ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Նորավան բնակավայր, ներկա գտնվել համայնքապետարանի հարևանությամբ Արցախյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի բացմանը, հարգանքի տուրք մատուցել անմահացած հերոսների հիշատակին:
Հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած քաջերի հավերժ ներկայությունն ամրագրող հուշարձանի կառուցումն իրականացվել է համայնք-պետություն համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով՝ 8.07 մլն դրամ ընդհանուր արժեքով:
Պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 25%` 2.02 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 75%` 6.05 մլն դրամ: Հուշարձանի նախագծումն իրականացրել է «Կարոշիննախագիծ» ՍՊԸ-ն, իսկ կառուցումը՝ «Միսակ Արմենակի Մարգարյան» ԱՁ-ն:
Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին և կարևորելով հայրենանվեր ձեռնարկի իրագործումը՝ մարզպետը խորը վշտով անդրադարձել է Արցախյան պատերազմների հասցրած ցավին՝ նշելով. «Հայոց պատմության էջերում հայ ժողովուրդը բազմիցս այսպիսի փորձություններ է կրել՝ պաշտպանելու համար իրեն բաժին հասած հողակտորի վրա ապրելու և արարելու իրավունքը: Ցավոք, այդ պաշտպանությունը եղել է նաև մարդկային կյանքերի գնով: Նորավան համայնքից Արթուրը, Ջանիկը և Կնյազն իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն այս համայնքի և մեր ապագայի: Եվ այս հուշարձանը մեզ միշտ պետք է հիշեցնի նրանց գոյության և սխրանքի մասին»:
Կարդացեք նաև
Ամփոփելով խոսքը՝ Էդվարդ Հովհաննիսյանն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել նորավանցի քաջերի հարազատներին՝ նրանց ամուր կամք ու մեծ ուժ ցանկացել՝ վստահեցնելով, որ նրանք մենակ չեն իրենց ցավի ու վշտի մեջ:
Արմավիրի մարզպետարան