«Ծնողներն անգամ անուններ են տալիս, բայց երկու տարի է՝ ոչ դատում են, ոչ էլ: Մեկի անունը տվեցին՝ գեներալ դարձրեց. ես այդպես եմ հասկանում, որ, ուրեմն, ինքն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) է մեղավոր: Մժեղ էին, հա՞, տարան երեխեքին կորցրին, անցավ՝ գնա՞ց: Դե հարազատ, գնա՝ ապրի՝ ամեն առավոտ մռմռալով, լացելով, հիշելով: Մեկ է՝ Աստծո կողմից պատիժ կտեսնի, չեն վայելի, վերջում շան օրի կմնան»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի պապիկ Մկրտիչ Տոնականյանը (լուսանկարում՝ աջից):
Մկրտիչ Տոնականյանի թոռը ծառայել է «Մարտունի 3» զորամասում: Երբ պատերազմը սկսվեց, նա 7 ամսվա ծառայող էր. «Պատերազմը սկսվեց, երեխեքը դիրք են գրավել, որտեղ էլ եղել են՝ դիրք են գրավել: Դիտավորությամբ, որպեսզի էդտեղ թուլացնեն, ամբողջ վաշտը տեղափոխել են Հադրութ, ու էնտեղ էլ դիտավորյալ, ծրագրված կործանել են մեր երեխեքին: Ես այդպես եմ հասկացել: Խոսակցություններ կան, որ երեխեքի համար փող էլ են վերցրել, որ տանեն… դա թուրքի արած բան է, երեխեքին տարել են ծուղակ. ոչ դիմավորող է եղել, ոչ բան, հակառակը, ասել են՝ ձեզ կտանենք ապահով տեղ… Էս իշխանությունը հենց էդ երեխեքով եկավ, էդ երեխեքը բերեցին էս իշխանությանը, ինքը ջարդեց էդ երեխեքին: Ժողովուրդն ասում է՝ օձը տաքացնողին է խայթում: Ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն. Գ.) ասեց՝ կարող էինք էս նույն վիճակը բերել, առանց զոհերի, բայց ինչի՞ համար էս վիճակը բերեց, 5 հազար տան ճրագ մարեց… մինչեւ պատերազմն ասում էր՝ ժողովրդին կհարցնեմ, հետո մեծ քայլերի կգնամ, բայց ինքը «տակտիչնի» պատերազմը սկսեց, դիտավորյալ մեր երեխեքին ջարդեց: Մեղավորները պետք է պատասխան տան»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ