ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 27-ի որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ նշանակված Նարե Ղազարյանը մասնագիտությամբ միջազգայնագետ է, սովորել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում։ 32-ամյա անկուսակցական Նարե Ղազարյանը ամուսնացած չէ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության Սյունիքի մասնաճյուղից, նախ՝ որպես մարզային կառույցի ղեկավարի օգնական, այնուհետեւ ծրագրերի բաժնի համակարգող։ 2016թ.-ին ընտրվել է Շիկահող գյուղի համայնքի ղեկավար, իսկ համայնքների խոշորացումից հետո նշանակվել է Շիկահող բնակավայրի վարչական ղեկավար։ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Էկո Համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահն է։
Նարե Ղազարյանի մարզպետի տեղակալ նշանակվելու որոշումից հետո սոցցանցերում գրոհ է սկսվել։ Նրան «մեղադրում» են ընդդիմադիր լինելու մեջ։ Հետաքրքիր է, որ իրենց քաղաքական թիմի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի որոշման հետ համաձայն չեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սյունիքի կառույցի որոշ անդամներ։
Aravot.am-ը Նարե Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընդդիմադիր է, եւ ո՞ր քաղաքական ուժին է հարում։ «Ես չեմ եղել ո’չ ընդդիմադիր, ո’չ իշխանական։ 2016 թվականին ընտրվել եմ Շիկահողի համայնքի ղեկավար, ապա նշանակվել վարչական ղեկավար։ Մոտ 5 տարի աշխատել եմ ու այդ տարիներին եղել եմ շիկահողցիների կողքին, իմ գործառույթների սահմանում պաշտպանել նրանց իրավունքները»,-նշում է Նարե Ղազարյանը։ Ասում է՝ դժվար աշխատանք է սպասվում, բայց հուսահատվողներից չէ։ «Շնորհակալ եմ վարչապետին՝ վստահության համար։ Կարծում եմ հուսախաբ չեմ անի ինձ վստահողներին ու հավատացողներին, ու ինչպես միշտ՝ կշարունակեմ աշխատել հանուն Սյունիքի զարգացման»,-մեզ հետ զրույցը եզրափակեց Նարե Ղազարյանը։
Ի դեպ, Նարե Ղազարյանը 44-օրյա պատերազմի օրերին հիմնադրել էր «Շիկահող» ջոկատն ու պաշտպանում էր հայրենի գյուղի ու հարակից բնակավայրերի սահմանները։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները՝ Նարե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից