Հայաստանի և Ադրբեջանի՝ Սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովների առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական մթնոլորտում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Իսկապես, մայիսի 24-ին մենք անցկացրինք առաջին հանդիպումը սահմանին: Այդ հանդիպմանը մենք քննարկեցինք բացառապես կազմակերպչական հարցեր՝ կապված հետագա աշխատանքի հետ, և այդ առումով հանդիպումը կարելի է համարել միանգամայն կառուցողական: Սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն առայժմ չկա, բայց կա հաստատում, որ այդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է Գրիգորյանը:
Նա նաև հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ:
«Այդ հանդիպման հստակ օրն այժմ համաձայնեցման փուլում է, հանդիպման օրակարգում ներառված են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9 (10)-ի հայտարարության 9 կետերին և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությանը: Այդ օրակարգը որևէ կապ չունի սահմանազատման հետ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ