Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրյուսելյան եռակողմ հանդիպումը կարող է Արցախի եւ Հայաստանի հայաթափման հիմք դնել». Վազգեն Պետրոսյան

Մայիս 27,2022 17:50

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման վտանգավոր հետեւանքների, տարածաշրջանային հնարավոր զարգացումների եւ Հայաստանի ու հայության անեիքների մասի զրուցել ենք թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի հետ։

– Պարոն Պետրոսյան, Բրյուսելի հանդիպմանը հաջորդեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի եւ եվրակառույցների պատվիրակությունների այցերը Սյունիք։ ԱՄՆ պետքարտուղարի այցը Կենտրոնական Ասիայի երկրներ համարյա միաժամանակ էր։ Ի՞նչ կապ կարող է լինել այս հանդիպումների միջեւ։ Հայությունն այս այցերից արդյո՞ւնք, թե՞ հետեւանք պիտի ակնկալի։

– Աշխարհաքաղաքական քարտեզում Անդրկովկասի կարեւորությունը ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Վերջին 200 տարում մեր տարածաշրջանը եղել ու դեռեւս շատ երկար կմնա Արեւմուտք-Արեւելք հակասությունների կիզակետում։ Արեւմուտքը 1878-ի Բեռլինի կոնգրեսում սահմանափակեց Ռուսաստանի ակտիվությունը Բալկաններում եւ Անդրկովկասում։ Հիմա նույն Արեւմուտքը Բրյուսելում կայացած հանդիպման միջոցով է ցանկանում Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։ Եթե Բեռլինի Կոնգրեսը հիմք դրեց Արեւմտյան Հայաստանի հայաթափման՝ 3 փուլով (1894-1896թթ, 1915-1916թթ. եւ 1921թ.), ապա Բրյուսելյան հայտարարությունը հիմք է դնելու Արցախի եւ Հայաստանի հայաթափման։

– Արցախի եւ Հայաստանի հայաթափումը գերուժերի վերջնանպատակ չի կարող լինել։

–  Իհարկե։ Փաստ է, որ Արեւմուտքը՝ գլխավորապես Մեծ Բրիտանիան երբեք ձեռք չի քաշելու Անդրկովկասից, մանավանդ այսօր, երբ ձեւավորվում է նոր աշխարհակարգ, որում հիմանական հակասությունները եւ մրցակցությունները ընթանում են էներգակիրների վերահսկողությունը ստանձնելու, տնտեսության զարգացումը ապահովելու եւ շուկաների ձեռքբերման շուրջ։

–  Եվ մենք, հենց այս «ճշգրտումների» առանցքում լինելով, կրկին մնալու ենք հետեւանքների վերլուծությա՞ն դաշտում։

–  Ցավոք, հեռու չենք այդ հեռանկարից։ Չունեք քաղաքական էլիտա եւ դուրս ենք մնում կանխատեսումների ու կանխարգելումների դաշտից։ Մինչդեռ Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն Կենտրոնական Ասիայի իրադարձությունների հետ։ Եվ ներկա դրությամբ, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, բնական է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ձեռքները ծալած չէին նստելու։ Նրանք, Բրյուսելյան հայտարարությունը իրենց համար կարեւոր ձեռքբերում համարելով, ձգտում են վայրկյան առաջ հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանանշման։ Եվ արդեն վազում են Կենտրոնական Ասիա, որպեսզի այստեղ իրենց սեւ գործն ավարտելուց հետո այնտեղ իրենց հարցերը կարգավորեն։

– Այդ նպատակների իրականացման ի՞նչ նախադրյալներ ստեղծվեցին Բրյուսելյան հանդիպմանը։

– Բրյուսելյան հայտարարությունը եւ ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշած 6 «նախապայմաները» իրականության մեջ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Նիկոլը ոչ թե Արցախի կարգավիճակի առումով է նշաձող իջեցնում, այլ իր խոսքով ասած՝ ուղղակիորեն ասֆալտին է փռում արցախաբնակ հայերի անվտանգությունը։

– Հակազդեցության ժամանակ եւ ներուժ տեսնո՞ւմ եք հայկական իրականությունում։

– Այսպիսի կարեւորագույն աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքում ՀՀ իշխանությունների վարած անատամ, կամազուրկ, անհեռատես քաղաքականությունը, որը զուգորդվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի եւ Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առաջարկով, առնվազն հակահայկական մղում է։ Անդրկովկասում հակասությունների առանցքը էթնիկ եւ քաղաքակրթական խնդիրներն են, ուստի այս տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատվել միայն այդ էթնիկ միավորներից մեկին տարածաշրջանից մեկընդմիշտ հեռացնելու գնով։ Դա ժամանակին թուրքերին հասկացրեցին եվրոպական պետությունները։ Թուրքերն էլ ձեռաց անցան հայությանը ցեղասպանելուն։

–  Ուզում եք ասել՝ նոր ցեղասպանության շեմի՞ն ենք։

– Այո։ Արցախի հայաթափմամբ կիմաստազրկվի ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում, իսկ ռուսական խաղաղապահ զորքերի տեղը կգրավեն թուրքական ուժերը եւ կհետեւի Սյունիքի հայաթափումը։ Այսինքն` Ադրբեջանն ու Թուրքիան կմիավորվեն եւ Կասպից ծովի վրայով էլ կմիանան Կենտրոնական Ասիայի պետություններին։

– Այդուամենայնիվ Իրանը նույնպես տարածաշրջանային եւ մասամբ նաեւ ավելի խոշոր խաղացող է։ Դերակատարում ստանձնելու հավակնություն չի՞ դրսեւորի։

– Իրանի դիրքորոշումը, իհարկե, շատ կարեւոր է, բայց Իրանը շրջապատված է ոչ բարեկամ պետություններով։ Ներկայում ուղիղ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ ուղղված երկու երկրների փոխհարաբերությունների հավասարակշռմանը, սակայն որոշ երկրների՝ Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ Պարսից ծոցի մի քանի արաբական երկրների բացասական միջամտության հետեւանքով այդ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվում։ Մխրճված լինելով Սիրիայի, Լիբանանի, Եմենի, Աֆղանստանի խնդիրների մեջ՝ Իրանն ի վիճակի չէ գործնական քայլեր կատարելու մեր տարածաշրջանում։ Հայ ժողովրդի միակ ելքը զորանալն է՝ բանակ, դիվանագիտություն, ազգային անվտանգության ծառայություն, նոր ժամանակներին համահունչ կրթություն եւ գիտություն զարգացնել ստեղծելը։

–  Ինչպե՞ս։

–  Այսօրվա իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն Հայաստանը հզորացնելու։ Նրանց նպատակը մեկն է՝ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. անգամ Հայաստանի տարածքների եւ անվտանգության կորստյան հաշվին։ Պարզ է, որ վայրկյան առաջ պետք է ձերբազատվել այս իշխանություններից, ապա շտապ ձեռնամուխ լինել հայկական պետականության վերականգնման եւ հզորացման գործին՝ ունենալով կոնկրետ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրեր։ Այդ ծրագրերը պետք է միտված լինեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերականգնմանը, Հայաստան-Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հնդկաստան հարաբերություների ռազմավարական զարգացմանը։ Իսկ ներքին կյանքում տնտեսության, գիտության, կրթության վերակազմակերպման եւ հասարակական փոխհարաբերությունների առողջացման ծրագրերը պետք է դիտարկվեն որպես առաջնայնություն։

Զրուցեց Նանա Պետրոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031