Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«2018-ից հետո ժողովրդավարական գործընթացների սկսման հնարավորություն ունեցանք և ունենք, բայց իշխանությունը հետևողական չեղավ ժողովրդավարական փոփոխությունների առումով». Արթուր Սաքունց

Մայիս 27,2022 16:50

«Մենք 2018-ից հետո ժողովրդավարական գործընթացների սկսման հնարավորություն ունեցանք և ունենք, բայց իշխանությունը հետևողական չեղավ ժողովրդավարական փոփոխությունների առումով»,-«Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ Արմավիրի «Նուկ» քաղաքացիական սրճարան–թեյարանում կազմակերպված «Կա՞ քաղաքական մշակույթ Հայաստանում. ի՞նչ արժեքային հիմքեր ունի այն» թեմայով հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Արմավիրի երիտասարդները Արթուր Սաքունցի հետ հանդիպման ժամանակ նկատեցին՝ 2018-ի հեղափոխությունից հետո բոլորն ուրախ էին, որ գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, սակայն որոշ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ թույլ կառավարումը կապված է ժողովրդավարության ոչ ճիշտ իրացման հետ, վերջին շրջանում անգամ կարծիքներ հնչեցին, որ ժողովրդավարությունը մեզ պետք չէ: Հարցին՝ այն, ինչ կա մեր երկրում, արդյոք վատ ժողովրդավարությո՞ւն է, արդյոք այս իրավիճակը նշանակո՞ւմ է, որ մեզ ժողովրդավարություն պետք չէր, Արթուր Սաքունցը պատասխանեց. «2018-ին մեր երկրում բոլորը՝ գրեթե երկու միլիոն մարդ, խանդավառված էին, որ ի վերջո այդ իշխանությունից ազատվեցին: Բայց արդյոք մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում կարո՞ղ է լինել քաղաքական, ժողովրդավարական կառավարում, իհարկե, ոչ: Մեղադրել մի երևույթի, որը բացակայում է, կամ դեռ նոր-նոր ծնված է, անտեղի է»:

Արթուր Սաքունցի համոզմամբ՝ նախ պետք էր բարեփոխել դատական համակարգը, ինչը չարվեց, պետք է փոխել Սահմանադրությունը: Նա մանրամասնեց. «Այս Սահմանադրությունը միակուսակցական կառավարման սահմանադրություն է: Դրա մասին ասել ենք դեռ 2015-ին: Չփոխել Սահմանադրությունը ու հավակնություն ունենալ, որ պետական կառավարման համակարգում կլինեն ժողովրդավարական գործընթացներ, և քաղաքական մշակույթը կզարգանա, այդ մոտեցումն անհիմն է: Համակարգում մարդիկ են, որոնք սպասարկել են կոռումպացված համակարգի շահերը: Ո՞նց կարող ես վստահել այդ դատավորներին, որոնք քաղաքական հետապնդման որոշում են կայացրել, ոնց կարող ես վստահել այն ոստիկանությանը, որտեղ շարունակում են աշխատել քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառող ոստիկաններ: Աշխատում է այն աշխատողը, որն ապօրինաբար ներխուժել է քաղաքացու բնակարան, շորթել կամ ապօրինաբար բերման ենթարկել»:

Համեմատելով ժողովրդավարական և բռնապետական կառավարման համակարգերը՝ Արթուր Սաքունցն ասաց. «Բռնապետական կառավարման ժամանակ արդյունքներն արդեն կանխորոշված են: Կանխորոշումը բռունցքի տերն է որոշում: Ժողովրդավարական կառավարման ժամանակ պետք է հստակ լինեն խաղի կանոնները, իսկ արդյունքները հայտնի չեն: Ժողովրդավարության դժվարությունը դա է: Ըստ այդմ՝ բռնապետությունը մեկընդմիշտ տրվում է, իսկ ժողովրդավարությունը մեկընդմիշտ տրված չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031