Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին չէին սիրում, մյուսներին էլ չէին հավատում»

Մայիս 28,2022 13:30

«Նախ հայերը, մանավանդ կառավարությունը պետք է զգա, թե որքան կարեւոր է Արցախը, ապա՝ Արցախի զարգացումը նաեւ նշան է լինելու, որ Արցախն ապագա ունի: Եվ եթե մարդիկ հասկանան, որ Արցախում ապագա կա, կմտածեն Արցախ վերադառնալու մասին»,- «Առավոտի» զրուցակիցն է «Ապագա հայկականի» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիան:

– Վերջին անգամ Արցախում եղել եք 2016-17 թվականներին. տեւական բացակայությունից, այդ ընթացքում տեղի ունեցած համընդհանուր փոփոխությունների՝ 44-օրյա պատերազմի արդյունքում, ըստ Ձեզ, ի՞նչն է փոխվել:

– Առաջին ամենաակնառու բանը՝ 12 անցակետ պետք է անցնել, որպեսզի հասնենք Ստեփանակերտ, 12-ում էլ ռուս զինվորներն են կանգնած: Երկրորդը, որը նաեւ անհանգստացնող է, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում եւ Շուշիում այսօր լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներն են՝ ճանապարհի, էլեկտրակայանի: 12 ամիսների ընթացքում, ադրբեջանցիները փորձում են «տեր կանգնել» այդ տարածքներին, շատ արագ շնարարություն են անում, որպեսզի մարդկանց վերաբնակեցնեն, քանի որ դա իրենցն են համարում… Այդ ճանապարհի շինարարությունը երբ ավարտվեց՝ Բաքվից 4,5 ժամում հնարավոր է լինելու Շուշի հասնել: Հիմա մտածեք՝ Երեւանից մենք քանի՞ ժամում ենք Ստեփանակերտ հասնում, ի՞նչ դժվարություններով, ճանապարհները՝ գիտեք: Փաստորեն, 30 տարիների ընթացքում, մենք չենք կարողացել մեկ այսպիսի ճանապարհ կառուցել: Ասում են՝ Հայաստանն Արցախին մոռացել է, անտեսել է. գնացեք Հայաստան, Հայաստանում էլ չունենք այդպիսի ճանապարհներ:

– Մենք ունեինք այլ ճանապարհ՝ Քարվաճառի ճանապարհը:

– Բայց այն էլ շատ լավը չէր. ես տեսել եմ այդ ճանապարհները: Մարդիկ ասում են՝ ռեսուրս չունենք. ռեսուրս ունեինք, հարցն այն է, թե 30 տարիների ընթացքում այդ ռեսուրսներն ինչպե՞ս ենք օգտագործել, ո՞ր ուղղությունների վրա ենք օգտագործել՝ ռեստորան ենք բացել, հյուրանոց ենք բացել, սրճարան ենք բացել:

– Հիմա, առկա հիմքի վրա, «Ապագա հայկականի» նախաձեռնությունը փորձում է բավական հավակնոտ ծրագրեր իրականացնել. ի՞նչն է պատերազմից հետո փոխվել կամ ի՞նչն է ձեզ հույս ներշնչում, որ հաջողելու եք:

– Ես հուսով եմ, որ պատերազմի ժամանակ եւ մանավանդ պատերազմից հետո, որ պարտվեցինք, մարդիկ ուշքի են եկել: Երեւանում, պատերազմից հետո, մի քանի ամիս մարդիկ նեղված էին, փողոց էին դուրս գալիս՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բայց եղան ընտրություններ եւ մարդիկ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին: Ինչո՞ւ. որովհետեւ Փաշինյանին չէին սիրում, բայց մյուսներին էլ չէին հավատում: Ի՞նչ պիտի փոխվի այսօր: Իմ կարծիքով, մեր մտածելակերպը պիտի փոխվի ու դա ամենաբարդն է: Երբ մենք մեր ծրագրերն ենք ներկայացնում Արցախում, 20 տարվա կտրվածքով պլանավորումներ ենք փորձում անել, մարդիկ օբյեկտիվորեն անվտանգային հարցերն են բարձրացնում, վաղվա օրվա հեռանկարը կամ դրա բացակայությունն են առաջ բերում, իրենց անհանգստությունն են հայտնում: Ճիշտ է: Բայց, նաեւ, Հայաստանն ու հայերը միշտ այդպիսի իրավիճակներում են եղել: Տեսեք, Շուշիի ճանապարհը, որն Ադրբեջանը կառուցում է, մյուս 5-10 տարվա համար է, քանի որ պարզ չէ Արցախի կարգավիճակը, իրենց համար էլ պարզ չէ, բայց պատրաստ են ֆինանսավորել, պատրաստ են դեպի ապագան նայել, բայց առանց անտեսելու եւ անուշադրության մատնելու այսօրվա հարցերը: Մենք էլ պիտի պատրաստ լինենք եւ կարողանանք այդպես վերաբերվել:

– Զուգահեռաբար, Հայաստանում իշխող ուժը մեկ այլ գործընթաց է տանում՝ բավական արագ տեմպերով գնում ենք, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այսինքն, գործընթացները, չի բացառվում, որ անդառնալի լինեն եւ մեր՝ ապագայի ծրագրերը հօդս ցնդեն:

– Մարդը միշտ էլ կարող է այդպես մտածել՝ պարզ չէ, թե ի՞նչ է լինելու եւ բարդ է հատկապես ձեզ (Հայաստանում եւ Արցախում բնակվողների -Ն. Գ.) համար, որովհետեւ ձեր ապագայի մի մասն այստեղ է լուծվում, բայց մի մասն էլ ձեր ձեռքում չի:

– Մեծ մասը, թերեւս. Հայաստանի եւ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի մեծ մասն է դրսում որոշվում:

– Ճիշտ է: Անցյալի սխալն է, որ Հայաստանը չի միացրել Արցախն իրեն եւ հանդես չեն եկել իբրեւ մեկ պետություն: Ինչեւէ, ի՞նչ անել այսօր՝ սպասել, տեսնել, թե ի՞նչ է կատարվում: Կարելի է: Բայց՝ ի՞նչ օգուտ դրանից: Ոչինչ չի փոխվելու: Վնա՞ս է, որ մի փոքր ժամանակ, մտավոր եւ նյութական ռեսուրս ծախսենք եւ Արցախում ինչ-որ բաներ անենք ու միգուցե դա նաեւ ազդակ լինի որոշումներ կայացնողների համար, նաեւ Հայաստանի համար, որ Արցախում ապագա կա: Արցախը դրախտ է, այն մեկ անգամ տեսնողը չի կարող մտածել հանձնելու մասին, պահել է պետք: Ես, որ 40-50 երկրում եմ եղել, նման դրախտ քիչ կա աշխարհում: Նախ հայերը, մանավանդ կառավարությունը, պետք է զգա, թե որքան կարեւոր է Արցախը, ապա՝ Արցախի զարգացումը նաեւ նշան է լինելու, որ Արցախն ապագա ունի: Եվ եթե մարդիկ հասկանան, որ Արցախում ապագա կա, կմտածեն Արցախ վերադառնալու մասին:
Հայաստանն այսօր առանց Ռուսաստանի՝ ոչինչ է, Ռուսաստանն այսօր ինքն է խնդիրների մեջ. ի՞նչ պետք է անենք, սպասենք Ուկրաինայի պատերազմի արդյունքների՞ն: Ոչ, մենք պիտի մեր ճանապարհը քայլենք՝ մեր պատկերացումներով ու տեսնենք, թե ո՞ւր ենք հասնում, ինչի՞ ենք ցանկանում միշտ կախված լինել օտարից, ինչի՞ ենք միշտ սպասում օտարին, միշտ վախենում ենք՝ ի՞նչ կլինի: Գուցե հասկանալի է՝ ցեղասպանություն, հետո խորհրդային գաղափարախոսություն. այս ամենը պետք է փոխվի մեզանում, մեր մտածողության մեջ, մեր կառավարման համակարգերում:

– Ամբողջ հարցն էլ այն է, որ կախված ենք գերտերությունների շահերից կամ քմահաճույքներից:

– Ես Ֆրանսիայում եմ ապրում, Ֆրանսիան էլ կախված է ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից… այո, կապ ունենք, բայց չենք կարող միշտ… պետք է այս մտածելակերպից դուրս գանք, մենք մեր ճանապարհն ընտրենք, մեր ճանապարհով գնանք՝ կապերը պահելով:

– Հիմա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման ակտիվ գործընթաց կա. Հայաստանի բոլոր իշխանություններն, իհարկե, կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բանակցությունները միշտ են եղել, բայց թուրքական կողմը միշտ իր նախապայմաններն է առաջարկել: Հիմա, կարծես, կանգնել ենք մի իրականության առջեւ, երբ ՀՀ իշխանությունը թուրքական նախապայմանները ցանկանում է ընդունել: Այս մասով ի՞նչ մոտեցում ունեք:

– Այդ հարցում ես զգուշավոր եմ, քանի որ ես սփյուռքահայ եմ:

– Վարչապետը հայտարարեց, որ Ցեղասպանության հարցը բացառապես Սփյուռքի գործն է, Հայաստանը հետամուտ չի այդ խնդրին: Համաձա՞յն եք:

– Իմ կարծիքով, մենք պետք է դեպի ապագան նայենք: Ցեղասպանությունը պատմություն է, չպետք է մոռանանք, չպետք է հայությանը բաժանենք այդ հարցով, բայց դա իմ կարծիքով, քաղաքական հարց չէ. այսօրվա հարցերը պետք է այսօրվա պատճառներով եւ ապագան աչքի առաջ ունենալով լուծվեն: Այս հարցում որեւէ բան պնդելու համար, մարդիկ՝ սփյուռքահայերը, պետք է գան, այստեղ ապրեն, հետո պարտադրեն իրենց մոտեցումները: Բայց Հայաստանի համար մեծ վտանգ կա՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու հարցում, էքսպանսիայի վտանգը. 80 միլիոնանոց երկիր է: 20-30 տարի առաջ Թուրքիան սահմանը բացած լիներ, հիմա Հայաստանում թուրքերը մեծամասնություն կլինեին: Հիմա՝ էլ ավելի մեծ է վտանգը, որովհետեւ 30 տարի ոչինչ չենք արել՝ պետությունն ամրապնդելու, զարգացնելու համար, դեպի ապագա չենք նայել: Այս առումով, Իսրայելի օրինակը մեզ համար պետք է ուղենիշ լինի. 4 հազար տարի առանց պետություն ունենալու, բայց դեպի ապագան նայելով:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031