Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու». հիմնանորոգվում է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունը

Մայիս 27,2022 12:51

1981թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր:

«Նախագծումը սկսվել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին», – նշում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Այս նախագիծը հետագայում արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի։ Տարիների ընթացքում, սակայն, տարածքը դարձավ քաղաքի լքված անկյուններից մեկը: Սրճարանը փակվեց, գետնանցումից օգտվում են քչերը, իսկ երեկոյան այստեղ գիշերում են անօթևանները:
«Եթե նույնիսկ 2 տարով կառույցն անուշադրության է մատնվում, բնականաբար, սկսում է քայքայվել, ջրի հոսքերի հետևանքով՝ վնասվել: Յուրաքանչյուր կառույց ամենօրյա ուշադրության կարիք ունի», – ընդգծում է Մկրտիչ Մինասյանը:

Քաղաքի ճարտարապետական կարևոր այս կառույցի պահպանման համար Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է:

«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսիչ է անցկացվեու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը», – նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

«Աստիճանները հանել, նորից վերատեղադրել ենք: Տակից բազալտի փոշի է լցվել, որպեսզի աստիճանները հավասարեցվեն: Տարածքը պետք է վերածվի հանգստյան գոտու: Երևի 4 ամիս անց կվերջացնենք աշխատանքները», – ասում է շինարարական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Համլետ Կարապետյանը:

Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ:

Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031