ արձակելու սպառնալիքներով, պահանջել է դրամարկղերում եղած գումարները հաճախորդների սպասարկման դրամարկղի պատուհանի տակով պոլիէթիլենային տոպրակը փոխանցել Ա. Շ.-ին, ով վերջինիս տված սպառնալիքները իրական ընդունելով, ռեալ վտանգ զգալով, Հայկ Ալթունյանի կողմից տված սպառնալիքների իրականացումից՝ հիշյալ տոպրակի մեջ է լցրել դրամարկղերում առկա առանձնապես խոշոր չափերի՝ 6.341.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Հայկ Ալթունյանը վերցրել է հիշյալ գումարով լի պոլիէթիլենային տոպրակը, ատրճանակի սպառնալիքով հաճախորդի՝ Վ. Ս.-ի հետ դուրս է եկել գրավատնից եւ դիմել փախուստի» (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Բացի այդ, Հայկ Ալթունյանը «Այ Վենդինգ» ՍՊԸ-ի գույքային ֆոնդից ապօրինի հանել եւ իր գույքային ֆոնդ է մտցրել ՍՊԸ-ի տնօրեն Արման Կլջյանի հետ իր կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված՝ նշված ՍՊԸ-ին պատկանող, 900.000 ՀՀ դրամ արժողությամբ «Sienna» մոդելի սրճեփ սարքը, առանց ՍՊԸ-ի համաձայնության՝ այն 1.200.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով Աբովյան քաղաքում վաճառելով Հ.-ին: Նա յուրացրել էր նույն ընկերության 1.630.000 ՀՀ դրամ արժողությամբ քաղցրավենիք եւ խմիչք տրամադրող սարքը՝ դարձյալ վաճառելով: Հայկ Ալթունյանը, ըստ այս տուժող ընկերության, յուրացրել է «Այ Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող վարձակալության պայմանագրով իրեն վստահված 13.940.000 ՀՀ դրամ արժողությամբ ուրիշի գույքը:

Գրավատան գործով տուժողներից Վ.Ս.-ն դատական նիստերից մեկի ժամանակ նկարագրեց, թե ինչի է ականատես եղել դեպքի օրը:
Նա 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, գնացել է ընկերության մասնաճյուղ՝ վճարում կատարելու նպատակով. «Սպասարկող աշխատակցուհու պատուհանին մոտենալուց քիչ անց, ընկերության տարածք է մտել դիմակավորված անձ, նրա մի ձեռքում եղել է ատրճանակ, իսկ մյուսում՝ նռնակի նմանվող առարկա: Այդ անձը մոտեցել է իրեն եւ հրահանգել է պառկել գետնին: Ինքը ծնկի է իջել, իսկ դիմակավորված անձը աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել գումար՝ սպառնալով պայթեցնել բոլորին: Իր դիրքից չի տեսել, սակայն ենթադրել է, որ նրա պահանջը կատարվել է, որից հետո այդ անձը մոտեցել է իրեն, պահանջել գնալ իր հետ, բացել դուռը եւ շարժվել դեպի ձախ: Կյանքի համար վտանգ զգալով՝ կատարել է նրա պահանջները, որից հետո դիմակավորված անձը հեռացել է մոտակա շենքերի ուղղությամբ»: Տուժող ոսկերիչ-գնահատողը նկարագրեց դեպքի օրը. «Իջել եմ խոհանոց՝ ծխելու նպատակով, քիչ անց վերեւից՝ սպասարկման սրահից, աղմուկի ձայն լսեցի: Վերադարձա այնտեղ, տեսա, որ պատուհանի մոտ դիմակավորված անձ է կանգնած, ում աջ ձեռքում ատրճանակ, իսկ ձախ ձեռքում նռնակ է: Նա պահանջում էր իրեն տալ գանձապահի դրամարկղի ամբողջ գումարը: Ես սեղմեցի անվտանգության ազդանշանային կոճակը, որից հետո գանձապահից նա վերցրեց սեւ պոլիէթիլենային տոպրակում լցված կանխիկ գումարը եւ փոխանցեց դիմակավորված անձին: Վերջինս հաճախորդի հետեւից ատրճանակը պահած դուրս է եկավ շենքից եւ հեռացել»:

Տուժողներից՝ ընկերության ցերեկային գանձապահը կին է: Նա տեսել է, թե ինչպես է գրասենյակ մտել ատրճանակով եւ նռնակով զինված՝ դիմակավորված անձ եւ նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել է գումար տալ, կարգադրել է սրահում գտնվող հաճախորդին պառկել գետնին եւ ատրճանակը պահել է իր ուղղությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031