Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում եմ՝ ինչո՞ւ եք դեմ խոշորացմանը, ասում են՝ կողքի գյուղից հարս չենք բերում, աղջիկ չենք տալիս, բայց, ախր խոսքը կառավարման մոդելի մասին է. Աշոտ Գիլոյան

Մայիս 27,2022 17:54

Խոշորացված 13 համայնք կրկին կխոշորանան՝ դառնալով 5 համայնք: Եվ չնայած Օձունը, Ախթալան եւ այլ համայնքներ դեմ են կառավարության այս որոշմանը եւ բոյկոտել են վերջերս իրենց բնակավայրերում կազմակերպված հանրային լսումները, այնուամենայնիվ, նրանց կարծիքը հաշվի չի առնվել:

Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասաց, որ այս փուլով կմիավորվեն Լոռու մարզի երկու համայնքները, Տաշիրի՝ երեք համայնքները, իրար կմիանան Ալավերդին, Օձունը, Ախթալան ու Շնող համայնքները, Արագածավանն ու Թալինը նույնպես կխոշորացվեն: Սյունիքում էլ՝ Գորհայքը, որը նախկինում միավորվել էր 4 գյուղերի հետ, կմիանա Սիսիան համայնքին: Գեղարքունիքում կմիավորվեն Շողակաթն եւ Ճամբարակը:

 

Նախարարության պաշտոնյան էլ փաստեց, որ այդ համայնքներից ոչ բոլորն են ուրախությամբ ընդունել կրկին խոշորանալու փաստը: Նրա խոսքով, երբ հարցրել է՝ ինչո՞ւ են դեմ, բնակիչները հայտնել են, որ խոշորացումից գոհ են, համայնքում շատ խնդիրներ լուծվել են, սակայն եւս մեկ անգամ չեն ցանկանում խոշորանալ: Իսկ Գեղարքունիքի տարածաշրջանում էլ, ըստ պարոն Գիլոյանի, դեմ լինելը բացատրել են՝ կողքի գյուղի հետ «թշնամի» լինելու, հարս չտալու եւ այդ գյուղից աղջիկ չուզելու խնդիրներով:

«Բայց խոսքը կառավարման մոդելի մասին է, ոչ թե այդպիսի կենցաղային հարցերի: Ասում եմ՝ հա էլի հարս մի ուզեք, աղջիկ մի տվեք, բայց դա չի խանգարում, որ կառավարումն արդյունավետ իրականացվի»,-ասաց Աշոտ Գիլոյանը՝ նշելով, որ խոշորացումից բնակիչները միայն շահում են:

Հարցին՝ ինչո՞ւ են հիմա խոշորացնում եւ ոչ ավելի շուտ ինչպես մյուս համայնքները, Աշոտ Գիլոյանը պատասխանեց, որ այդ համայնքների ղեկավարների պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են 2022 թվականի աշնանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ նրա, ընտրությունների օր է նշանակել սեպտեմբերի 25-ը:

Նախարարության պաշտոնյան ասաց, որ համայնքների միավորման գործընթացին հետեւելու է լիազորությունների ապակենտրոնացումը, որը շատ ավելի բարդ գործընթաց է. «Ֆինանսական հաշվարկներով, իրավական մեծ փաթեթով բարեփոխում է լինելու, որը կլինի աստիճանաբար: Պետական իշխանության եւ տարածքային մարմինների կողմից ունեցած լիազորությունները, որոնք վերջին հաշվով վերածվում են ծառայությունների, փոխանցվելու են շրջանային ձեւաչափով միավորված համայնքներին: Ցանկացած ծառայություն, իշխանություն որքան մոտ է համայնքին ու բնակչին այնքան արդյունավետ է ու որակյալ»,-ասաց Աշոտ Գիլոյանը:

Նրա խոսքով, պատվիրակված ծառայությունները կլինեն առողջապահության, սոցիալական, հանրակրթության ոլորտներից, նաեւ կներառեն ճանապարհների ձմեռային եւ ամառային մաքրումը, շահագործումը:

«Որոշակի սեգմենտ կփոխանցվեն համայնքներին, որպեսզի համայնքն ինքը կարողանա իրականացնել այդ ծառայությունները: Պետությունը որոշակի ֆինանսներ կտրամադրի, բայց նպատակն այն է, որ համայնքների սեփական եկամուտներն աճեն եւ համայնքը կարողանա ինքնուրույն լուծել այդ հարցերը»:

Ի՞նչ է տալու համայնքներին խոշորացումը, ինչպե՞ս է համայնքում ապրող բնակչի կյանքը փոխվելու, արդյոք լուծվելո՞ւ են նրանց համայնքային խնդիրները հարցերին ի պատասխան Աշոտ Գիլոյանն ասաց, որ կապիտալ ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքներում, հենց այդ խնդիրները լուծելու համար են. «Ճանապարհներն են վերանորոգվում, ջրագծեր անցկացվում, աղբահանության, մանկապարտեզների եւ այլ հարցեր են լուծվում»:

Նրա խոսքով, համայնքների խոշորացման արդյունավետության ապացույցն այն է, որ այս տարի արդեն համայնքներ կան, որոնք 10-13 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են ներկայացնում՝ նախկին 3 միլիարդի փոխարեն:

Նախարարության պաշտոնյան նաեւ ասաց, որ չկա այն մտավախությունը, որ միավորումից կրկին շահելու է խոշոր համայնքը, իսկ փոքրին աչքաթող են անելու: Նրա խոսքով, ճիշտ հակառակն է, փոքր համայնքում ավելի շատ ծրագրեր են իրականացվելու, քանի, որ մինչ այդ փոքր համայնքում ավելի քիչ գործ է արվել՝ ֆինանսների բացակայության պատճառով:

«Ընտրված իշխանությունը խնդիրները լուծելու է ըստ առաջնահերթության: Ավագանին որոշելու է, հնգամյա ծրագիր են կազմելու եւ իրականացնելու են: Տրվելու են սուբվենցիաներ»:

Նա պատասխանեց նաեւ այն մտահոգություններին, որ միավորման արդյունքում համայնքներում աշխատատեղեր են փակվում: Ասաց, որ միավորման արդյունքում համայնքապետարաններում մոտ 1500 հաստիք կրճատվել են, բայց 2200 հաստիք ՀՈԱԿ-ներում ավելացել են: Նրա խոսքով, այսինքն՝ 700 հաստիք ավելացել են եւ դրանք ծառայություն մատուցող հաստիքներ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031