Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր տղաների կողքին կանգնած հրամանատարները զոհվեցին, իսկ ովքեր փախան, աստիճանները բարձրացրին». զոհված զինծառայողի ծնող

Մայիս 27,2022 13:13

Զոհված զինծառայող Նորայր Սողոմոնյանի մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կարեւոր հայտարարություն ունի անելու: Նա պնդում է, որ բազմաթիվ փաստեր ու ապացույցներ ունի, որոնք միտումնավոր չեն ուզում հաշվի առնել:

«Որդիս Ջրականի ժամկետային ծառայող է եղել, զոհվել է պատերազմի առաջին օրը: Տղաները մնացել են շրջափակման մեջ: Ունենք փաստեր, ապացույցներ, որ տղաների դիրքից է եղել մարդուժի ճեղքը: Գիտենք, որ եղել է մի հզոր զինատեսակ, որը չի օգտագործվել, եւ դրա արդյունքում 3 մարտական դիրքի տղաներ մնացել են շրջափակման մեջ ու զոհվել են: Այդտեղ եղել է հրամանատարական ՀԴԿ-ն, ու փոխանակ հրամանատարները գնան մեր տղաներին օգնության, փախել են», – ասաց տիկին Սյուզաննան:

Նրա խոսքով. «Զենքը օգտագործող պատասխանատուն, որն Արթիկի տարածաշրջանից էր, ժամկետային զինծառայող էր, սկզբում իրեն հոգեկան շեղումներ ունեցող անձնավորության տեղ էր դնում, երբ մի փոքրիկ ավել կոշտ մոտեցանք, խոստովանեց, որ փախել են եւ չեն կրակել: Դիմում ենք ներկայացրել համապատասխան մարմիններին, իբր թե ուղարկել են քննչական: Մեկ ամիս առաջ ինձ հրավիրել են հարցաքննության եւ առաջին իսկ հարցաքննության ժամանակ հասկացել եմ, որ գործն ուզում են փակուղի տանել, չեն ուզում քրեական գործ հարուցել: Իմ այն հարցին ի պատասխան, որ ունեմ դեռ շատ ասելիքներ, քննիչն ինձ ասաց, որ ինքն է որոշում՝ գործը կգնա՞ դատարան, թե՝ ոչ: Այսինքն՝ անիմա՞ստ զոհվեցին մեր տղաները: Ես փաստեր եմ ներկայացնում, լուսանկար ու տեսանյութ ունենք դիրքից, որ զենքը բերված է եղել մարտական վիճակի, 5 արկերը կողքին դրված են եղել՝ յուրաքանչյուրը 70 կգ, եւ չեն կրակել, մենք նաեւ փորձել ենք մեր սեփական հետաքննությունն իրականացնել: Մեզ Արցախից ասել են, որ այդ զենքը թուրքերի ահն ու սարսափն է եղել, եւ եթե օգտագործվեր, ահաբեկչական խմբավորումները չէին թափանցի մեր տղաների դիրք, ու միգուցե իրենք կփրկվեին եւ մեկ այլ ճակատագիր կունենային… Բայց ինչո՞ւ այդ զենքը չկրակեց»:

Սյուզաննա Վարդանյանն ասում է, որ մի քանի հարցազրույցներ է տվել գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ու տարակուսանք է հայտնել՝ ինչո՞ւ այս երկրի ղեկավարները ականջալուր չեն լինում. «Ինչո՞ւ կառավարության որեւէ անդամ ինձ չհրավիրեց, չփորձեց հասկանալ ինչի մասին եմ բարձրաձայնում, գուցե ես զրպարտո՞ւմ եմ բանակին: Գրավոր նամակ եմ տվել ՔՊ-ական պատգամավոր Կոնջորյանին, նաեւ Անդրանիկ Քոչարյանին: Նամակներս անպատասխան են մնացել: Էլ ո՞ւմ դիմենք, ախր հարցը մեր 19-20 տարեկան տղաներին է վերաբերում: Ընդամենը մեկ ամիս հետո իմ որդու 22-ամյակն է, ես նշելու եմ առանց իրեն: Դրա պատասխանը ո՞վ է տալու: Ծնողներս փաստեր ենք հավաքել, ներկայացնում ենք, ինչո՞ւ մեզ ականջալուր չեն լինում: Մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ»:

Զոհված հերոսի մայրը փաստում է. «Որդուս հրամանատարը ողջ է, իրեն անձամբ եմ տեսել հոկտեմբերի 3-ին Հադրութի Տողի հոսպիտալում, ու այսօր Եղեգնաձորի զորամասում իր պաշտոնը մեկ աստիճանով բարձրացրել են, իսկ իրենք ինչո՞ւ մեր տղաների կողքին չէին: Այն հրամանատարները, որոնք կանգնեցին մեր երեխաների կողքին, զոհվեցին, ովքեր փախան, աստիճանները բարձրացրին: Ինքը փախել էր պատերազմի դաշտից, ես պատասխանատու հայտարարություն եմ անում, կարող եմ նույնը դատարանում ասել»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ հոկտեմբերի 1-6-ը Հադրութում է եղել՝ կամավորագրվել էր ու հոսպիտալում էր անցկացնում. «Ես այնպիսի բաներ եմ տեսել, իմ ձեռքերում զինվորներ են մահացել»: Տիկին Սյուզաննայից տեղեկացանք, որ այս պահին զբաղված են նաեւ որդու թանգարանի կառուցմամբ, որը կբացվի հուլիսի 1-ին՝ հերոս որդու ծննդյան օրը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հերոսի լուսանկարները տրամադրել է հերոսի մայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031