Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Զանգելան կատարած այցի շրջանակում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանազատում կատարելուց հետո ինքնըստինքյան Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս կմղվի:
«Մեր օրակարգն ընդունվել է որպես հիմք բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից: Ես ասել եմ, որ մե՛նք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները: Հայաստանը դրանից հրաժարվում էր մեկուկես տարի: Եվ ո՞րն է արդյունքը: Մայիսի 24-ին տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը, որը կարեւոր նշանակություն ունի»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կարեւոր է սահմանների որոշման տեսանկյունից, «քանի որ հայերը օկուպացրել են նաև սահմանը», բայց մյուս կողմից այն ավտոմատ կերպով պաշտոնապես վերջակետ կդնի «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին», որն առաջ են քաշում «Հայաստանում ռեւանշիստական և ֆաշիստական ուժերը»: «Եթե մենք որոշենք սահմանները, ապա էլ ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիեւը՝ հերթական անգամ հայտարարելով, որ «կա Ղարաբաղյան գոտի, որը Ադրբեջանի տարածք է, եւ ամբողջ աշխարհը դա ճանաչում է»:
Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է:
Կարդացեք նաև
«Մենք այդ հարցը լուծել ենք, և ամբողջ աշխարհը ճանաչում է դա, անկախ նրանից՝ ուզո՞ւմ է Հայաստանը դա, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի: «Լեռնային Ղարաբաղ» բառ գոյություն չունի միջազգային կազմակերպությունների բառապաշարում, և վերջին հանդիպումը Բրյուսելում հերթական անգամ դա ցույց տվեց: Իհարկե, Հայաստանը հերթական անգամ բարձրացրեց այդ հարցը, և ինչպես ասում են, գլխով պատին է խփում, բայց այդպիսին է իրականությունը, եւ նա պետք է հաշտվի դրա հետ»,- ասել է Ալիեւը:
Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն անցյալ է: «Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը: Ես իմ կարծիքը հայտնել եմ Մինսկի խմբի վերաբերյալ, կրկնելու կարիք չկա: Եկել է հետպատերազմական ժամանակաշրջանը, որում մե՛նք ենք թելադրում օրակարգը և հասել ենք նրան, ինչ ուզում էինք պատերազմից հետո մեկուկես տարվա ընթացքում: Այն, ինչի մասին ես խոսում էի, արդեն հասել ենք դրան, կամ հասնում ենք»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ