Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան․ «Ես անձամբ գտնում եմ, որ զոհվածի ծնողը կարող է բորբոքվի, վիրավորի, նույնիսկ հայհոյի»

Մայիս 27,2022 18:05

«Ես տասը տարի եղել եմ ՀՀ զինվորական դատախազը, բոլոր զոհվածների, սպանվածների ծնողներին ընդունել եմ եւ որեւէ խնդիր չեմ ունեցել։ Հիմա էլ այդպիսի խնդիր չկա։ Ուղղակի խնդիրն այն է, որ որոշ քաղաքական ուժեր ձեր ցավն ու վիշտն օգտագործում են իրենց կարիքների համար։ Իսկ ես չեմ ուզում, որ ձեր վիշտն ու ցավը գործիք դառնա ուրիշի ձեռքում»,-երեկ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների եւ մերձավոր հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։

Երեկ պատերազմում զոհվածների ծնողներն ու «Դիմադրություն» շարժման անդամները բողոքի ցույց էին անում ԲԴԽ շենքի մոտ։ Նրանք ԲԴԽ-ից պահանջում են վերանայել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի որոշումը, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելեց ներկա գտնվել դատական նիստին։

Ջհանգիրյանի խոսքերը վրդովվեցրեցին ծնողներին։

Կարին Տոնոյանը՝ ձախից

Պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը դիմելով ԲԴԽ նախագահին, ասաց՝ խնդրում ենք երբեւէ չօգտագործել այդ արտահայտությունը՝ մեզ փորձում են օգտագործել․ «Մենք օգտագործվելու մարդիկ չենք, մեզ երբեք ոչ ոք չի կարող օգտագործել։ Մենք կարող ենք օգտագործել բոլոր քաղաքական ուժերին, որովհետեւ, ի վերջո, գոյություն ունեցող այդ քաղաքական ուժերը մեր զավակների շնորհիվ գոյություն ունեն, եւ որեւէ մեկի մտքով չանցնի, թե մեզ կարող են օգտագործել։ Մեզ համար քաղաքական ուժերի միջեւ չկա որեւէ տարբերություն: Իրականում բոլորը նախկիններ են, մենք ապագան տեսնում ենք առանց բոլոր այս քաղաքական ուժերի»։

Ջհանգիրյանն էլ արձագանքեց՝ մենք որեւէ քաղաքական կուսակցության անդամ չենք, որեւէ մեկը կուսակցության․․․Կարին Տոնոյանը միջամտեց՝ քաղաքականության մասին մի խոսեք։

Ապա Ջհանգիրյանը շարունակեց՝ տիկին ջան, դուք ձեր հարցերը բարձրաձայնեք․ «Մենք երկխոսում ենք, չէ՞»։

Տոնոյանը ներկայացրեց դատական գործընթացն ու հայցը, եւ ասաց, որ պահանջում են, որպեսզի ծնողները ներգրավվեն որպես 3-րդ անձ կամ մասնակից կողմ։

Ջհանգիրյանն ընդհատեց Տոնոյանին եւ ասաց․ «Ցավոք սրտի, Արծվիկ Մինասյանը, որ այդ 3-րդ անձի գաղափարն այսպես բարձրաձայնում է․․․քրեական գործերով, քրեական վարույթում 3-րդ անձ չի կարող լինել։ 3-րդ անձը կարող է լինել քաղաքացիական, վարչական գործերով, սնանկացման գործերով։ Ես ցավում եմ, որ ձեր իրավաբանները, որոնք ձեզ ուղեկցում են, ելույթ են ունենում, այդ պրիմիտիվ բանը չգիտեն»։

Տոնոյանը հստակեցրեց՝ խոսքն այն մասին է, որ 1,5 տարի է՝ դատախազը, որը վարել է այդ գործը, խախտումով ծնողներին եւ մերձավոր ազգականներին չի ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ․ «Եվ միայն վերջին շրջանի պայքարից հետո 27 հոգու ճանաչել են որպես տուժող կողմ»։

Նա փաստաթղթերը փոխանցեց Ջհանգիրյանին, որից հետո ԲԴԽ նախագահի համար պարզ դարձավ, թե որ գործն է, ասաց՝ հա, Մովսես Հակոբյանի․․․։ Կարին Տոնոյանը հստակեցրեց՝ մեզ համար զավեշտալի է, որ այդ գործերը կցվել են Մովսես Հակոբյանի գործին․ «Մենք ուզում ենք, որ գործը նախ հարուցվի 299 հոդվածով, որովհետև մենք բոլորս համոզված ենք, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն եւ պետական դավաճանության հոդված պետք է առաջ քաշել, ոչ թե պետական դիրքի չարաշահման հոդվածով»։

Տոնոյանը հավելեց՝ այդպես էլ չիմացանք, թե այս գործով Կարեն Բիշարյանն ինչ սկզբունքով է նշանակվել դատավոր, ձեռքով է մակագրվել։ Ջհանգիրյանը պարզաբանեց՝ օրենքով է մակագրվել, եւ եթե Բիշարյանին չմակագրվեր, ապա մյուս վեց դատավորներին էր մակագրվելու՝ ըստ ծանրաբեռնվածության։ Ապա խորհուրդ տվեց բողոքարկել այդ որոշումը ու մանրամասնեց՝ ինչպես։ Տոնոյանն ասաց՝ բողոքարկել են, եւ պահանջեց մակագրման մեխանիզմը ներկայացնել՝ թե ինչպես են առաջնորդվել ըստ այբբենական ցանկի։

«Մենք պետք է սպասենք, որ այս գործով քննությունն ինչ եզրահանգումների է գալու, ում՝ ինչ մեղադրանք է առաջադրվում, եւ պետք է սպասենք՝ այն հարուցված գործով նախաքննությունը ինչ տվյալներ է ձեռք բերում, որպեսզի հսկող դատախազը կարողանա որեւէ մեկին մեղադրանք առաջադրի, դատի տա կամ չտա, խափանման միջոցի միջնորդություն ներկայացնի, թե՝ ոչ։ Ուղղակի դուք հախուռն ուզում եք, որ դա մի օրում լինի․․․», -ասաց ԲԴԽ նախագահը ու երկար քննարկվեց դատավարական ընթացքը։

Ծնողներից մեկը միջամտեց ու հստակեցրեց․ «Հասկանալի է, դատավորները ձեր կոլեգաներն են, պաշտպանում եք։ Մենք կոնկրետ երկու պահանջ ունենք՝ իրավահաջորդի ու վարչապետի հայտարարության հիման վրա բողոք ենք ներկայացրել ու իրան համարում ենք ազգի դավաճան»։

«Շատ լավ, լավ եք անում։ Ձեր տեսակետը դա է »,-արձագանքեց Ջհանգիրյանը։ Նա ներկայացրեց թվեր, թե քանի դատավորի է նկատողություն տվել, ինչով փորձեց հերքել ծնողի պնդումը։

Ապա Կարին Տոնոյանը ներկայացրեց դատական նիստում տեղի ունեցած միջադեպը, դատավորի վարքագիծը։

«Ես անձամբ գտնում եմ, որ զոհվածի ծնողը կարող է բորբոքվի, մի բան էլ վիրավորի, կոպիտ խոսի, նույնիսկ հայհոյի, որովհետեւ նա կորցրել է իր համար ամենաթանկը՝ երեխուն։ Բարոյական հարթության մեջ դուք ճիշտ եք»,-ասաց Ջհանգիրյանը։

Նա նաեւ վստահեցրեց, որ դիտել է այդ դատական նիստի տեսագրությունը․ «Նայել եմ այն մասը, որ առաջին շարքում նստած զոհվածի հարազատը կամ ծնողը ինչպես էր իրեն պահում դատավորի հետ հարաբերության ժամանակ, երբ դատարանը սանկցիա կիրառեց, ասաց՝ դուրս եկեք դահլիճից, նա ինչպես դուրս չէր գալիս։ Ոստիկաններին մերժեց, հրեց։ Ստիպված դատավորը թողեց գնաց», -ասաց Ջհանգիրյանը։

Նա՝ ծնողների խնդրանքին՝ դատավորին փոխել, ասաց, որ նման լիազորություն չունի։ Կրկին պարզաբանեց՝ Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Մարտիրոսյանն են կողմ այդ գործով, նրանք պետք է միջնորդեն դատարանին դատավորի փոխելու համար։ Ջհանգիրյանը մանրամասն ներկայացրեց ընթացակարգը ու պնդեց՝ այս գործով ծնողները դատավարական կարգավիճակ չունեն, այն, ինչ ուզում են, պետք է փոխանցեն իրենց ներկայացուցիչներին։

Ընթացքում ծնողներից մի քանիսի նյարդերը տեղի տվեցին, դուրս եկան դահլիճից։

Ջհանգիրյանն ասաց՝ միջնորդությունը ներկայացնելուց հետո կնայեն իրավիճակին, ըստ այդմ՝ նորից կքննարկեն ծնողների հետ միասին։ Ծնողները համաձայնեցին, ինչին ի պատասխան Ջհանգիրյանն ասաց․ «Ես առավոտից այստեղ եմ մինչեւ իրիկունը։ Խնդրեմ, եկեք, բայց ոչ թե էդ զորքով, զենքով։ Ուզում եք՝ հարյուր հոգով եկեք։ Լրատվականներով մի՛ եկեք, միայն դուք եկեք»։

Կարին Տոնոյանն ասաց, որ երկուշաբթի օրը միջնորդություն կներկայացնեն․ «Մենք հայտարարում ենք՝ այդ նիստերը պետք է լինեն դռնբաց»։

«Տիկին ջան, էդ հրամանատարական տոնով․․․էդ նիստերը սենց պիտի լինեն, նենց պիտի լինեն․․․»,-Տոնոյանին դիմեց ԲԴԽ նախագահը։

Նա շարունակելով ասաց՝ հստակեցվեց՝ ծնողները դատավարական կողմ չեն, 3-րդ կողմ չեն կարող լինել․ «Ցավոք սրտի, Արծվիկ Մինասյանին դիպլոմ տվողներից մեկն էլ երեւի ես եմ եղել։ Իրա երեսին էլ կասեմ սա։ Իսկ էն Վարդեւանյանը ինչի՞ չէր թողնում, որ դուք առանձին գայիք ինձ հետ հանդիպեիք, հլը իրա երեսին էլ կասեմ»։

Եկան ընդհանուր հայտարարի՝ նախ ծնողների պահանջը դատարանում պետք է բարձրացնեն Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, եւ եթե որոշումը չբավարարի ծնողներին, ապա ԲԴԽ-ում կրկին կհանդիպեն Ջհանգիրյանի հետ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031