«Ես կորցրեցի երկու տղաներիս ու ամեն ինչ. պիտի պայքարենք մինչեւ վերջ, որ այս գործը բացահայտվի: Հանգիստ չենք կարող մնալ՝ մինչեւ դավաճաններին չբացահայտենք»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր հայտարարեց 44-օրյա պատերազմում երկու որդիներին՝ Վահանին եւ Դավիթին կորցրած Արթուր Թեւոսյանը (լուսանկարում՝ ձախից):
Եղբայրները նույն զորամասում են ծառայել՝ «Մարտունի-3»- ում, 7-րդ հրաձգային գումարտակում: Մինչեւ հոկտեմբերի 10-ը երկու տղաներն էլ դիրքերում են եղել: Հոկտեմբերի 11-ին, Ջալալ Հարությունյանի հրամանով, այդ հատվածի դիրքապահները տեղափոխվել են Հադրութի ուղղությամբ: Տեղափոխվելուց մի քանի ժամ հետո, 76 հոգին էլ ընկել են շրջափակման մեջ, 4-ը եղել են սպայական կազմից, բոլորն էլ զոհվել են: Այս գործով քրեական գործեր են հարուցվել գնդի հրամանատարի եւ Հադրութի զորամիավորման հրամանատարի նկատմամբ. «Ես պահանջում եմ, որ գործ հարուցվի նաեւ գումարտակի հրամանատար Մխիթար Ավանեսյանի, շտաբի պետ Արսեն Բարսեղյանի նկատմամբ: ՀՀ բոլոր հնարավոր ատյաններին դիմել ենք ու ապարդյուն»,- ասաց Արթուր Թեւոսյանը:
ՀՀ քննչական ծառայությունում ասել են՝ նախաքննությունն ավարտված է: Եթե ավարտված է՝ ինչո՞ւ գործը դատարան չի գնում՝ հարցի պատասխանը երկու որդիներին միաժամանակ կորցրած ծնողը ստանալ չի կարողանում. «Անընդհատ տարբեր ժամկետներ են ասում, բայց գործն առաջ չի գնում»: Եզրակացնում է՝ կամ գործը բացահայտելու ցանկություն չկա, կամ էլ՝ իշխանությունն էլ է մեղավոր ու այդ պատճառով ընթացք չի տալիս:
Մեկ այլ որդեկորույս հայր՝ Աշոտ Զաքարյանը (լուսանկարում՝ մեջտեղում), որդու՝ Դավիթ Զաքարյանի զոհվելու հանգամանքների մասին հստակ բան չգիտի: Նա Մատաղիսի զորամասում էր ծառայում: Զոհվել է հենց սեպտեմբերի 27-ին: Շատ է հետաքրքրվել՝ իրարամերժ բաներ են պատմում: Բայց նույն բանը տարբեր տեղերից լսել է. «Սեպտեմբերի 26-27-ի գիշերը, Մատաղիսի զորամասում սպայական «փարթի» է եղել. մինչեւ լույս խմել են, հարբել են: Լա՛վ լսիր, Սեւակ Աբրահամյան, Մոսկվա փախչելով չես պրծնի: Զորացրվել՝ գնացել ես, չես պրծնի, գտնելու եմ քեզ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ