Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 9-ին Ալիեւն ուղիղ եթերում ասաց, որ Հադրութն իրենց տիրապետության տակ է, ինչի՞ ես հոկտեմբերի 11-ին տանում մեր երեխաներին». զոհվածի հայր

Մայիս 27,2022 22:37

«Վարչապետ կոչեցյալին ես կոնկրետ անուններ եմ տվել, թե ովքեր են մեղավորները: Գնում են՝ սերժանտ են բռնում, վաշտի հրամանատար են բռնում, եսիմ ում են բռնում: 3-4 հոգու անուն եմ տվել. դժվար չի, որ բերեն իրար կողք կանգնեցնեն, ասեն՝ ո՞վ է մեղավորը : Չի անում ինքը դա, գալիս եմ այն եզրահանգման, որ գլխավոր օղակն ինքն է (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.)»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի հայրը՝ Տոնական Շահբարյանը (լուսանկարում՝ ձախից):

Տիգրանը նույնպես «Մարտունի 3»-ում է ծառայել: Տիգրանը մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Հայրը պատմում է, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը, համարյա ամեն օր կապի մեջ է եղել որդու հետ. «Նորմալ, ամեն ինչն իր հունով գնում էր: Հոկտեմբերի 11-ին կապը կտրվում է՝ մինչեւ դեկտեմբերի 2-ը: Այդ ժամանակաընթացքում, հրամկազմի հետ, ես համարյա ամեն օր կապի մեջ եմ եղել. կոնկրետ ինձ խաբել են, որ երեխաներն ապահով տեղ են, անտառներում են, փախած են, կլինի զինադադար՝ երեխաներին առոք-փառոք կհանենք: Մինչեւ վերջին օրն այնքան էին լկտի, նույնիսկ խաբեցին: 72 երեխայի թաղեցինք, հրամանատարությունից գոնե ոչ մեկը չզանգեց՝ ասի՝ ինչ լավ է եղել, որ ձեր երեխան զոհվել է»:

«Մարդկանց կալանավորում են, այդ մարդիկ անուն են տալիս, իրենց բաց են թողնում. հասկանալի չի՞ ում անունն են տալիս մարդիկ: Ջալալ Հարությունյանին ինչի՞ համար ես բերել այստեղ: Ջալալի հրամանով էդ տարածքում տարել ես երեխաներին կոտորել՝ բառիս բուն իմաստով: Հոկտեմբերի 9-ին Ալիեւն ուղիղ եթերում ասեց, որ Հադրութն իրենց տիրապետության տակ է, ինչի՞ ես հոկտեմբերի 11-ին տանում մեր երեխաներին՝ սպանդի ենթարկում: Այն էլ այն դեպքում, երբ ամսի 10-ին Հադրութից ձեր գումարտակը մազապուրծ փախնում է»,- մանրամասներ ներկայացրեց զոհվածի ծնողը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բոլորը ներկայացրել է, վերջինս խոստացել է, որ մանրամասն կհետազոտվեն բոլոր հանգամանքները, սակայն ոչինչ էլ չի արվել:

Զոհվածի ծնողը նաեւ դիմեց ազգին. «Կործանվում ենք, ժողովուրդ ջան, էսպես շարունակվեց, շատ շուտով Արցախում մանաթն է շրջանառության մեջ դրվելու, այստեղ էլ՝ SOCAR-ի լցակայաններն են սնկի նման աճելու: Ես քաղաքականության մեջ երբեք չեմ եղել, չեմ էլ լինելու, բայց հիմա խնդրում եմ՝ ոտքի կանգնեք, այս խամաճիկներին հեռացնենք, անցնենք մյուս քայլերին: Այո, եթե պետք լինի, մենք հենց պատերազմելով հողերը պիտի ետ վերցնենք, մենք կիսատ բան ունենք, իմ երեխայի կիսատ թողածն իմ վրա է: Մենք չենք աղաչելու, որ մեզ խաղաղություն տան, մենք պարտադրելու ենք, ոնց որ պարտադրել ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031