Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ դպրոցների շրջանավարտների 1/3-ը անգրագետ են, դա այն տխուր իրականությունն է, որը մենք ունենք». Դանիել Իոաննիսյան

Մայիս 27,2022 16:21

Այսօր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Ընտրություններ 2021. տեղական դիտորդություն եւ քաղհասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի ամփոփումն էր: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց. «Մենք, ցավոք սրտի, ապրում ենք մի հասարակությունում, որտեղ դպրոցների շրջանավարտների 1/3-ը անգրագետ են: Դա այն տխուր իրականությունն է, որը մենք ունենք: Իհարկե, տառաճանաչ են, բայց ամենահասարակ բաները նույնիսկ կարող են կարդալ, չհասկանալ: Կամ իրենց նույնիսկ ամենահասարակ մտքերը կարող են չկարողանալ արտահայտել: Այս տխուր իրականությունում ունենալ հանրություն, որը շատ լավ հասկանում է ընտրական պրոցեսները, ընտրակարգը, ինչպիսին է իր մասնակցությունը այդ պրոցեսներին՝ բավականին դժվար է: Ես խոսում եմ հանրության լայն շերտերի մասին, որոնք մասնակցում են ընտրություններին, եթե մենք խոսում ենք երիտասարդների մասին, 1/3-ը անգրագետ է»:

Նա նշեց, որ երբ ընտրություններ են լինում, կարճաժամկետ լուծումներ են գտնում, ասենք, արտահերթ ընտրություններ են, մեկուկես ամսում հասարակության գրագիտության մակարդակը չես փոխի, բայց գոնե քայլեր կարող ես անել, որ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրանա. «2021-ի ընտրությունների ժամանակ մենք պատրաստեցինք շատ պարզ ուղերձներով տեսանյութեր՝ ամենաբազային հարցերի վերաբերյալ ու նույն ուղերձներով պոստերներ: Շատ կարեւոր է, որ մենք այս հարցում գտանք դաշնակիցներ»:

Իոաննիսյանն ասաց, որ փորձել են գոնե այն մարդկանց իրազեկվածությունը բարձրացնեն, որոնք առաջին անգամ են մասնակցում ընտրություններին. «Մենք ներկայացնում էինք, որ օրինակ, քո գործատուն չի կարող քեզ ճնշել ու պարտադրել, որ ինչ-որ մեկի օգտին քվեարկես: Ընտրակաշառք չի կարելի վերցնել կամ տալ, այսինքն, ամենատարրական, բազային տեղեկությունները: Տխուր իրականությունն այն է, որ դա բոլորին ակնհայտ չէ, գուցե այս դահլիճում է ակնհայտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031