Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների համար արդեն հանդիպում կազմակերպելով՝ Բրյուսելը պետք է աշխատի երկու կողմերի հետ՝ հետագա բանակցությունների համար ձևաչափ և օրակարգ մշակելու համար, այդ թվում՝ տրամադրել տարածք, օժանդակել որոշակի հարցերի շուրջ կանոնավոր աշխատանքային խմբերին, և օգտագործել իր լավ ծառայությունները՝ փորձելով հարթեցնել տարաձայնությունները պետական և զինվորական պաշտոնյաների միջև բոլոր մակարդակներում: Բրյուսելը նաև պետք է շարունակի օգնել երկու երկրներին՝ լուծելու ընդհանուր սահմանի շուրջ տարաձայնությունները, մասնավորապես, այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Ադրբեջանի Քելբաջար շրջանը և Հայաստանի Գեղարքունիքի մարզը, որտեղ հատկապես մահաբեր բախումներ են տեղի ունեցել 2020թ.-ից ի վեր: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, որը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմնական միջազգային ձևաչափը և դեռ կարևոր, չնայած, որ, թերևս, ավելի սահմանափակ դերակատարում ունի։ Այս մասին ասվում է «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած առաջարկներում:
ICG-ն կարծում է, որ չնայած ուկրաինական պատերազմի ֆոնին Մոսկվայի և եվրոպական մայրաքաղաքների միջև լարվածության աճին՝ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծելու Ռուսաստանի ջանքերին՝ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են հուշել, թե նա փորձում է արգելափակել Ռուսաստանի ցանկացած միջնորդական ջանքեր:
Բրյուսելը պետք է նաև հստակեցնի, որ որպես տարածաշրջանի ամենամեծ դոնորը, պատրաստ է ֆինանսավորել խաղաղության դիվիդենտը ֆինանսական աջակցության տեսքով՝ ուղղված երկրների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելուն, այդ թվում՝ օգնելով բավարարել տեղահանվածների կարիքները, եթե կողմերը հասնեն խաղաղ կարգավորման: Միևնույն ժամանակ, այն պետք է ֆինանսավորում տրամադրի ականներն ու չպայթած զինամթերքը հակամարտության գոտիներից մաքրելու համար, որոնք այժմ չափազանց վտանգավոր են վերակառուցման կամ վերաբնակեցման համար:
ICG փորձագետները նաև խորհուրդ են տալիս ԵՄ-ին և անդամ երկրներին չանտեսեն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների և բնակիչների հետ աշխատանքը։ «Իսկապես, ԵՄ-ը պետք է համոզի թերահավատ Բաքվին, որ նման ներգրավվածությունը էական է ցանկացած ապագա խաղաղության գործարքին ներդաշնակությունն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը նյարդայնացած է, որ գործարքը կնշանակի Ադրբեջանի կողմից անկլավի լիակատար վերահսկողություն՝ ստիպելով իրենց փախչել: Այս մարդկանց հետպատերազմյան կարիքներին աջակցությունը վճռորոշ կլինի գործարքը պահպանելու համար, սակայն այն պետք է զգուշորեն կառավարվի, քանի որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ ցանկացած ներգրավվածություն համարում է տարածքի նկատմամբ իր հավակնությունը խաթարող»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ