Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնոջ համար ավելի կարեւոր է լսել, որ պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, քան լսել, որ անվտանգությունը կապահովվի». Թամարա Հովնաթանյան

Մայիս 27,2022 16:01

Այսօր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Ընտրություններ 2021. տեղական դիտորդություն եւ քաղհասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի ամփոփումն էր: «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ից Թամարա Հովնաթանյանն (լուսանկարում) ասաց, որ ընտրությունների ժամանակ իրենք մանրամասն հետազոտել են կանանց վարքը՝ որպես ընտրողներ ու կին թեկնածուների գործելաոճը, մասնակցությունը. «Համամասնական ընտրություններում գենդերային քվոտայի օգտագործումը բերել էր կանանց մասնակցության մեծացմանը: Բավականին մեծ թվով կանայք ընտրվեցին ԱԺ պատգամավոր ու միանգամից թռիչքաձեւ անցում կարողացանք կատարել: Երբ կանանց մասնակցությունը դիտարկում ենք այն համայնքներում, որոնք համամասնական ընտրությունների են անցել, մինչ ընտրությունները կանանց մասնակցությունը եղել է 8%, ընտրություններից հետո՝ 31%: ՏԻՄ-երի պատմության ընթացքում այդպիսի թռիչքաձեւ փոփոխություն չի եղել: Կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին ամենաշատը միշտ եղել է 11%: Հիմա ընդհանուր ՏԻՄ-ի արդյունքներով կանանց մասնակցությունը 21% է միջինում: Մեծամասնական համակարգով ընտրությունների դեպքում կանանց մասնակցությունը մոտ 5%-ով իջել է»:

Թամարա Հովնաթանյանն ասաց, որ հեղափոխությունից հետո սպասելի էր, որ կանանց մասնակցությունը պետք է բարձրանա ընտրություններին, որովհետեւ հեղափոխական գործընթացներին կանանց մասնակցությունը մեծ էր, բայց ընտրություններին այլ պատկեր տեսան. «Կանանց մասնակցությունը ցածր էր տղամարդկանցից 2018-ին: 2021-ին հակառակը՝ ավելի բարձր էր»:

Հովնաթանյանն արձանագրեց, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ ընտրողները ծրագրերով չեն կողմնորոշվում ու որոշում կայացնում. «Ընտրակարգը կարծես թե փոխվել է, բայց մոտեցումը մնացել է նույնը, միեւնույն է, ընտրում են անհատներին, ցուցակներում ծանոթ-բարեկամ են փնտրում ու ըստ այդմ ընտրում: Այստեղ կանայք չկողմնորոշվածների մեջ ավելի մեծ տոկոս են կազմում, քան տղամարդիկ: Ընտրությունների օրակարգը նույնպես փոխվել է: Եթե 2018-ին առաջին խնդիրը եղել է սոցիալ-տնտեսականը, ապա 2021-ին թիվ մեկ խնդիրը եղել է անվտանգությունը: Ե՛վ կանայք, ե՛ւ տղամարդիկ կարեւորել են անվտանգությունը, բայց տարբերությունը ձեւակերպումների մեջ է: Տղամարդիկ գերադասում են անվտանգության ապահովում ձեւակերպումը, կանայք՝ խաղաղության եւ պատերազմի բացակայության ձևակերպումը: Այստեղից կարելի է ձեւակերպում անել, որ քաղաքական ուժերի հռետորաբանությունը շատ կարեւոր է կանանց համար: Կնոջ համար ավելի կարեւոր է լսել, որ պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, քան լսել, որ անվտանգությունը կապահովվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031